Մեղավորը գյուղացի՞ն է

04/05/2008

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը «panorama»-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ Հայաստանի տարածքում եղանակների կտրուկ փոփոխության պատճառով ցրտահարության նոր դեպքեր չեն գրանցվել: Նրա խոսքով, այս տարվա ցրտահարության դեպքերը ոչ թե գարնան, այլ ձմռան ցրտահարության հետեւանք են: Խոսելով մեկ շաբաթ առաջ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում կեռասի, ծիրանի, խաղողի, դեղձի այգիների ցրտահարության հասցրած վնասների մասին, նա նշել է, որ հիմնական պատճառը գյուղացիների ոչ ճիշտ վայրում այգիների մշակումն է: Իսկ գյուղացու կրած վնասի չափը Գ. Պետրոսյանին մինչ օրս հայտնի չէ: «Մեր մասնագետների խումբն աշխատում է այնտեղ: Կարող եմ ասել, որ մենք ցրտահարված այգիների միայն մի դեպք ենք գրանցել: Այստեղ ոչ ոք մեղավոր չէր, պարզապես գյուղացին այգու համար վատ տեղ էր ընտրել: Պետք է հասկանանք, որ ձորի բերանին այգի չեն հիմնում»,- ասել է Գ. Պետրոսյանը` ավելացնելով, թե նույնիսկ խորհրդային տարիներին այնտեղ այգի չեն տնկել, քանի որ հասկացել են, որ այդ տարածքում ցրտահարության մեծ վտանգ կա:

Ի դեպ, վարչության պետի հավաստմամբ` այս տարի առատ բերք է սպասվում, հատկապես առատ է լինելու ծիրանի, սալորի, կեռասի, խնձորի, տանձի բերքը: Ըստ նրա` որոշ խնդիրներ կան միայն կապված վաղահաս դեղձի հետ: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազարյանը հայտնել էր, որ ցրտահարություն, մասնավորապես, գրանցվել է Արագածոտնի մարզի Արթենի, Արագածավան, Աշնակ, Լուսակն, Դաշտադեմ համայնքներում եւ Աշտարակի տարածքում գտնվող մի քանի գյուղերում: