«Երբ ոտքս կծեց՝ ես զգացի, որ կռիսները սառն են»,- ասում է ծանր հիվանդությամբ տառապող 4-ամյա Սեւակը

04/05/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տատիկի թեւի տակ հարմար տեղավորված Սեւակն, անընդմեջ ջղաձգելով ատամնաշարը, աչքերը կկոցած, քթի տակ ինչ-որ բան է մտմտում: Հարցնում եմ` «Ի՞նչ ես մտածում»: Պատասխանում է` «Չեմ մտածում, արդեն որոշել եմ: Պիտի գնամ բանակ ծառայեմ, հետո գամ, դառնամ ոստիկան: Որոշված ա, որ ես ոստիկան եմ դառնալու»: Ընդհանրապես Սեւակը շատ նյարդային է ու չի հանդուրժում, երբ իրենց նեղլիկ, անհարմարավետ սենյակում բոլորը խոսում ու աղմկում են: Ասում է` «Դառնալու եմ ոստիկան, որ բոլորին ձերբակալեմ: Մարդիկ շատ են խոսում, ինձ ջղայնացնում են: Տատիկիս ձերբակալելու եմ, էս մեր հարեւաններին էլ եմ ձերբակալելու, տանեմ բանտ գցեմ: Իրանք անընդհատ խոսում ու ինձ ներվայնացնում են»: Սեւակն այնքան հուզված է խոսում, որ զայրույթն արտահայտվում է ատամների ճռճռոցով: «Քեզ էլ եմ ձերբակալելու, շատ հարցեր ես ինձ տալիս ու ինձ ներվայնացնում ես: Մեր տան մեջ կռիսներ կան, իմ ոտքը կծել են, ասելու եմ, որ քեզ էլ կծեն, իրանք շատ վախենալու ու սառն են: Իմ ոտքը որ կծեց` ես զգացի, որ կռիսները սառն են»,- ասում է Սեւակը ու մանրամասն նկարագրում առնետներին: Այս փոքրիկն իր ապրած չորս տարիների ընթացքում հասցրել է ամենաշատը սիրել կատուներին, որովհետեւ կատուները «կռիսներին» վախեցնում են, ու առնետներից իր պաշտպանությունը նա տեսնում է միայն կատուների մեջ: Ապրում են Նոր-Արեշի 3-րդ հանրակացարանի նկուղային հարկի խունացած ու սոսկալի պայմաններ ունեցող սենյակում: Սենյակի գարշահոտն ու «քրքրված» պատերն անդուր են, ու այնպիսի տպավորություն է, կարծես մարդիկ բանտախցում են ապրում: Այս սենյակ ոտք դնելուն պես ակամայից քեզ դատապարտված ես զգում, որովհետեւ ամեն ինչ ճնշող ու անտանելի է: Սեւակն ամեն ձմեռ թոքաբորբով հիվանդանում է: Տատիկը` Լարիսա Մաթեւոսյանն է խնամում երեխային, որովհետեւ այն հանրակացարանից, որտեղ ապրում են Սեւակն ու մայրը, վռնդում են իրենց: «Հայրենիքի» մոտի գործարանի հանրակացարանի մի սենյակում տնօրենը թույլ էր տվել ապրել, բայց հիմա վռնդում են, ծեծ ու ջարդ են սարքում, չնայած, որ սենյակն ազատ ա»,- ասում է տիկին Լարիսան, ում սենյակն այնքան փոքր է, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, որ մի քանի հոգի կարող են տեղավորվել այնտեղ: Օրեր առաջ Լարիսայի աղջկան ծեծի են ենթարկել շենքի բնակիչները, որպեսզի նա հեռանա այդ սենյակից, դրա համար էլ այժմ Սեւակը ժամանակավորապես մնում է տատիկի մոտ. վախենում է… Տիկին Լարիսան ազատամարտիկ է, Արաբկիրի վետերանների միության անդամ է: Ամուսինը վերջերս է մահացել: Մարմնի վրա ամբողջովին պայթուցիկ նյութերից մնացած սպիներ են: Շատ հիասթափված է` «Աստված մի արասցե, եթե նորից կռիվ լինի` չեմ գնա: Նույնիսկ զղջում եմ, որ կռվել եմ, որովհետեւ վնասից բացի՝ ոչ մի լավ բան չեմ տեսել: Էս սենյակն էլ մայրս գնել էր մեր համար, բայց, եթե իմանայի, որ ջրի վրա, նկուղային հարկ է` երբեք թույլ չէի տա, որ առներ: Իմ հրամանատար` պարոն Լեոնիդի մահից հետո նույնիսկ իմ մարտական ուղին չեն տալիս»,- պատմում է տիկին Լարիսան, ով մեկ տարի 7 ամիս կռվելուց հետո ծանր վիրավորվել է: Դրանից հետո նրան դիակների հետ տեղափոխել են դիահերձարան, ապա կյանքը փրկել են: «Չեմ ուզում վերադառնալ անցյալ, որովհետեւ միայն ցավ եմ զգում: Հիմա իմ մեծագույն խնդիրը թոռնիկս է: Ես ուղղակի խնդրում ու աղաչում եմ հնարավորություն ունեցող մարդկանց, որ ձեռք մեկնեն, օգնեն երեխայի բուժման հարցում»,- ասում է նա: Սեւակը ծանր հիվանդություն ունի` գոնոկոկո, որն անմիջականորեն կապված է նյարդային համակարգի հետ: Տիկին Լարիսան այդ հիվանդության համար աղջկա ամուսնուն է մեղադրում, ով վաղուց հեռացել է ընտանիքից: Նոպաների ժամանակ փոքրիկ տղայի մարմինը ցնցվում է, իսկ վերջին ժամանակներս սկսել է գլխի հատվածն ուժգին ցնցվել: Տիկին Լարիսային բժիշկները վստահեցրել են, որ Սեւակի հիվանդությունը բուժելի է, սակայն կապված է մեծ գումարների հետ: «Եթե գումար ունենանք` կբուժվի, բայց սա ծանր հիվանդություն է, երկարատեւ հետազոտություն ու բուժում է պահանջում: Վստահ կարող եմ ասել, որ միայն երեխայի ընդունելությունն արժե 40.000 դրամ»: Տիկին Լարիսան ասում է, որ 3-րդ մանկական հիվանդանոցում երեխային պառկեցնելու համար առնվազն 500 դոլար գումար կպահանջվի: Անկյունում կծկված Սեւակն ուշադրությամբ լսում է տատիկի խոսքերն ու հուզմունքից սկսում է դողացնել: Բղավում է` «Հերիք ա, սո՛ւս, էլ մի խոսա, ջղայնացնում ես, քեզ կձերբակալեմ»: Հետո խոսակցության թեման փոխելու համար ինձ ասում է` «Գիտե՞ս, ես վամպիրների մասին կինոներ եմ սիրում»: Տիկին Լարիսան ասում է, որ 4-ամյա Սեւակի հիվանդության նախանշաններն այնպիսին են, որ նա արյուն է սիրում, վամպիրների նկատմամբ հակում ունի: Հանրակացարանի խոնավ պայմաններն էլ իրենց հերթին նպաստում են, որ այս փոքրիկը ծանր հաշմանդամությամբ մեծանա: Բացի թոքաբորբից, Սեւակը հիվանդացել է նաեւ ռեւմատիզմով: Տիկին Լարիսան նախկինում հավաքարարություն էր անում, սակայն այժմ գործազուրկ է, որովհետեւ նախկին աշխատողն իր տեղն է զբաղեցրել: Ընտանեկան նպաստ նրանց չի տրամադրվում, քանի որ աշխատունակ են համարվում: Ասում է` ժամանակ առ ժամանակ առեւտուր էր անում, սակայն երկու անգամ թոքաբորբով հիվանդանալուց հետո այլեւս չի կարողանում երկար աշխատել, հյուծվել է: Կռված տարիներին բարձունքից թռչելու ժամանակ աղիները ոլորվել են, վիրահատված է եւ փորի շրջանում պարբերաբար ցավեր է ունենում: «Ախր շուն չենք, մարդ ենք: Եթե հանրակացարանում ենք ապրում` չի նշանակում, որ մարդ չենք: Խնդրանքս, աղաչանքս էն ա, որ մի օր գան, տեսնեն մեր պայմանները: Անցյալ տարի էս միակ պատուհանս փոխեցի, թաղապետարանից եկան, կանգնեցին գլխիս, թե՝ 2000 դոլար փող տուր, թողենք մի փոքր առաջ գնաս: Ախր բաղնիքը, զուգարանը, չորանոցը, ամբողջը ծախեցին, մեզ լրիվ շան պես են վերաբերվում: Լավ, ո՞նց ապրենք: Լրագրողները գալիս, մի բան գրում են` մեր վրա հաթաթա են տալիս, թե` մի հատ էլ արեցիք՝ վատ կլինի, վնաս կստանաք»,- ասում է տիկին Լարիսան` վստահեցնելով, որ իրենք ապրում են դժոխային պայմաններում:

Հրաժեշտ տալիս Սեւակին եմ փնտրում, բայց նա վաղուց հեռացել է հարեւան սենյակ: Սեւակի համար ծանր է լսել իր հիվանդության պատմությունը, որովհետեւ, եթե որեւէ մեկը չարձագանքի նրան օգնելու հարցում, այս փոքրիկը դպրոց չի գնա, չի գնա նաեւ բանակ ու նաեւ չի դառնա ոստիկան: Սեւակը ՀՀ շատ քաղաքացիների պես կշալակի հաշմանդամությունն ու երանի կտա այն օրվան, երբ կտրամադրեն մի 8000-10000 դրամ հաշմանդամության թոշակ` դեղորայք գնելու համար: