Բեմադրված խառնաշփոթ

04/05/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Ընտրությունից երեք օր անց

Էդուարդ Աղաջանյանն ընտրատեղամասային հանձնաժողովի առաջին նախագահներից էր, որ 2008թ. նախագահական ընտրություններից երեք օր անց կալանքի տակ առնվեց: Պետք է ասել, որ մարդը չփորձեց քրեորեն հետապնդելի արարքի պատճառով իր կալանավորումը որպես քաղաքական հետապնդման արդյունք ներկայացնել, ինքն էլ հանդես գալ որպես քաղաքական բանտարկյալ: Կալանավորումից անմիջապես հետո նա խոստովանական ցուցմունքներ տվեց եւ իր զղջումը հայտնեց:

Նախաքննական մարմինն Աղաջանյանին մեղադրանք առաջադրեց ՀՀ Քրեական օրենսգրքի 150 հոդվածով: Եվ մեղադրյալը լիովին ընդունեց իր մեղքը:

Աղաջանյանի գործողությունների արդյունքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին տրված ձայներն ավելացվել էին 314-ով: Ոչ էական փոփոխություններ էր կրել մյուս թեկնածուների օգտին տրված ձայների քանակը: Թվում է, թե հաղթած թեկնածուի «օգտին աշխատած» հանձնաժողովի նախագահին պետք է որ այդպես շուտափույթ չմեղադրեին, առավել եւս՝ անմիջապես կալանքի տակ չառնեին: Համենայնդեպս, այդպես կլիներ բոլոր նախորդ ընտրություններից հետո:

Դյուրի՞ն առաջարկ

Էդ. Աղաջանյանը հանցավոր անցյալ չունի, ոչ էլ՝ հանցավոր հակումներ ու կապեր: Բարձրագույն կրթություն էր ստացել: Աշխատում էր Աջափնյակի թաղապետարանում: Ընտանիք ունի եւ երկու երեխա: Նրան վստահվել էր տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պատասխանատու աշխատանքը: Ուրեմն՝ անհեռանկար պաշտոնյա չէր: Բայց քառասնամյա տղամարդուն երեւի լավ գործ էին խոստացել: Իսկ ինքը, առաջարկված օրինազանցությանը համաձայնություն տալուց առաջ, չէր թերթել ՀՀ Քրեական օրենսգիրքը եւ չէր տեղեկացել, թե ինչ կարող է իրեն սպասվել ընտրակեղծիք կատարելուց հետո: Առաջարկված «ծառայությունը», երեւի, այնքան դյուրին էր թվացել, որ նրան չէր ստիպել ավելի ողջամիտ ու շրջահայաց լինել:

Էդուարդ Աղաջանյանին իր տրամադրության տակ էր գցել նույն ընտրական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հ. Ստեփանյանը: Մեխանիզմը հետեւյալն էր. ձայների հաշվարկի ժամանակ պետք է խառնաշփոթ առաջացնեին, քվեաթերթիկները խառնեին, հաշվետվության մեջ Աղաջանյանի կողմից ներկայացվեին իրականությանը չհամապատասխանող թվեր, ինչը հետագայում պիտի հիմք ստեղծեր, որ ընտրատեղամասում կատարված ընտրության արդյունքները բողոքարկվեին, ապա եւ՝ ընտրությունը հայտարարվեր անվավեր:

Ծրագրի առաջին մասը, պետք է ասել, անխափան իրականացվեց: Ձայները հաշվելու ընթացքում Ստեփանյանն, իբր պատահաբար, թեւով խփել ու թափել է արդեն խմբավորված քվեաթերթիկները: Աղաջանյանը դրանք հավաքել ու խառը կույտ է արել: Ապա սեղանին, նույնպես իբր թե՝ պատահաբար, սուրճ է թափվել: Այդ ընթացքում քվեաթերթիկները մեկ անգամ եւս խառնվել են: Ստեփանյանն աղմուկ է բարձրացրել, «վիճաբանել» հատկապես Աղաջանյանի հետ, իր բողոքը հայտնել «ստեղծված» խառնաշփոթի համար: Նա հրաժարվել է նաեւ ստորագրել կազմված հաշվետվությունը: Հետագայում դա էլ հիմք կընդունվի, որ այդ կուսակցության ներկայացուցիչն արդեն ԿԸՀ-ում տվյալ տեղամասի վերաբերյալ հատուկ հայտարարություն անի: Եվ ստուգմամբ էլ կպարզվի, որ հաշվետվության թվերն ու իրական քվեաթերթիկների թվերը իրար չեն համապատասխանում:

Ինչ վերաբերում է Աղաջանյանին, ապա նրա խնդիրը քվեաթերթիկների սխալ խմբավորումն էր ու հաշվետվության մեջ իրականությանը չհամապատասխանող թվեր գրելը: Եվ նա այդ խնդիրը լիովին իրականացրել է, բայց բուն ծրագիրը մնացել է չիրագործված: Հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել կանգնել պատասխանատվության ենթարկվելու փաստի առաջ:

Արջի ծառայություն

Ընտրախարդավանքը, ինչպես տեսնում ենք, այնպիսի զարգացումների է հասել, որ արդեն ոչ թե կոնկրետ թեկնածուի օգտին ձայներ ավելացնելու ուղղությամբ են աշխատում, այլ մեկ ուրիշ թեկնածուի ձայներն ակնհայտ ապօրինությամբ ավելացնելու, նրան հեղինակազրկելու, հետագայում ընտրության արդյունքները բողոքարկելու, անվավեր ճանաչելու, ինչպես եւ շահարկումների հիմքեր ստեղծելու նպատակով են գործում: Ընտրական ապօրինության մեքենան, փոխանակ շարքից դուրս գալու, գնալով կատարելագործվում է, ներառում թատերական տարրեր, բեմադրվում նախապես հաստատված «լիբրետոյով», նախապես ընտրված «դերասանական կազմով»: Նման ներկայացման կազմակերպիչների կողմից, սակայն, անտեսվում է բուն ընտրությունն իրականացնող ժողովրդի կամքը, արհամարհվում են օրենքն ու օրինականությունը: Միաժամանակ, պետք է ասել, որ այս կարգի ներկայացումների շատ կազմակերպիչներ, ստորին օղակների շատ գործիչներ իրենց բուռն գործունեությամբ պարզապես «արջի ծառայություն» են մատուցում նրանց, ում անունից հանդես են գալիս, ի հաղթանակ ում «դոշ» են տալիս ու կանգ չեն առնում միջոցների ընտրության հարցում:

Երբ մեղմն էլ է խիստ

Էդուարդ Աղաջանյանի գործն արդեն փետրվարի 29-ին դատաքննվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Աղաջանյանի խնդրանքով գործը քննվեց արագացված ընթացակարգով: Նա իրեն մեղավոր ճանաչեց, պնդեց նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն ու խնդրեց իր նկատմամբ հնարավորինս մեղմ լինել: Հաշվի առնել բոլոր մեղմացնող հանգամանքները, որոնք արդեն հիշատակվել են:

Դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 150 հոդվածով հաստատված գնահատեց Աղաջանյանի մեղքը, կիրառեց նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքի 64 հոդվածը ու ամբաստանյալի նկատմամբ սահմանեց 150 հոդվածով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, այն է՝ 2 տարի ազատազրկում: Նախկինում հանցանք չգործած, կալանավայրի ու կալանավորի երես չտեսած մարդու համար հեշտ չէր 40 տարեկանում հայտնվել նման իրավիճակում: Այնպես որ՝ նախատեսվածից ավելի մեղմ պատիժն էլ խիստ թվաց, եւ վերաքննիչ բողոքը չուշացավ:

Անխուսափելի ազատազրկում

Քրեական վերաքննիչ դատարանում Աղաջանյանի շահերի պաշտպանը երկու խնդրանքով հանդես եկավ: Կա՛մ 64 հոդվածի հետ միասին կիրառել նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքի 70 հոդվածն ու պայմանական դատապարտության ենթարկել Աղաջանյանին՝ անմիջապես ազատելով կալանքից: Կա՛մ նույն՝ 64 հոդվածի կիրառմամբ մի քիչ էլ մեղմացնել ազատազրկման ձեւով պատիժը: Մեղմացնող հանգամանքները կային ու պարզ էին: Սակայն պարզ էր նաեւ այն, որ ընտրակեղծիքների հետ կապված հանցագործությունները թեթեւ հանցանքներ չեն համարվում, դրանք պետք է իրական պատժով պատժվեն, հատկապես, եթե օրենքի ոտնահարումը կատարվել է ընտրության արդարության, թափանցիկության համար պատասխանատու այնպիսի օղակի կողմից, ինչպիսին է ընտրական հանձնաժողովի նախագահը: Այսօր ձեւավորվող դատական պրակտիկան պետք է ի ցույց հանի ոչ միայն ընտրակեղծարարներին իրական պատժի ենթարկելու՝ իշխանությունների եւ դատական մարմինների կամքը, այլեւ, հնարավոր է, որ կանխարգելիչ ազդեցություն ունենա ապագա ընտրություններում կեղծիքներ կատարելու մտադրություն ունեցողների վրա:

Քրեական վերաքննիչ դատարանը 2008թ. ապրիլի 25-ին Աղաջանյանի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարեց մասնակի: Պայմանական դատապարտություն չկիրառվեց Աղաջանյանի նկատմամբ, բայց 64 հոդվածի կիրառությամբ նրա պատիժը մի փոքր էլ մեղմացվեց: Էդուարդ Աղաջանյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2008թ. փետրվարի 21-ից: Այդ օրվանից էր նա կալանքի տակ առնվել:

Այնպես որ` ապօրինի գայթակղություններն ու անօրինական գործողությունները կարող են եւ այսպիսի վախճան ունենալ: Կենսագրության վրա թողնել դատվածության դառը կնիքը: