Նախապատրաստվում են հարձակման

04/05/2008

«CBS» հեռուստաալիքի հաղորդմամբ` Պենտագոնն Իրանի վրա հարձակվելու ծրագրին նախապատրաստվելու հրահանգ է տվել: Բացի այդ, ըստ հեռուստաալիքի` մշակվում է վերջնագրի տեքստը, որը պետք է ներկայացվի Իրանի ղեկավարությանը, եթե վերջինս չդադարեցնի տարածաշրջանի ապակայունացումը: Ամերիկյան զինվորականներից մեկի խոսքով, այդ նախապատրաստությունը սկսվել է կապված նրա հետ, որ տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը դառնում է էլ ավելի ագրեսիվ, Իրանը զենք է արտահանում Իրաք, որն օգտագործվում է ամերիկյան զինվորականների դեմ: «Իրանցիները փաստորեն սպանում են Իրաքում գտնվող ամերիկացի զինվորականներին»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` հերքելով Իրանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստության մասին տեղեկությունները: Իր հերթին ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալենն իր ելույթում նախազգուշացրել է Իրանին, թե «սխալ կլինի ենթադրել, որ ԱՄՆ-ը իր տրամադրության տակ չունի ուժեր Իրանին հարվածելու համար»: Սակայն նա նաեւ ընդունել է, որ ԱՄՆ-ը ներկայումս Իրանի վրա հարձակվելու եւ Մերձավոր Արեւելքում եւս մեկ պատերազմ սկսելու անհրաժեշտություն չի տեսնում: ԱՄՆ-ը սպասում է, որ այս շաբաթվա վերջում Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հայտարարությամբ կդիմի իրանցիներին, պահանջելով դադարեցնել հակաամերիկյան գործունեությունը: Հակառակ դեպքում ամերիկյան զինվորականները, համաձայն վերջնագրի, կդիմեն ուժային մեթոդների: