Երկու խոսքով փորձեմ նկարագրել անասնաբուժական դեղամիջոցների հայաստանյան շուկայի իրավիճակը, որը, պետք է խոստովանել, բազմաթիվ խնդիրներ է առաջացնում:
Գյուղատնտեսությունը, այդ թվում՝ նաեւ անասնաբուծությունը, ցանկացած երկրում համարվում է ռազմավարական, երկրի սննդային անվտանգությունն ապահովող կարեւորագույն ուղղություն: Այդ պատճառով բոլոր երկրներում սուբսիդավորում է հատկացվում միս, կաթ արտադրողներին, խոշոր պետական ծրագրեր են մշակվում վարկային տոկոսների սուբսիդավորման համար եւ այլն: Հայաստանում լուրջ խնդիրներ կան անասնաբուծության հետ կապված. եթե թռչնաբուծությունն ինչ-որ չափով կարելի է համարել եթե ոչ հաջողված, ապա գոնե կայացած, ապա խոզաբուծությունը եւ տավարաբուծությունը, կարելի է ասել, սոսկալի վիճակում են: Փորձենք թվարկել հիմնական պատճառները եւ դրանց լուծման հնարավոր միջոցները:
Կարծում եմ, ամենասոսկալի իրավիճակն այստեղ է, եւ ցավալին այն է, որ սա շատ տարրական լուծում ունեցող խնդիր է: Եվ հենց այս ասպարեզում է, որ կարեւորում եմ պետական մոտեցումը: Այսօր Հայաստան անասնաբուժական դեղամիջոցներ ներմուծելու համար ներմուծող ձեռնարկությունը պարտավոր է դրանք գրանցել դեղագործական գործակալությունում, ուր, ամեն մի անվանումը գրանցելու համար պահանջում են մոտ 900 հազար դրամ: Հասկանալի է, որ ցանկացած գործարար, ներդնելով այդ գումարը, պետք է ակնկալի նաեւ վերջինիս վերադարձը, ինչն, իրականում, անհնար է՝ հաշվի առնելով Հայաստանում առկա փոքր ծավալները: Եղել են արտասահմանյան դեղամիջոց արտադրողներին այս գործընթացին ներգրավելու փորձեր, այսինքն՝ առաջարկներ են եղել, որ գրանցման ծախսերը կատարեն արտադրողները: Բայց խոշորագույն այդ ձեռնարկությունները նույնպես պատրաստ են գրանցման ծախսերն անել` ակնկալելով դրանք ետ ստանալ ապագա իրացումների հաշվին: Տեղեկանալով Հայաստանում կենդանիների գլխաքանակի եւ ներկրվող մսամթերքի, կաթնամթերքի ծավալների հարաբերակցության մասին՝ բոլոր արտադրողները ներդրման այս ծրագիրը համարում են ոչ արդյունավետ: Հենց սա է, որ պետք է հասկանան համապատասխան գերատեսչությունները: Նման զարգացման տեմպեր ունեցող երկրում պահանջել մոտ $3000՝ անասնաբուժական դեղամիջոցը գրանցելու համար, կարող է սպանել այդ գործընթացը իսպառ. սպանել թե՛ նոր դեղամիջոցների ներմուծումը, թե՛ անասնաբուժությունն` ընդհանրապես, ինչը եւ տեղի է ունենում Հայաստանում: Անասնաբույժը չի կարող աշխատել առանց դեղերի, որպես հետեւանք Հայաստանում գրանցված են անասնադեղի 24-25 անվանում, այն էլ հիմնականում հին, արդեն ողջ աշխարհում վաղուց չօգտագործվող դեղամիջոցներ: Սա, իր հերթին, հանգեցնում է ավելի լուրջ խնդիրների: Կենդանիները ձեռք են բերում ռեզիստենտություն տվյալ դեղամիջոցի նկատմամբ, եւ որպես հետեւանք՝ դեղամիջոցի օգտագործումը դառնում է անարդյունավետ: Դա էլ, իր հերթին, հանգեցնում է կենդանիների մթերատվության նվազմանը եւ, բնականաբար, արտադրանքի թանկացմանը: Այս իրավիճակը նաեւ նպաստում է Հայաստան անօրինական դեղամիջոցների հոսքին: Մի քանի կոռումպացված պաշտոնյաներ գուցեեւ հետաքրքրված են նման իրավիճակով, քանի որ այս թաքնված եւ չգրանցված անասնադեղերի շրջանառությունն իրագործվում է իրենց հովանավորությամբ:
Չեմ կարծում, թե աշխարհում գոյություն ունի որեւէ երկիր, ուր գրանցված լինի անասնադեղամիջոցների 24-25 անվանում: Սա սարսափելի փաստ է, որն ապացուցում է, որ տնտեսապես ձեռնտու չէ գրանցել անասնադեղամիջոց $3000-ով: 10 տարվա ընթացքում չի հայտնվել դեղամիջոց արտադրող մի գործարար, ով նպատակահարմար է գտել գրանցման համար ծախսել այդքան գումար հայաստանյան անասնադեղերի շուկայում: Մի կողմից՝ նոր անասնադեղամիջոցներն օդ ու ջրի պես անհրաժեշտ են անասնաբուժությանը, առանց որոնց անհնար է ոլորտի զարգացումը, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ գրանցման համար սահմանված գումարն անասնադեղամիջոցի գրանցման համար չյուրացվող սակագին է:
Խիստ կասկածանքով եմ վերաբերվում «Դեղ» գործակալության այն փաստարկին, որ գրանցման համար անհրաժեշտ անալիզները շատ թանկ են, եւ սա վերջիններիս իրական ինքնարժեքն է: Իսկ ի՞նչ պետք է անեինք, եթե անալիզների իրական արժեքը լիներ ոչ թե 900.000 դրամ, այլ 1.900.000 դրամ: Ընդհանրապես հրաժարվեի՞նք անասնադեղամիջոցներից: Գրանցման ժամանակ անալիզների ծախսերն իրավունք չունեն հանգեցնելու այս կարգի կատաստրոֆիկ հետեւանքների՝ Հայաստանում անասնադեղամիջոցների վերացման: Իսկ համապատասխան մարմինների անտարբերությունն անասնաբուծության համար հիմնարար այս հարցին համարում եմ հանցավոր: 10 տարի շարունակ բիզնեսն ապացուցում է, որ գրանցման գումարը մարսելի չէ անասնադեղամիջոցների ասպարեզում, իսկ լիազոր մարմինը շարունակում է մնալ անտարբեր: Անտարբերություն, որը նման է գյուղատնտեսությունը քայքայելու սադրանքի: Եվ սա՝ այն դեպքում, երբ լուծումները շատ պարզ են եւ տարրական: Նախ`
ա) այս ոլորտը պետք է տեղափոխել Գյուղնախարարության ոլորտ,
բ) պետությունը պետք է սուբսիդավորի անասնադեղամիջոցը գրանցելու հետ կապված բոլոր ծախսերը,
գ) պետք է ընդունել մի շարք, այսպես կոչված, վստահված պետությունների ցանկ, ուր գրանցված անասնադեղամիջոցն ավտոմատ գրանցված է համարվում նաեւ Հայաստանում: Չեմ կարծում, թե Անգլիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Գերմանիայի պես երկրներում գրանցված դեղամիջոցն իմաստ ունի ստուգել նաեւ Հայաստանում: Դա ուղղակի ծիծաղելի է:
Տիգրան ԱԶԻԶԲԵԿՅԱՆ
Ֆերմեր