Ուրանի որոնման աշխատանքները Հայաստանում կիրականացվեն բոլոր նորմատիվ չափանիշներին համապատասխան եւ նորագույն մեթոդներով: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում` պատասխանելով պատգամավորի մտահոգություններին, որ ուրանի որոնումները կարող են հանգեցնել բնապահպանական լուրջ փոփոխությունների: Նախարարը հիշեցրել է, որ կնքված պայմանագրի համաձայն` կստեղծվի հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն, որտեղ Հայաստանի բաժնեմասը լինելու է ոչ պակաս, քան 50 տոկոս: Ուսումնասիրություններն իրականացվելու են Սյունիքի մարզում: Ուսումնասիրության աշխատանքների նախագիծը դրվելու է հասարակական քննարկումների, ենթարկվելու է բնապահպանական փորձաքննության: Դրանից հետո միայն, Ա.Հարությունյանի հավաստիացմամբ, կսկսվեն ուսումնասիրման աշխատանքները: