«Ազգային կոմիտեի հասցեին ուղղված Գիտության ազգային ակադեմիայի ելույթները լուրջ չեմ ընկալում: Նախ՝ այն, որ ընդամենը մի քանի ամիս է, ինչ կոմիտեն գործում է: Իսկ այն որակումները, որ համալսարանական կոռումպացված մաֆիա է ղեկավարում կոմիտեն, ծիծաղելի է, քանի որ քառասուներեք հաստիքներից ընդամենը չորսն են համալսարանականներ` ես, իմ օգնականը, իմ վարորդը եւ մեր վարչության պետերից մեկը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը`անդրադառնալով իր ղեկավարած կառույցին ուղղված մեղադրանքներին, որոնք հնչել էին Գիտությունների ազգային ակադեմիայի` մի քանի օր առաջ կայացած տարեկան ժողովում: Ս. Հարությունյանն ասում է, որ չի էլ կարող պատկերացնել, թե ինչպես է հնարավոր այդքան խեղճ ոլորտից կոռումպացված հիմնարկ ստեղծել: Երեկ նա ներկայացրեց կոմիտեի հիմնախնդիրները, ինչպես նաեւ՝ Հայաստանի գիտության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: Ըստ նրա, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում գիտության ոլորտում բազմաթիվ խնդիրներ առաջացան, եւ գիտության անկումը շարունակվեց մինչեւ 1997 թվականը: Ս.Հարությունյանն ասում է, որ ՀՀ-ի նման փոքր պետությունը, որն ունի սահմանափակ բնական ռեսուրսներ, պետք է երկրի տնտեսության զարգացման համար առանձնակի ուշադրություն դարձնի գիտությանը. «Կգա մի պահ, որ մեր ՀՆԱ-ն կհասնի որոշակի սահմանի, եւ դրանից հետո լուրջ առաջընթաց չի լինի: Իսկ նման խնդրի առաջ չկանգնելու համար պետք է ուշադրություն դարձնել գիտության զարգացող ճյուղերին` բնակարանաշինություն, առաջատար տեխնոլոգիաներ եւ այլն»: Կոմիտեի հիմնական ֆունկցիաներից է նաեւ գիտության արդյունքների առեւտրայնացումը. «Բանն այն է, որ մեր գիտությունն ամբողջությամբ պետական դոտացիայի տակ է, ինչն անթույլատրելի է: Գիտությունը պետք է արդյունքներ տա տնտեսության զարգացման համար, եւ շատ կարեւոր է այդ արդյունքներն առեւտրայնացնել, քանի որ մրցունակ գիտություն ունենալու համար գիտական արատադրանքը պետք է նաեւ արտահանել»,- նշեց Ս.Հարությունյանը: Իսկ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են գիտության մենեջերներ, սակայն Հայաստանում չկան համապատասխան կառույցներ: Գիտության պետական կոմիտեի կարեւորագույն ֆունկցիաներից է նաեւ գիտության տարբեր ճյուղերի պատկանող հիմնարկների համախմբումը գիտական ընդհանուր խնդիրների շուրջ եւ «խաղի» ընդհանրացված կանոնների մշակումը: Ըստ կոմիտեի նախագահի, Հայաստանում համակարգված չեն նաեւ գիտական տեղեկատվական ծառայությունները, այսինքն` չկան միջազգային բարձր վարկանիշ ունեցող հայկական գիտական ամսագրեր: «Մենք ունենք բավականին հեղինակավոր աշխատանքներ, միջին հաշվով՝ Հայաստանում տպագրվում է ավելի քան չորս հազար գիտական աշխատանք, որի կեսից ավելին տպագրվում է արտասահմանյան լավագույն ամսագրերում, իսկ այնտեղ տպագրվելը նշանակում է՝ ապահովել միջազգային չափանիշներ»: Այսօր լուրջ խնդիր է համարվում նաեւ գիտական աստիճանաշնորհման համակարգը, որտեղ, Ս.Հարությունյանի համոզմամբ, անհրաժեշտ են բարեփոխումներ` երկաստիճան (PHD եւ դոկտոր) գիտական աստիճանների անցնելու համար: