Օրենքով Ռուսաստանին պատկանող գյուղերի բնակիչներն ասում են, թե իրենցով հետաքրքրվում են միայն ընտրությունների ժամանակ:
Հյուսիսային Ադրբեջանում գտնվող երկու գյուղերի բնակիչներն ասում են, թե իրենք անտեսվում են եւ բյուրոկրատական խոչընդոտների են հանդիպում, քանի որ Ռուսաստանի մաս հանդիսանալու իրենց անսովոր կարգավիճակը նշանակում է, որ երկու կառավարություններից ոչ մեկն իրենցով ինչպես հարկն է չի զբաղվում:
Հյուսիսային Ադրբեջանի այս հատվածում տեղակայված բազմաթիվ համայնքների նման, Խրախոբայի եւ Ուրյանոբայի բնակչության մեծ մասը կազմում են լեզգիները: Սա այն բազմաթիվ ազգություններից մեկն է, որի շնորհիվ Կովկասի այս հատվածը դառնում է էթնիկ եւ լեզվական առումով աշխարհի ամենաբազմազան տարածաշրջաններից մեկը: Շատ լեզգիներ են բնակվում սահմանից այն կողմ, ՌԴ հարավային հանրապետություններից մեկում` Դաղստանում: Ֆորմալ առումով, Խրախոբայի եւ Ուրյանոբայի բնակիչները նույնպես Դաղստանին են պատկանում, հետեւաբար, վերջին հաշվով` ենթակա են Մոսկվային, այլ ոչ թե Բաքվին: Նրանք հանդիսանում են բազմաթիվ անկլավներից մեկը, որ բնորոշ էին Խորհրդային Միությունը կազմող բազմազան հանրապետություններին եւ «ինքնավար շրջաններին»: Այն ժամանակ տարբերակումը զուտ ձեւական բնույթ էր կրում, իսկ տարբեր տարածքների միջեւ առկա սահմանագծերը հիմնականում վարչական նպատակների էին ծառայում:
Այս երկու գյուղերը Դաղստանի մաս դարձան 1954թ. Խորհրդային կառավարության կարգադրությամբ 20 տարի ժամկետով` լրացուցիչ արոտավայր ապահովելու նպատակով: Տարածքային այս «վարկը» երկարացվեց եւս 20 տարով եւ շարունակվում է մինչ օրս, թեեւ պաշտոնապես դրա ժամկետը լրացել է 2004թ.: Այնուամենայնիվ, 1991թ. ի վեր Ռուսաստանը եւ Ադրբեջանը լիովին առանձին պետություններ են, եւ սահմաններն արդեն կարեւոր են: Խրախոբայի պես վայրերը մնացել են որպես անսովոր երեւույթ, եւ նրանց տեղակայումը հայրենիքից դուրս, նույնիսկ, եթե այս դեպքում այն ընդամենը 50 կմ հեռու է գտնվում, կարող է լուրջ խնդիրներ հարուցել: Ի տարբերություն նախկին Խորհրդային Միության այլ մասերում գտնվող որոշ անկլավների, Ռուսաստանի այս փոքրիկ տարածքում բնակվող մարդիկ չեն բողոքում քաղաքական ճնշումներից կամ էթնիկ խտրականությունից: Նրանց խոսքերով, իրենց խնդիրն այն է, որ իրենց երկիրը պարզապես մոռացել է իրենց մասին:
IWPR-ի թղթակիցը ենթադրում էր, որ Խրախոբա տանող ճանապարհին պետք է սահմանային անցակետերով անցնի` չէ՞ որ նա Ադրբեջանի տարածքից անցնում էր Ռուսաստան: Սակայն ադրբեջանական շրջկենտրոն Խաչմազում նրան ասացին, որ որեւէ ոստիկանական կամ սահմանային ստուգման կետեր չկան, եւ ցանկացած տաքսի նրան այնտեղ կհասցնի:
Ճանապարհը սարսափելի վիճակում էր, եւ տաքսու վարորդի խոսքերով, սա ցույց էր տալիս, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողանում հոգ տանել իրենց անկլավի համար:
Հետո հա հեգնանքով ավելացրեց. «Ռուսաստանը հիշում է Խրախոբայի իր քաղաքացիների մասին միայն զորակոչի ժամանակ: Այդ ժամանակ զինկոմիսարիատը ներկայացուցիչներ է ուղարկում Դաղստանից»:
Խրախոբայում քիչ են արտաքին նշանները, որոնցից կարելի է ենթադրել, թե սա ռուսական տարածք է. չկան կարմիր-սպիտակ-կապույտ դրոշներ, բացակայում են նույնիսկ պաշտոնից հեռացող նախագահ Վլադիմիր Պուտինի նկարները: Պուտինի նկարը կախված է միայն տեղական դպրոցում` անցյալի նշանավոր ռուսների նկարների կողքին:
Իրավական տեսակետից Խրախոբան պատկանում է Դաղստանի Մագերամկենդ շրջանի Նովոաուլ գյուղապետարանին: Սակայն գյուղում ռուսական պետության` շրջանային կառավարման կամ Ոստիկանության ներկայացուցիչներ չկան, եւ, բնակիչների խոսքերով, այստեղ երբեք ոչ ոք չի այցելում: Այնպես որ` Խրախոբան` 70 տնային տնտեսությունից բաղկացած այս համայնքը, արդյունավետ կերպով կառավարվում է տեղի ավագանու կողմից:
Որոշ առումներով այս գյուղն ավելի ինտեգրված է Ադրբեջանին, քան Ռուսաստանին: Այստեղ որպես դրամական միջոց օգտագործվում է ադրբեջանական մանաթը, այլ ոչ թե ռուսական ռուբլին: Քանի որ գյուղի դպրոցն 9-ամյա է, աշակերտները գերադասում են պարտադիր տասնամյա կրթությունն ավարտել Խաչմազի ռուսական դպրոցում, այլ ոչ Դաղստանում:
Տեղական գյուղապետարանի նախագահ Աբդուլա Աբդուլաեւն արագ թվարկում է Ադրբեջանի հետ այլ կապերը. «Մենք էլեկտրականություն ենք ստանում Խաչմազից, ասում են, շուտով մեր գյուղը կսկսի բնական գազ ստանալ` հենց որ այն հայտնվի Խաչմազում: Խաչմազի հետ մենք ավելի լավ կապեր ունենք, քան Դաղստանի հետ: Նույնիսկ մեր դպրոցի մի քանի ուսուցիչներ ազգությամբ ադրբեջանցի են, Խաչմազից: Գյուղի միակ խանութն ապրանքներ է ստանում Խաչմազից»: Մարդկային հարաբերությունների առումով այստեղ բնակվող լեզգիները բարեկամական կապեր ունեն հարակից ադրբեջանական տարածքի բնակիչների հետ ու նույնպես այգեգործությամբ են զբաղվում: Այս զբաղմունքն այնքան տարածված է այստեղ, որ գյուղերից յուրաքանչյուրը կարծես մի հսկայական այգի լինի: Այնուամենայնիվ, միջազգային սահմանների հետ կապված մի շարք պաշտոնական կանոնակարգեր խանգարում են այս գյուղերին ազատ հաղորդակցվել եւ՛ Դաղստանի, եւ՛ Ադրբեջանի իրենց հարեւանների հետ:
Աբդուլաեւը լավատեղյակ է համայնքի առջեւ ծառացած խնդիրներին: «Խորհրդային Միության փլուզումից հետո մեզանից պահանջեցին, որ մենք միջազգային անձնագրեր ստանանք սահմանն անցնելու համար: Մենք որոշ չափով լուծել ենք այս խնդիրը, բայց այժմ չենք կարողանում սննդամթերք եւ այլ անհրաժեշտ պարագաներ բերել Դաղստանից»,- ասում է նա:
Գյուղի մյուս բնակիչները բացատրում են, որ երբ ինչ-որ բան են գնում Դաղստանում եւ փորձում են դա տուն բերել, ՌԴ սահմանին գտնվող Ադրբեջանի մաքսատան աշխատակիցները դա դիտում են որպես ապրանքների ներկրում եւ համապատասխան տուրքեր են գանձում նրանցից:
«Մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք եւ փաստորեն Ռուսաստանից Ռուսաստան ենք տեղափոխում ապրանքները, թեեւ Ադրբեջանի տարածքով: Ինչո՞ւ մենք պետք է հարկեր վճարենք Ադրբեջանին»,- ասում է գյուղաբնակ Մագոմետ Ագաեւը` ավելացնելով, որ այս պաշտոնյաների վարքագիծը «անօրինական է թվում»:
Գյուղի բնակիչների խոսքերով, ադրբեջանցի սահմանապահներն իրենց չեն թույլատրում անցնել սահմանը, եթե իրենք գործող ռուսական միջազգային անձնագիր չունեն: Սա դժվար է դարձնում նրանց կյանքը, քանի որ մարդկանց անհրաժեշտ է հաճախ Դաղստան մեկնել տարբեր իրեր գնելու համար, նաեւ՝ վարչական տարբեր հարցերով, օրինակ` նորածին երեխային գրանցելու համար:
Խրախոբայում դեռեւս գոյություն ունի խորհրդային ժամանակաշրջանի «սովխոզ» կամ պետության կողմից կառավարվող ագարակ, բայց 1991թ. նոր պետությունների ստեղծումը շտկումներ մտցրեց հողի օգտագործման` երկար տարիներ գործող կարգում: «Ջրատար խողովակը, որը մենք օգտագործում էինք ոռոգման նպատակներով, պատկանում է Ադրբեջանին: Մինչ այդ մենք այն հերթով էինք օգտագործում»,- բացատրում է Աբդուլաեւը: «Սակայն հիմա մենք այլեւս չենք կարող օգտագործել այս ջուրը, քանի որ Ադրբեջանում այդ հողն այժմ
ուրիշի մասնավոր սեփականությունն է հանդիսանում, եւ այդ մարդիկ հրաժարվում են թույլ տալ մեզ այն օգտագործել»: Ուրյանոբա գյուղի բնակիչ Իբրագիմ Իբրագիմովի խոսքերով, այս գյուղն աստիճանաբար դատարկվում է, քանի որ երիտասարդները հեռանում են այստեղից` ավելի լավ կենսապայմաններ փնտրելով:
Ընտրությունների անցկացումն այն հազվադեպ պահերից է, երբ Ռուսաստանի իշխանություններն ուշադրություն են դարձնում այս երկու գյուղերին: Դեկտեմբերին Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ 2008թ. մարտին, երբ Դմիտրի Մեդվեդեւը փոխարինեց Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում, այստեղ պաշտոնյաներ այցելեցին՝ եւ ընտրատեղամաս ստեղծվեց: Տեղի 205 ընտրողները հիմնականում Պուտինի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կողմնակիցներ են, զգալիորեն ավելի փոքր է ՌԴ Կոմունիստական կուսակցությանը հարողների թիվը:
Սահմանից այն կողմ` Դաղստանում, Ադրբեջանին պատկանող նույնատիպ մի անկլավ կա: Խրախոբայի բնակիչ Մալիկ Շաբանովը հարազատներ ունի Զյուգյուլոբա անկլավային գյուղում: Նա ասում է, որ այդ գյուղը նույն կերպ անտեսված է իր կառավարության կողմից եւ բյուրոկրատական խնդիրներ ունի իրեն շրջապատող երկրի հետ: Գյուղի բնակիչները նույնիսկ չեն կարողանում տեղի գլխավոր քաղաքը` Գուսար, այցելել, քանի որ ռուսական օրենքներն այնքան խիստ են, որ նրանց անձնագրերում պետք է կնիք դրվի, նրանք պետք է գրանցվեն Ոստիկանությունում, կարծես օտարազգի լինեն: «Ինչպես եւ Խրախոբայի բնակիչները, Զյուգյուլոբայի բնակիչները եւս փորձում են լուծել իրենց խնդիրները` հեռանալով գյուղից»,- ասում է Շաբանովը:
Խրախոբայի բնակիչ Մուստաֆան առաջարկում է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանն ուղղակի փոխանակման դիմեն: «Թող Ռուսաստանը վերցնի ադրբեջանական անկլավը եւ իր սեփական անկլավը տա Ադրբեջանին: Շատ դժվար է ապրել այս փոքրիկ տարածքներում` սեփական երկրից առանձնացած»,- ասում է նա:
Սաբուխի ՄԱՄԵԴԼԻ
Բաքու, «Ենի Մուսավաթ» թերթի թղթակից
Հոդվածն առաջին անգամ տպագրվել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականում