Կոմպլեմենտարիզմը կփոխարինվի առաջնահերթությունների քաղաքականությամբ

04/05/2008 Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նոր կառավարության ձեւավորման գործընթացում մեծ անակնկալներ չեղան: Վարչապետի եւ նախարարների նշանակումների վերաբերյալ նախօրոք բավական ճշգրիտ կանխատեսումներ կային մամուլում: Նշանակալի փոփոխությունների բացակայության պայմաններում միակ առանցքային տեղաշարժը արտաքին գործերի նախարարի փոփոխությունն է, ինչն ավանդաբար ենթադրում է արտաքին քաղաքական կուրսի որոշակի սրբագրում:

Այսպիսով, անցած 10 տարիներին, այնուհանդերձ, «ամերիկամետ» հեղինակություն վայելող Վարդան Օսկանյանին փոխարինելու եկավ խորհրդային դպրոցի կադրային դիվանագետ Էդուարդ Նալբանդյանը:

Շատ բան հուշող «հարակից» հանգամանքներ

Հայտնի իրողություն է, որ տնտեսությունը եւ քաղաքական շահերը իրարից անբաժան են: Չծանրանալով հայ-ռուսական հարաբերությունների նախապատմության վրա, արձանագրենք միայն, որ ի տարբերություն ելցինյան ժամանակաշրջանի, երբ հայ-ռուսական հարաբերությունների ռազմաքաղաքական բաղադրիչը զարգանում էր, իսկ տնտեսական փոխհարաբերությունները ուղղագիծ դեգրադացիա էին ապրում, վերջին 10 տարիներին իրավիճակը կտրուկ փոխվել է: Հայաստանի հետ անխափան կոմունիկացիոն կապի բացակայության պայմաններում պուտինյան Ռուսաստանը կտրուկ ամրապնդեց իր տնտեսական դիրքերը Հայաստանում: Այսօր ամբողջությամբ ռուսական պետական եւ մասնավոր ընկերությունների սեփականությունն են հանդիսանում Հրազդանի ՋԷԿ-ը, Սեւան-Հրազդան կասկադը, «Մարս» գիտաարտադրական ինստիտուտը, բաշխիչ ցանցերը, «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 80%-ը: Սակայն Հայաստանում ռուսական տնտեսական ներկայության ամրապնդման տեսանկյունից առավել պտղաբեր էր անցած տարին, երբ ռուսական ընկերությունները ձեռք բերեցին «ԱրմենՏել» ձեռնարկության բաժնետոմսերն ամբողջությամբ, իսկ այնուհետեւ՝ «Վիվա Սելի» մասնաբաժնի 80%-ը: Վերջին ակորդը հանդիսացավ շրջափակման 20 տարիների ընթացքում եւ, իհարկե, վատ կառավարման հետեւանքով հիմնովին քայքայված հայկական երկաթուղին «Ռուսաստանի երկաթուղիներ» պետական գերհզոր ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը: Ընդունման-հանձնման գործընթացը կավարտվի այս տարվա մայիսի 15-ին:

Մասնավորապես, վերջին քայլը հստակորեն ցույց է տալիս Հարավային Կովկասում վերջնականապես ամրապնդված «ֆորպոստ» ունենալու Ռուսաստանի մտադրությունը: Շահութաբերության որեւէ իրական հեռանկարներ չունեցող հայկական երկաթուղին կարող է այդպիսին դառնալ միայն տրանզիտային հնարավորություններ ձեռք բերելով: Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները բացելու եւ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու, ինչպես նաեւ՝ այդ նպատակով բազմամիլիոն ներդրումներ իրականացնելու Ռուսաստանի համապատասխան պաշտոնյաների հայտարարությունները, իհարկե, ֆանտաստիկայի ոլորտից են: Պատճառները՝ որոնց հետեւանքով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները դեռ երկար ժամանակ հազիվ թե բացվեն, հայտնի են բոլորին, այդ թվում, առաջին հերթին, Կրեմլին: Հետեւապես հայկական երկաթուղին հավատարմագրային կառավարման վերցնելու Ռուսաստանի քայլը կարող է պայմանավորված լինել մեկ հիմնական նպատակով կամ ցանկությամբ: Այն է` կառուցել Հայաստան-Իրան երկաթուղի Զանգեզուրով եւ դրանով իսկ Հայաստանում գործող ռուսական բիզնեսի եւ մանավանդ ռազմական բազայի նորմալ եւ երկարաժամկետ կենսագործունեության ապահովման համար կայուն եւ անխափան կոմունիկացիաներ ստեղծել:

Բնական է, այս նախաձեռնությունը Մոսկվան իրագործում է Թեհրանի հետ ակտիվ համագործակցությամբ: Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ բոլորովին վերջերս տեղի ունեցած եւ շատ բան հուշող եւս մի «հարակից» հանգամանքի: Իրանը արդեն պաշտոնական դիմում է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) մշտական անդամակցության նպատակով: Իսկ ՇՀԿ-ն 7 տարի առաջ հիմնադրվեց ռուս-չինական համատեղ ջանքերի շնորհիվ եւ, ըստ շատ վերլուծաբանների, նպատակ ունի վերածվելու նոր Արեւելյան բլոկի, որի կազմում արդեն իսկ ընդգրկված են ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ 7 երկրներից 5-ը, առայժմ՝ բացառությամբ Բելառուսի եւ Հայաստանի: Սակայն որոշ քաղաքագետներ գտնում են, որ ՇՀԿ-ի այսպիսի տեմպերով զարգացման դեպքում Մինսկի եւ Երեւանի մշտական անդամակցության հարցի լուծումը ընդամենը տեխնիկական խնդիր է եւ ժամանակի խնդիր: Ասել է թե՝ Հայաստանի համար կոմպլեմենտար կամ փոխլրացման արտաքին քաղաքանություն վարելը դառնում է սկզբունքորեն անհնարին: Մանավանդ, որ փոխվում են էներգակիրների համաշխարհային գները, իսկ դա սեփական ռեսուրսներ չունեցող Հայաստանի համար ամենակենսական խնդիրն է: Գազ եւ այլ էներգակիրներ մեր դաժան ժամանակներում համեմատաբար մատչելի գներով կարող են մատակարարել միայն Մոսկվան եւ Թեհրանը: Այլ կերպ ասած, եթե Հայաստանը շարունակի դրսեւորվել Ռուսաստան-Իրան առանցքում իբրեւ բարեխիղճ գործընկեր, գազի 1000խմ-ն կարող է ձեռք բերել, ասենք, 165 դոլարով, ինչը հայտնի դարձավ երկու օր առաջ: Այն դեպքում, երբ Ադրբեջանին այն այսօր վաճառվում է 235 դոլարով եւ ըստ փորձագետների՝ կարող է աճել մինչեւ 300 դոլար`1000խմ-ի դիմաց: Այսինքն` ինչ կողմնորոշում ունես, այդպես էլ քեզ վերաբերվելու են:

Նոր իրավիճակը պահանջում էր նոր մարդ

Հասկանալի է, որ աստիճանաբար ստեղծված, բայց զարգացման անշեղ միտում ունեցող այս իրավիճակը Հայաստանից վաղ թե ուշ պահանջելու էր արտաքին քաղաքականության սրբագրումներ: Նախկին արտգործնախարարը, որի գործունեությունը ամբողջ 10 տարիների ընթացքում եղել է ընդհանուր առմամբ դրական եւ լուրջ նպաստ բերել Հայաստանին, կոմպլեմենտար արտաքին քաղաքականության իր տեսությամբ այլեւս չէր տեղավորվում նոր իրողությունների շրջանակում:

Պատահական չէ, որ Վարդան Օսկանյանին փոխարինելու եկավ հայկական դիվանագիտական կորպուսի ամենափորձառու ներկայացուցիչներից մեկը, որի մասին իբրեւ պրոֆեսիոնալ դիվանագետի՝ միշտ լավ են արտահայտվել նախկին եւ ներկա իշխանությունները: Ըստ հավաստի աղբյուրների՝ Էդուարդ Նալբանդյանը միշտ սերտ կապեր է պահպանել ռուսական քաղաքական եւ դիվանագիտական շրջանակների հետ եւ Մոսկվայում ամենաընդունելի հայ դիվանագետներից մեկն է: Միաժամանակ դեռ խորհրդային շրջանից աշխատանքային փորձ ունի իսլամական աշխարհում աշխատելու առումով, նկատի ունենալով Լիբանանում եւ Եգիպտոսում նրա նախկին գործունեությունը:

Վերոնշյալին բնավ չի հակասում նոր արտգործնախարարի Փարիզում ընդունելի լինելու հանգամանքը: Խոսուն փաստ է թեկուզ այն, որ Նալբանդյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ է պարգեւատրվել «Պատվո լեգեոնի» շքանշանով: Ի դեպ, այստեղ էլ կա հետաքրքիր «հարակից» հանգամանք. Ֆրանսիան եւ Գերմանիան եվրոպական հիմնական երկրներն են, որ ակտիվ համագործակցում են Ռուսաստանի հետ` ընդդեմ Եվրոպայում ամերիկյան ազդեցության ծավալման: Մոսկվայի, Փարիզի եւ Բեռլինի արտաքին գերատեսչությունների միջեւ վերջին 6-7 տարիներին անցկացվում են ամենամյա կանոնավոր խորհրդակցություններ, որտեղ ճշգրտվում են համագործակցության հիմնական ուղղությունները: Հատկանշական է եւ այն, որ հենց ֆրանս-գերմանական ալյանսը, Կրեմլի հետ հարաբերությունները պահպանելու հեռանկարով շահագրգիռ, Բուխարեստի վերջին գագաթաժողովում տապալեց Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու դարձնելու ամերիկյան նախագիծը:

Կոմպլեմենտարիզմի վախճանը

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի հնարավոր սրբագրումները բոլորովին էլ չեն նշանակում, թե մինչ այսօր վարվող արտաքին քաղաքական կուրսը սխալ էր, կամ ոչ հայանպաստ: Այդ քաղաքականությունը ունեցել է ինչպես բացթողումներ, այնպես էլ ձեռքբերումներ: Պարզապես փոխվում է իրավիճակը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հասունացման միտումները, առաջին անհրաժեշտության սննդամթերքների եւ այլ ապրանքատեսակների միջազգային գների աճը հարկադրելու են ոչ միայն Հայաստանին, այլեւ հետխորհրդային տարածքի այլ պետությունների՝ փոփոխություններ իրականացնել իրենց արտաքին կողմնորոշումներում եւ զարգացման հեռանկարներ որոնել պետությունների ռազմաքաղաքական եւ տնտեսական այնպիսի միավորումների կազմում, որ հնարավորություն կընձեռեր մեծ ռեսուրսներ չունեցող փոքր երկրներին՝ ռացիոնալ դաշինքների շրջանակներում փորձել լուծել անվտանգության եւ տնտեսական հարցերը: Այսինքն, հզոր երկրների միջեւ հավասարակշռելու քաղաքականությունից հետխորհրդային տարածքի մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, հարկադրված են լինելու անցում կատարել առաջնահերթությունների քաղաքականության, երբ ստիպված ես հստակ արձանագրել ոչ միայն հակառակորդներիդ, այլեւ դաշնակիցներիդ` ամրագրելով, թե որ պետությունների հետ հարաբերություններն են լինելու առավել կարեւոր: Դա չի նշանակում, որ հենց վաղը կհայտարարվի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության վախճանի մասին: Ավելին, միանգամայն հավանական է, որ նոր նախագահը եւ արտգործնախարարը բազմիցս կնշեն, թե արտաքին քաղաքական կուրսի սրբագրման կարիք Հայաստանը չունի եւ շարունակելու է համաչափ հարաբերություններ զարգացնել բոլոր աշխարհաքաղաքական բեւեռների հետ: Սակայն, գործնականում սրբագրումներն անխուսափելի են: Ավելի հավանական է, որ դա կկրի անաղմուկ, ոչ դեկլարատիվ բնույթ: