ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման խոստանում է շարունակել ճնշումները Թուրքիայի վրա` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Հրամայական է, որ մենք 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված սարսափելի գործողությունները ճանաչենք որպես ցեղասպանություն, կանգնենք ամերիկահայերի կողքին` կոչ անելով Թուրքիայի կառավարությանը եւս ընդունել այն: Մոտ 2 մլն հայեր արտաքսվեցին, նրանցից 1,5 միլիոն սպանվեցին. Հայոց ցեղասպանության իրողությունը փաստ է, որն ապացուցվում է անհամար պատմական վկայություններով: Ես խորապես անհանգստացած էի, երբ երկու տարի առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայերի զանգվածային արյունահեղությունը նկարագրելու համար «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց հետո հետ կանչվեց: Ես կոչ արեցի պետքարտուղար Ռայսին՝ մանրամասն քննել այդ դեպքը, որը, ես հավատացած եմ, անհիմն պահվածք է ԱՄՆ կառավարության կողմից: Ես շարունակում եմ կողմնակից լինել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ կիսում եմ ողջ հայ ժողովրդի վիշտը»,- Կոնգրեսի` ապրիլի 29-ին պաշտոնապես տարածած հայտարարության մեջ նշել է Բ.Օբաման: Նա իր հայտարարությամբ միացել է ավելի քան 30 սենատորների, այդ թվում` Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռեյդի (դեմոկրատ, Նեւադա), Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջո Բիդենի (դեմոկրատ, Դելավեր), Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերի (դեմոկրատ, Մերիլանդ)՝ հայերի Մեծ եղեռնը դատապարտող կոչերին: «Ամերիկահայությունը գնահատում է սենատոր Բ.Օբամայի հետեւողական եւ սկզբունքային առաջնորդությունը` ճնշելու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերջ տալու մարդկության դեմ իրագործված ոճրի ժխտման ամոթալի քաղաքականությանը»,- ի պատասխան՝ ասել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: