«Վարիկոզ» տերմինն առաջացել է լատիներեն varix բառից, որ նշանակում է՝ «հանգույց, փքվածություն»: Երակների լայնացումը երակների փոփոխված ձեւերից մեկն է, որն արտահայտվում է պարկանման լայնացումներով ու հանգուցանման գնդիկներով: Այն հաճախ հանդիպում է ներքին վերջույթների, ուղիղ աղիի եւ հազվադեպ՝ մարսողության համակարգի երակների շրջանում:
Վիճակագրության տվյալներով՝ կանայք այս հիվանդությամբ 3 անգամ ավելի են հիվանդանում, քան տղամարդիկ: Երակների լայնացման առաջացման մեջ էական նշանակություն ունեն առաջին հերթին՝ ի ծնե երակային պատերի թուլությունը, անոթների անոմալիաներն ու նաեւ մկանային շերտի էլաստիկության փոփոխությունը: Արյան շիթի հոսքը լայնացած երակներում սովորաբար դանդաղում է, ինչն էլ հաճախ տրոմբի պատճառ է հանդիսանում: Երակների լայնացման պատճառ կարող է հանդիսանալ հարթաթաթությունը: Այս հիվանդությունը զարգանում է մարդկանց մոտ, ովքեր ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում կամ աշխատանքի բերումով երկար ժամանակ գտնվում են ոտքի վրա (վիրաբույժ, վարսահարդար, մատուցող եւ այլն): Երակների լայնացումը զարգանում է աստիճանաբար: Հիվանդները հաճախ գանգատվում են ոտքերում ծանրության զգացումից, հոգնածությունից: Հիվանդության վաղ շրջանում ոտքերն այտուցվում են, որը, չնայած կարող է արագ անցնել, ինչը չես կարող ասել հիվանդության խորացումից հետո: Երբեմն երակի լայնացած հանգուցամասում զարգանում է երակային խոց: Սկզբնական շրջանում էլաստիկ բինտերն ու ռեզինե կիսագուլպաներն օգնում են, իսկ հետո վիրահատական միջամտությունն անխուսափելի է:
Պրոֆիլակտիկ միջոցներ
– Երակների լայնացման ժառանգական նախատրամադրվածության դեպքում բուժական ֆիզկուլտուրան, վիտամինաթերապիան, ծովային ու օդային վաննաները պարտադիր են:
– Կանայք հղիության 2-րդ ամսվանից հետո պետք է պարտադիր օգտագործեն էլաստիկ բինտեր:
Ուժեղ արտահայտված երակների լայնացման դեպքում երբեմն ոտքերը դժվարությամբ են շարժվում, որովհետեւ երակների լայնացումը վնասում է նյարդին ու ահավոր ցավ առաջացնում: Առանձնացնում են առաջնային ու երկրորդային երակների լայնացում: Առաջնայինը կապված է երակային պատի թուլության կամ թեթեւ խախտման հետ: Հիվանդության զարգացմանը նպաստում են հղիությունը, ճարպակալումը, երկարատեւ ոտքի վրա գտնվելն ու ձիգ գուլպաներ հագնելը: Երկրորդային երակների լայնացումը հաճախ առաջանում է արյունաբեր երակի հոսքի խախտման արդյունքում, երբ փականները չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը: Բժշկական վիճակագրությունը հաստատում է, որ հիվանդների 50 տոկոսը հիվանդության սկզբնական շրջանում նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենք լուրջ հիվանդ են: Երակների ամրացմանն ու արյան շրջանառության լավացմանը կնպաստեն սպորտով զբաղվելն ու ավել քաշից խուսափելը: Ի՞նչ է կարելի կամ չի կարելի երակների լայնացման դեպքում:
– Մեղրամոմով էպիլյացիան խիստ արգելվում է:
– Տաք բաղնիքներն ու արեւաբուժարանները եւս խիստ արգելվում են:
– Մերսման որոշակի տեսակներ`վակուումային:
Երակների վարիկոզ լայնացման դեպքում չի հանձնարարվում կատարել մեծ լարում պահանջող վարժություններ` ծանրաձողի բարձրացում, վարժություններ կշռաքարերով եւ այլն: Կարելի է հիվանդ մասերին դնել կալանխոէի հյութի մեջ թրջած վիրակապ:
Կանաչ ընկույզը բաժանել 4 մասի, վրան ավելացնել ձիթապտղի կամ որեւէ բուսական յուղ, կափարիչը փակած ամանի մեջ թրմել արեւի տակ 40 օր` ժամանակ առ ժամանակ թափահարելով, ապա քամել: Այն պետք է քսել հիվանդ մասերին: Հետո այն պահել մութ տեղում: Ինչպես գիտենք, թութքն էլ ուղիղ աղիքի երակների լայնացումն է, առավելապես՝ հետանցքի շրջանում: Թութքի հանգույցները լինում են արտաքին ու ներքին: Դրա առաջացումը պայմանավորված է հիմնականում մարսողական համակարգի քրոնիկ խանգարումներով, ճարպակալումով, փորկապությամբ, ծննդաբերությունից հետո եւ այլն: Թութքի դեմ շատ արդյունավետ միջոց է նորահաս կանաչ ընկույզը` փոքր ձիթապտղի չափսի: Առաջին օրը կուլ տալ 1 հատ, երկրորդ օրը` 2 հատ, ու այդպես շարունակ՝ մինչեւ ութերորդ օրը` 8 հատ, հետո՝ նույն հերթականությամբ էլ նվազեցնել: Այս բուժամիջոցը շատ օգտակար է նաեւ խպիպի (զոբ) դեպքում: Թութքի բուժման համար վերցնել արոսի հասած պտուղները, լվանալ եւ հյութը քամել եւ ընդունել օրը 3 անգամ՝ 1/4 բաժակից: Նաեւ շատ օգտակար է ջրապղպեղով թեյը: Ջրապղպեղի խոտը թրմել եռացրած ջրում՝ ինչպես թեյը, եւ օրը մի քանի անգամ խմել: Բերում ենք մի քանի դեղատոմսերի օրինակներ` նախօրոք զգուշացնելով այն մասին, որ ամեն դեպքում ճիշտ է խորհրդակցել բժշկի հետ: Ներքին վերջույթների երակների լայնացման դեպքում խորհուրդ է տրվում.
– Վերցնել հավասար քանակությամբ փռնչուկի (ՈՐվՌՍՈ), արոսի ու կոճղարմատի ծաղիկներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ եփել 1 բաժակ եռջրով, թողնել 20 րոպե: Խմել այս թուրմից օրվա մեջ 2-3 բաժակ, կապ չունի՝ սնվելուց առա՞ջ, թե՞ հետո: Այս թուրմն էլ ընդունել 1 ամիս:
– Վերցնել 20 գր. խնկեղեգի կոճղարմատ, խառնել 0,5 լիտր տնական պատրաստված խնձորի քացախին ու 2 շաբաթ թրմել մութ տեղում: Խմել այս թուրմից օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ՝ 2 ճաշի գդալից:
Լոլիկը խոչընդոտում է տրոմբների առաջացմանը
Սովորական լոլիկն օժտված է հետաքրքիր հատկությամբ: Այն խոչընդոտում է տրոմբի առաջացմանը։ Այս կարծիքին են շոտլանդացի մի խումբ բժիշկներ: Այս փորձը անց է կացվել 200 կամավորների հետ: Ըստ գիտնականների՝ 1 բաժին տոմատի հյութը նպաստել է արյան խտության նվազմանը:
Կոսմետոլոգիան՝ երակների վարիկոզ լայնացման ժամանակ
Մեր անոթների հետ կապված քիչ չեն էսթետիկական խնդիրները` այտուցները, կապույտ սարդոստայնի նման առաջացած գոյացությունները: Նույնիսկ ցելյուլիտը, որից տառապում են շատ կանայք, խիստ կապված է անոթային պաթոլոգիայի հետ: Այս երկու հիվանդությունների հետ ոչ միայն ուղիղ կապ կա, այլ, կարելի է ասել՝ այն փակ շրջան է` մեկի վատացման հետ վատանում է նաեւ մյուսը: Անոթային հիվանդությունները բուժելը անոթաբանների ոլորտն է, բայց կոսմետոլոգները քիչ հնարավորություն չեն ունենում օգնելու այս հիվանդությամբ տառապողների վիճակը:
Հիվանդության աստիճաններն ու կոսմետոլոգիական միջամտությունները
Առաջին աստիճանը քրոնիկական երակային անբավարարությունն է: Ոտքերում ծանրության զգացողության, երեկոյան զգացվող այտուցների ախտանիշների դեպքում կարելի է բավարարվել ավելի պահպանողական միջոցներով` կոմպրեսներով:
Խորհուրդ է տրվում
– Լիմֆոդրենաժային մերսում` այն ազդում է միանգամից երկու ուղղություններով` լավացնում է եւ անոթների վիճակը, եւ օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ:
– Տաք շփումներ՝ կոնքամասում, եւ սառը` սրունքների մասում: Այս պրոցեդուրան կատարել այն ժամանակ, եթե ծնկից վերեւ լայնացած երակներ չկան:
– Կոնտրաստային պրոցեդուրաները շատ լավ մարզում են անոթները, իհարկե, ջերմաստիճանի տատանումները պետք է չափավոր լինեն։
Երկրորդ աստիճանը բնորոշվում է տեւական այտուցներով, անոթային աստղիկներով: Այս դեպքում պետք է ավելի լուրջ մեթոդներ կիրառել: Այս դեպքում է, որ հաճախ դիմում են կոսմետոլոգիական միջամտության: Իհարկե, երեւացող անոթները վերացնելուց հետո պետք է բուժել հիվանդության պատճառները, այլապես այն նորից կառաջանա:
Երրորդ աստիճանը հաճախ արտահայտվում է վերքերի, երակների ուղղությամբ պիգմենտացիաների փոփոխությամբ: Այս դեպքում միայն կարող է օգնել անոթաբանը։