Կարիք կա՞ փոխել Սահմանադրությունը

13/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Սահմանադրական փոփոխությունների քննարկումները եւ սպասվող հանրաքվեն
աստիճանաբար ներքաղաքական կյանքի առաջնային խնդիր են դառնում: Քաղաքական
ուժերը այս հարցի վերաբերյալ միակարծիք չեն: ՀՀՇ վարչության անդամ Արամ
Մանուկյանի խոսքերով` այս հարցում ՀՀՇ-ն շատ կարծր եւ հիմնավորված
դիրքորոշում ունի, որն արտահայտվել է նաեւ 2003-ին, համանման
փոփոխությունների ժամանակ: Նա հիշեցնում է, որ 2003-ին ՀՀՇ-ն
սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ հանդես եկավ շատ կոշտ
հայտարարությամբ, եւ ավելացնում է, որ այս 1-2 տարվա ընթացքում այդ
հարցում ոչինչ չի փոխվել: Նա նշում է, որ այս հարցում իրենց դիրքորոշումն
ամբիցիոզ եւ սուբյեկտիվ չէ, եւ պայմանավորված է մի քանի հանգամանքներով:
ՀՀՇ-ն չի կարծում, որ այսօր Հայաստանում խիստ անհրաժեշտ է անցկացնել
սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ չկա որեւէ մեծ, համակարգային
հարց, որը գործող Սահմանադրությունը չի լուծում: ՀՀՇ-ում գտնում են, որ
գործող Սահմանադրությունը բարեփոխելու կարիք անշուշտ կա, սակայն
«փոփոխությունների անհրաժեշտությունն այսօր չի հասունացել»,- կարծում է Ա.
Մանուկյանը: ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր
Դալլաքյանն էլ է կարծում, որ գործող Սահմանադրությունը բարեփոխելու կարիք
կա, սակայն նա կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
պետք է վերածել Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվեի: «Ժողովուրդը
Քոչարյանին «ոչ» է ասել 98-ին եւ 2003-ին` 2 անգամ` նախագահական
ընտրությունների եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ»,-
ավելացնում է Վ. Դալլաքյանը: Իսկ արդյո՞ք հանրությունը բավարար չափով
տեղեկացված է սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող քննարկումների
մասին եւ արդյո՞ք եղած ժամանակը բավարար կլինի հանրությանը
Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների հետ ծանոթացնելու համար:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արարատ
Մալխասյանի խոսքերով` սահմանադրական փոփոխությունների քննարկումները նոր
չէ, որ սկսվել են: «Արդեն մեկ տարի է, սկսվել է. տարբեր տիպի համաժողովներ
են եղել, հեռուստատեսային հաղորդումներ, հրապարակումներ թերթերում եւ
այլն, եւ ժողովուրդը որոշակի չափով տեղեկացված է»,- կարծում է Ա.
Մալխասյանը: Նա նշում է, որ բոլոր քաղաքական կուսակցություններին,
հատկապես՝ իշխանամետ, կոալիցիոն կուսակցություններին հանձնարարություն է
տրվելու, որպեսզի տարածքային կազմակերպությունների միջոցով համապատասխան
աշխատանք տանեն ընդունվելիք Սահմանադրության վերաբերյալ ժողովրդին
տեղեկացնելու համար: «Այդ առումով մտավախություն չկա: Պետք է որ շատ հզոր
քարոզչական աշխատանք տարվի, եւ եղած ժամանակը բավարար կլինի ժողովրդին
սահմանադրական փոփոխությունների մասին տեղեկացնելու համար»,- վստահեցնում
է պրն Մալխասյանը: Ի տարբերություն Ա. Մալխասյանի` Ա. Մանուկյանը կարծում
է, որ հանրությունը տեղեկացված չէ, եւ եղած ժամանակը հնարավորություն էլ
չի տալիս ժողովրդին սպասվող փոփոխությունների մասին տեղեկացնելու համար:
Նա պնդում է նաեւ, որ Եվրոխորհուրդը Հայաստանին սահմանադրական
փոփոխությունների պահանջ չի ներկայացրել: Ա. Մանուկյանն այնուհետեւ
ավելացնում է. «Իրենք (իշխանությունները.-Ռ.Թ.) իրենց իսկ
փոփոխությունները մի 2 շաբաթ հետո փոխում են: Ենթադրենք, հանրաքվեի դրված
փոփոխությունների նախորդ տարբերակը լավն էր: Ի՞նչը փոխվեց այս մեկ տարվա
ընթացքում, որ իրենք իրենց իսկ փոփոխությունները հիմա փոփոխության են
ենթարկում»,- հարցնում է նա եւ գտնում է, որ դա արդեն ոչ լուրջ
վերաբերմունքի արդյունք է: Նրա կարծիքով՝ գործող ԱԺ-ն եւ քաղաքական ուժերն
ի վիճակի չեն Սահմանադրությունում համակարգված փոփոխություններ կատարելու:
ՀՀՇ վարչության անդամը կարծում է, որ «այս խորհրդարանը, զուտ մարդկային
ռեսուրսի առումով, ի վիճակի չէ անգամ օրենք գրել, ուր մնաց՝ սահմանադրական
համակարգային փոփոխություններ կատարի»: Իսկ կատարվող փոփոխություններն,
ըստ նրա, չեն բխում մեր երկրի շահերից: Ա. Մալխասյանը սակայն կարծում է,
որ փոփոխությունների կոալիցիայի նախագիծը ժողովրդավարության ավելի բարձր
մակարդակ է ամրագրում, իշխանությունների տարբեր թեւերի տարանջատումը,
հակակշիռների եւ զսպումների մեխանիզմն ավելի հստակ է բերված: «Արգելված չի
լինելու երկքաղաքացիությունը, եկեղեցու մասին նոր կետ կա, առաջին անգամ
ամրագրվում է երեխաների պարտականությունները տարեց եւ կարիքավոր ծնողների
նկատմամբ, եւ այլն»,- գործող Սահմանադրության նկատմամբ կոալիցիայի
առաջարկած փոփոխությունների առավելություններն է նշում նա: Իսկ
խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես եւ խոստացել էր, չի պատրաստվում
վերադառնալ խորհրդարան եւ մասնակցել սահմանադրական փոփոխությունների
քննարկումներին, քանի որ, ինչպես նշեց «Արդարություն» խմբակցության
քարտուղարը, իրենք հայտարարություն են արել, եւ կոալիցիան մերժել է իրենց
առաջարկները, որոնք հիմնականում համընկնում էին Վենետիկի հանձնաժողովի
առաջարկների հետ: Ա. Մանուկյանի տպավորությամբ էլ՝ այս ամբողջ գործընթացը
խաղ է, եւ «անգամ իշխանությունների մոտ չկա այդ Սահմանադրությունն
անցկացնելու ցանկությունը»: Նա նույնիսկ չի բացառում, որ ոչ մի հանրաքվե
էլ տեղի չունենա: Չնայած սրան, ՀՀՇ-ում կարծում են, որ այս ամենի հետեւում
Ռ. Քոչարյանի համար երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն է բացվում:
Սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի առաջարկած տարբերակով տեղական
ինքնակառավարման մարմիններն ընտրվում են 4 տարին մեկ: Ըստ Արամ
Մանուկյանի` սրանով իշխանությունները փորձում են ոգեւորել այսօրվա գործող
համայնքապետերին, եւ եթե սահմանադրական փոփոխությունները դրվեն հանրաքվեի
եւ չանցնեն, իշխանությունները համայնքապետերի դժգոհության սլաքն ուղղում
են այլ կողմ, «օրինակ` ասում են` տեսեք, մենք ուզում էինք 4 տարի դարձնել,
բայց ՀՀՇ-ի մեղքով չստացվեց: Այսինքն` եթե այս փոփոխությունները չանցնեն
էլ, իշխանությունները շահում են»,- կարծում է պրն Մանուկյանը: