Անտառներ են հիմնում

04/05/2008

Հանրապետությունում այս տարի կհիմնվեն շուրջ 350 հա անտառներ, այդ թվում` 245 հա` ճապոնական ծրագրով, որից 215 հա` հանրապետության մարզերում, մնացածը` Երեւանի Նուբարաշենի տարածքում: «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ «Անտառների վերականգնման եւ զարգացման» հիմնադրամի միջոցներով անտառներ են հիմնվում Ծիծեռնակաբերդի տարածքում՝ 11,5 հա-ի վրա: Բացի դրանից, հանրապետությունում 4000 հա-ի վրա կիրականացվեն նաեւ բնական վերաճի օժանդակման աշխատանքներ: Այս տարի «Հայանտառը» վնասատուների դեմ պայքար կիրականացնի շուրջ 20.000 հա անտառային տարածքներում: Գլխավոր անտառապետի խոսքով` բացի անտառվերականգնման աշխատանքներից, անտառների պահպանության այլ խնդիրներ էլ կան, որոնց լուծման համար կպահանջվեն երկար տարիներ: «Հայանտառն» այսօր տնօրինում է 370.000 հա տարածք, որից 268.000 հա-ն անտառապատ է: