Դերասանուհի Լալա Մնացականյանը վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի բեմում երկու օր ցուցադրել է իր «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած տղամարդուն» հեղինակային մենաներկայացումը, որի հիմքում Գաբրիել Գարսիա Մարկեսի պիեսն է։ Լալան այն խաղացել է ռուսերեն լեզվով ու ռուս հանդիսատեսի համար, եւ մեծ, նույնիսկ իր համար անսպասելի ջերմությամբ է ընդունվել: Լալային ուղղված ծափերը նաեւ մտածող, ազդելու ունակ, պրոֆեսիոնալ հայ դերասանին ուղղված ծափեր էին: Հյուրախաղերը Մոսկվայում կազմակերպել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, գործարար Հրանտ Պողոսյանը եւ «Հ1»-ի թղթակից Ոսկան Մամիկոնյանը, որոնց դերասանուհին իր շնորհակալությունն է հայտնում։ «Ինչ ուզում ես՝ արա, եթե հովանավորներ չլինեն՝ չես կարողանա նույնիսկ քո ամենափայլուն ծրագրերն իրականացնել»,- ասում է նա։ Այնպես է ստացվել, որ վերջին երեք տարիների ընթացքում Լալա Մնացականյանը հանդիսատեսին է ներկայանում միայն մեկ` էմոցիոնալ ու սահմանագծի վրա կանգնած Գրացիելլայի դերով (թեեւ ներկայացման մեջ հերոսուհու անունը չի հիշատակվում), այդ ներկայացումը դերասանուհու համար շատ թանկ է։ «Ես կարծես մտել եմ իմ հերոսուհու բջիջների մեջ»,- ասում է նա։ Ընդ որում՝ այդ դերը թատրոնում կատարում էր նաեւ հիանալի դերասանուհի Սոֆիկո Չիաուրելին, ում խառնվածքը թերեւս շատ նման է մեր Լալա Մնացականյանի կերպարին։ «Բոլոր լավ դերասանները սեփական դերի ռեժիսորներն են, իսկ ներկայացումը մի ամբողջական կտավ է, որը կամ ստացվում է, կամ էլ՝ ոչ»,- ասում է Լալան։ Ընդհանրապես կնոջ ու տղամարդու հարաբերությունները Լալայի սիրելի թեման է։ Նա համոզված է, որ ամենասարսափելին վախն է, երբ վախենում ես նորից սկսել քո կյանքը։ Հիմա նա նոր սցենար է գրել, ուզում է ֆիլմ նկարահանել մի կնոջ մասին, ով հասկանում է՝ կարելի է ջնջել եղած դժոխքն ու նորից սկսել ապրել։ «Շատ կանայք մտածում են, որ պետք է «յոլա» տանել։ Բայց ի՞նչը։ Կյա՞նքը»,- նա հռետորական հարց է «կախում օդում»՝ համոզված լինելով, որ պետք է այնպիսի ֆիլմ նկարահանել, որը դիտելուց հետո մարդիկ կուզենան ապրել։ «Նախկինում ես ուզում էի մի բան անել, որպեսզի իմ անունը հնչի, բայց հիմա ես հասկանում եմ, որ իմ անունը կարեւոր չէ, կարեւորը «Հայաստան» բառն է, որը ես ներկայացնում եմ։ Երբ ասվում է կամ պաստառների վրա գրվում է. «Դերասանը կամ դերասանուհին` Հայաստանից», ես ուզում եմ, որ հենց «Հայաստան» բառը կարեւորվի: Այլ երկրների հանդիսատեսի համար մեր դերասանների անունները ոչինչ չեն ասում, ես ուզում եմ, որ մեզ ճանաչեն մեր արվեստով, մեր թատրոնով»,- ասում է նա։
– Իսկ ինչո՞ւ ես մոսկովյան հաջողություններն անսպասելի համարում։
– Մոսկվա մեկնելիս՝ ես շատ մեծ վախ ունեի, որովհետեւ խաղում էի ռուսերեն լեզվով ու ռուս հանդիսատեսի համար։ Մենք մտածեցինք՝ դե որքա՞ն կարելի է հայերեն խաղալ, թող ռուսներն էլ իմանան, որ մենք կարող ենք ներկայանալ նաեւ իրենց լեզվով։ Դա շատ կարեւոր փորձություն է ցանկացած դերասանի համար, քանի որ կարողանում ես ինքդ քեզ ուրիշի աչքերով նայել։ Գիտեք, ինչպես է լինում, երբ մի լավ բան ես ունենում արած, ափսոսում ես, որ այն ոչ ոք չի տեսնում, եւ ուզում ես այն ցույց տալ աշխարհին։ Հետաքրքիր էր, որ մենք «չընկանք» փողի հետեւից, գլխավորը մեզ համար ցուցադրելն էր։ Ներկայացումն այնքան լավ ընդունվեց, որ գերազանցեց մեր ամենահամարձակ սպասումները։ Ինձ համար ամենակարեւորը թատրոնի աշխատողների, ոչ թե դերասանների, այլ՝ ռեժիսորի օգնականների, բեմի աշխատողների գնահատականն է։ Սունդուկյանի թատրոնում, օրինակ, մենք ռեժիսորի օգնական Նազիկ ունեինք, եւ մինչեւ ես իր առջեւ «քննություն» չհանձնեի, ես չէի կարողանում տեղս գտնել։ Օգնականներ միշտ դառնում են այն մարդիկ, որոնք թատրոնի հանդեպ հսկայական, անշահախնդիր սեր ունեն եւ ամբիցիաներից ու խանդից բացարձակ զուրկ են։ Այդ մարդիկ ներքուստ թատրոնի մեծ գիտակներ են։ Եվ երբ ինձ շնորհավորում էին Մոսկվայի թատրոնի աշխատողները, ես ուղղակի երջանիկ էի։ Ախր, մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ռուսները մեզ վերաբերվում։ Մոսկվայում թատրոնի աշխատողներն, օրինակ, մի օր սկսեցին մեր ֆիլմերի մասին խոսել, ու դերասաններից մեկն ինձ հարցրեց՝ իսկ դուք ազատ ժամանակ տոլմա եփո՞ւմ եք։ Ես ներքուստ մի տեսակ հավաքվեցի։ Դերասանը շարունակեց. «Դե գիտեք, մեզ մոտ հայ կինն ասոցիացվում է միայն ճաշ եփելու հետ»։ Ես էլ պատասխանեցի. «Դա ոչ թե մեզ, այլ՝ ձեզ է վատ բնորոշում։ Դուք պարզապես տեղյակ չեք՝ թե ո՞վ ենք մենք, ու ինչպիսի՞ն են մեր կանայք։ Մեր կանայք գեղեցիկ են, խնամված են, սիրում են իրենց ընտանիքներն ու իրենց աշխատանքը։ Մեր կանայք ամեն ինչ էլ կարող են անել։ Այ, թե ինչո՞ւ նրանք ամեն ինչ անել գիտեն՝ ես չեմ կարող բացատրել։ Իսկ ես ինքս տոլմա չեմ եփում, որովհետեւ ազատ ժամանակ պարզապես չունեմ։ Եվ իմ ընտանիքում բոլորն աշխատում են ու իրար օգնում են»։
– Հայերի կերպարը հպարտ ու գեղեցիկ ներկայացնելու համար թատրոնն ու կինոն հսկայական դեր ունեն։ Իսկ մենք այդ հնարավորությունները կարծես թե չենք օգտագործում։ Կամ էլ սխալ ենք օգտագործում։
– Այն, ինչը մենք հիմա ցուցադրում ենք հեռուստատեսությամբ, ես փորձում եմ դիտել ասենք՝ չեխի կամ լեհի աչքերով։ Եվ այդ չեխը՝ նայելով մեր ֆիլմերն ու հաղորդումները, հասկանում է, որ Հայաստանում մարդիկ գռեհիկ են խոսում, իրար վրա գոռգոռում են եւ, չգիտես ինչո՞ւ` բոլորը տգեղ են։
– Շատ ֆիլմերում այդպես ընդգծվում է մեր միամիտ, աշխույժ ու էմոցիոնալ կոլորիտը, որը մեզ իրականում նսեմացնում է։
– Ախր դա կոլորիտ չէ։ Կոլորիտը տեսակ է, իսկ մենք մեր տեսակը վերացրել ենք ու թողել ենք միայն արտաքին տեսքը։ Տեսակից տեսքին ենք անցել։ Նայելով մեր սերիալները, տեսնում ես, որ բոլոր կանայք գռեհիկ են, տղամարդիկ գռեհիկ են։ Իսկ ո՞վ ասաց, որ մեր կենցաղը միայն գռեհիկ է։ Ախր պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք սերունդ դաստիարակել, պետք է երիտասարդներին լավ բան ցույց տալ։ Լավ արվեստ կարող է ստեղծել այն մարդը, ով լավ արվեստ տեսել է։ Իսկ ի՞նչ օրինակներ կարող են վերցնել այսօրվա երիտասարդները։
– Մեկ ուրիշ դիտարկում էլ կարելի է անել՝ նայելով հիմա շատ մոդայիկ «Վերվարածները» սերիալը։ Այնտեղ ոչ մի կին չի աշխատում, կարծես կանանց նպատակը միայն ամուսնանալն է, իսկ տղամարդունը՝ անհայտ ձեւով փող վաստակելը։
– Ոչ ոք չի աշխատում այդ սերիալում։ Ես մի սցենար էի գրել ժամանակին, որտեղ կինն ասում է ամուսնուն՝ պետք չէ ինձ «պահել», մարդիկ շուն են պահում, կատու են պահում, ինձ պահել հարկավոր չէ։ Խեղաթյուրվում է մեր մտածելակերպը։ Եվ մեղավոր չեն այն մարդիկ, որոնք մեր մասին «գոգնոցային» պատկերացում ունեն։ Գոգնոցը մեր տարազն է դառնում, իսկ նպատակը՝ տոլման։ Թվում է, դրանից դեն մենք լինել չենք կարող։ Ֆիլմ ենք նկարում, որտեղ տղամարդը, կին ընտրելիս, մտածում է՝ արդյոք ապագա կինը կկարողանա՞ եփել, թե՞ ոչ։ Այսինքն՝ մենք մարդուն չենք գնահատում, մենք նրա ճաշ եփելն ենք գնահատում։ Մի լավ անեկդոտ կա. մայրը հարցնում է տղային՝ ինչպիսի՞ մարդ է քո ընտրած աղջիկը։ Տղան պատասխանում է՝ վայ, մամա ջան, շատ լավ աղջիկ է, եփում-թափում է… Մայրն ասում է՝ չէ, բալիկ ջան, ես չեմ հարցնում՝ ինչպիսի ծառայող է նա, այլ՝ հարցնում եմ` ինչպիսի մարդ է։ Այսինքն, մենք ամուսնությունը պատկերացնում ենք որպես մի կողմից՝ եփող-թափողի, մյուս կողմից՝ բերողի միություն։ Ստացվում է, որ ամուսնանում են ներսի ու դրսի պատերը։ Ոչ, պատերը չեն ամուսնանում, մարդիկ են ամուսնանում։ Իսկ լավ ամուսնություն ասելով, մենք հասկանում ենք՝ մի ընտանիք, որտեղ ամուսիններն իրենց պարտականությունները լավ, առանց թերանալու են կատարում։
– Ռուսերեն տարբերակում ներկայացումը կոչվում է՝ «Երջանիկ ամուսնություն՝ նման դժոխքի»։ Իսկ ե՞րբ է սկսվում դժոխքը։
– Դժոխքը սկսվում է այն ժամանակ, երբ դու ներսից երկտակվում ես, անհաշտության մեջ ես մտնում, այսինքն` սահմանագծին ես կանգնում, չես համակերպվում սեփական կյանքիդ հետ։ Երջանիկ ամուսնություն ասելով, մարդիկ հասկանում են՝ ապահով, արտաքին, ձեւական բարեկեցիկ կյանքը։ Իսկ թե դրա տակ ի՞նչ է կատարվում, մեզ չի հետաքրքրում։ Այդ բոլոր մտքերն ասում է իր հերոսուհին, բայց ներկայացման վերջում պարզվում է, որ դա ասել է ոչ թե իր ամուսնուն, այլ` մանեկենին։ Նա էլի չի համարձակվել խոսել այդ մասին իր ամուսնու հետ: Կարծում եմ, որ մեր ողբերգությունը նրանում է, որ ամուսինները երբեք չեն խոսում իրար հետ: Բոլորս էլ մեր ընտանիքներում տարբեր խնդիրներ ունենք, չենք կարող չունենալ, բայց չենք ասում այդ մասին իրար: Իմ հերոսուհին 48 տարեկան, մեծահարուստ կին է, ով 25 տարի ապրելով ամուսնու հետ, թողնում է ամեն բան ու հեռանում է։ Ես երկար ժամանակ մտածում էի, թե այս կնոջ ողբերգությունը որտե՞ղ է, չէ՞ որ ատելությունն ու «չսերը» (այդ բառը շատ եմ սիրում, չնայած այդպիսի բառ չկա) միակողմանի չեն լինում։ Եվ այդ արտաքուստ երջանիկ կինը, որն իրականում շատ դժբախտ է, ի վերջո, թքում է ամեն ինչ վրա ու հեռանում է:
– Իսկ ինչպե՞ս հանդիպեցիր Մարկեսի այդ պիեսի հետ։
– Մոսկվաբնակ մի ռեժիսոր, որը մեր տուն հյուր էր եկել ու տեսել էր իմ ձայնագրված կատարումները, ասաց` դու դրամատիկ դերասանուհի ես, ես քեզ համար պիես կուղարկեմ: Եվ ուղարկեց։ Երբ կարդացի այդ պիեսը, անկախ ինձնից՝ ընդվզեցի հերոսուհու դեմ, նա բարկացրեց ինձ: Հետաքրքիր է, որ ես իմ հերոսուհուն ո՛չ խղճացել եմ, ո՛չ էլ սիրել եմ: Ես բարկացել ու վիճել եմ նրա հետ, ասել եմ` ախր դու էս ի՞նչ ես արել քո կյանքի հետ, ի՞նչ իրավունք ունես խաղ անել քո կյանքի հետ: Հետո ես այդ պիեսը բերեցի մեր Արտիստական թատրոնի ղեկավար Ալբերտ Մկրտչյանի մոտ, ասացի, որ ուզում եմ մենաներկայացում անել: Նա այլ կերպ մեկնաբանեց պիեսն ու մի քանի նոր հերոսներ մտցրեց ներկայացման մեջ, ասելով` դու քո մենաներկայացումն արա այնպես, ինչպես ուզում ես, իսկ ես այլ ներկայացում եմ տեսնում: Նա մի ռեժիսոր է, ով երբեք չի բռնանում դերասանի վրա:
– Հիմա ներկայացումը երկու տարբերակ ունի՞:
– Այո, բայց դրանք տարբեր ներկայացումներ են: Ալբերտ Մուշեղովիչի բեմադրությունը խաղում ենք Երեւանում, իսկ իմ հեղինակային բեմադրությունը ես խաղացել եմ Կիեւում, որտեղ մրցանակ եմ ստացել, Ամերիկայում, Մոսկվայում: Մի քիչ բարդ է, իհարկե, որովհետեւ դերասանի մարմինը սովորում է միզանսցեններին:
– Մեր թատրոնում, կարծում եմ, շատ լուրջ խնդիր կա. մենք հիանալի դերասաններ ունենք, բայց այդ դերասանները դերեր չունեն։
– Մենք լավ դերասաններ շատ ունենք, միայն մեկ բանն է մեզ մոտ պակասում. մեր «շկոլան»` հիմքը, ուժեղ չէ: Լավ ժամանակակից պիեսներ, իհարկե, չկան, բայց ախր համաշխարհային փայլուն պիեսներն են շատ: Սովորաբար մենք պրոբլեմին նայում ենք հին աչքերով` մոռանալով, որ մարդկանց միակ պրոբլեմը բոլոր ժամանակներում եղել է իրար հետ շփվելու պրոբլեմը։ Սարոյանը, Շոուն, Սարտրը, Թեննեսի Վիլյամսը կարող են այսօր շատ լավ հնչել, եթե այսօրվա աչքերով նայենք: Հանդիսատեսը թատրոն է գալիս, որպեսզի տեսնի մեր բաց նյարդերը: Եվ պետք չէ նստել ու սուտի լաց լինել` նեղանալով, որ հանդիսատեսը չի գալիս թատրոն՝ մեզ նայելու։
– Հեռուստատեսությունում աշխատել չե՞ս ուզում։ Քաղաք, ընտանիք, երիտասարդություն, երեխաներ… թեմաները շատ են:
– Մենք շատ թեմաներ ունենք, որոնք դուրս են մնում մեր էկրանից: Բայց ո՞վ կարող է հովանավորել այդպիսի հաղորդումները: Հովանավորվում է, օրինակ, «Օտար խաղերը» հաղորդումը, որտեղ երկու տգեղ մարդիկ «մատից ծծած» թեմայի շուրջ են խոսում, եւ ի՞նչ են տալիս դրանք մեզ։ Մենք ընտանեկան, սոցիալական շատ պրոբլեմներ ունենք, որոնց մասին չենք խոսում։ Արդեն երկրորդ սերունդն է գալիս, որը «չկա» բառն անընդհատ օդից կախված է տեսնում: Ընդհանրապես ես մտածում եմ, որ հարկավոր են հաղորդումներ երիտասարդների համար։ Այսօր մենք երիտասարդություն չենք դաստիարակում, հետո էլ բողոքում ենք։ Հիմա ամբոխի, հոտի գաղափարն է շատ ուժեղ։ Հիմա երիտասարդ տղաներն ուզում են նմանվել «տարականի» արտաքինով մարդկանց, որոնք օրենքներ են թելադրում ու ենթարկում են իրենց։ Մեր երիտասարդների համար շատ վտանգավոր «գողական» շրջապատն է կարեւորվում, որն իր ճահիճն է քաշում ու երիտասարդին ստիպում է միջատի կերպարանք ընդունել։ Ես հաճախ եմ ասում. եթե ուզում ես իմանալ, ինչպիսի երկիր ես եկել, մտիր այդ երկրի գերեզմանոցները, ուրիշ բան պետք չէ: Մենք գերեզմանոցներում թանկ արձաններ ենք կառուցում, բայց շուրջը կեղտի մեջ կորած է: Մեր գերեզմանոցներն աղբանոցների են նման, որտեղ, սակայն, միլիոնանոց շիրմաքարեր են: Պարադոքս է: Մենք թափում ենք աղբը փողոցում, որովհետեւ չենք սիրում մեր քաղաքը, չենք սիրում ու վերջ։
– Իսկ ամենօրյա, կենցաղային հարցերը հումորով ներկայացնելը որեւէ կերպ շտկո՞ւմ է իրավիճակը։
– Եթե կատակով ու հումորով ասես այդ մասին, մարդն իրեն չի տեսնի հերոսների մեջ, կտեսնի իր հարեւանին, բայց ոչ երբեք՝ իրեն։ Իսկ եթե լուրջ ասես, մարդը պարզապես թատրոն չի գա։ Հետաքրքիր է, որ հիմա հանդիսատեսը չի գալիս դրաման նայելու, այլ` գալիս է ծիծաղելու: Ես ապշում եմ, երբ հումորիստները կանգնում են ու անեկդոտներ են պատմում։ Ախր հումորը դա չէ, անեկդոտ պատմելը պարզապես շնորհք է, որն ունի, օրինակ, մեր հարեւան Գառնիկ քեռին, ով նարդի խաղալուց լավ անեկդոտներ է պատմում։ Հումորը շատ ավելի լուրջ աշխատանք է։
– Իրականում դու շատ ցայտուն դրամատիկ դերասանուհի ես, բայց բոլորին ծանոթ ես որպես կատակերգակ դերասանուհի: Վիրավորական չէ՞։
– Դա լուրջ դժվարություն է ու նաեւ՝ բարդ սահման է։ Հանճարեղ Կարպ Խաչվանքյանը, երբ իրեն առաջարկել էին Դիոգենեսի դերը խաղալ, ասել էր՝ ինչպե՞ս կարող եմ Դիոգենես խաղալ, ես կկորցնեմ այն հանդիսատեսին, որն ունեմ, ու կարող է ձեռք չբերեմ այն հանդիսատեսին, որին ուզում եմ։ Չնայած, ես գիտեմ, որ ծիծաղն աշխարհի ամենալավ բանն է, իսկ ժպտացող մարդիկ ոչ միայն երկարակյաց են, այլեւ իրենց շուրջը լույս են սփռում, բայց ես զգում եմ, որ կարող եմ այլ՝ ոչ միայն կատակերգական դերերով հանդես գալ։
– Մենք շատ խոսեցինք հայ կանանց մասին, իսկ տղամարդկանց մոռացանք։ Հայ տղամարդիկ ուժե՞ղ են։
– Տղամարդկանց ուժը հիմա պատում է միայն իրենց կանանց ու աղջիկների վրա։ Ես համոզված եմ, որ այն տղամարդը, որը կնոջ վրա ձեռք է բարձրացնում, շատ թույլ է։ Նա առաջինն է խփում, որպեսզի իրեն չխփեն։ Շատերի ուժը հերիքում է միայն աղջկան ասելու՝ «կարճ շրջազգեստ մի հագիր, ախչի՛»։ Մի անգամ մի սարսափելի հաղորդում տեսա, որտեղ խոսում էին դասախոսի մասին, որն իր ուսանողուհուն անպարկեշտ առաջարկ էր արել։ Եվ հաղորդման հոգեբանը եզրակացրեց՝ աղջիկ ջան, դո՛ւ ես մեղավոր, կարճ զգեստ էիր հագել, դե, դասախոսն էլ տղամարդ է, պիտի նման բան քեզ առաջարկեր։ Եթե ես ներկա լինեի այդ հաղորդմանը, ես այդ վայ հոգեբանին հողին կհավասարեցնեի։ Ինչպիսի՞ տղամարդու օրինակ ենք ստեղծում։