Ով ում սցենարով է խաղում

13/05/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Նոր ժամանակներ» կուսակցության եւ նրա նախագահ Արամ Կարապետյանի շուրջ
ամեն օր նոր իրադարձություններ են ծավալվում: Ապրիլի 20-ին Սեւանում
կայացած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո՝ սկզբում
Դատախազությունը զբաղվեց այդ գործով, ապա՝ Ոստիկանությունը
հաղորդագրություն տարածեց, որի ողջ իմաստն այն էր, որ կատարվածի
պատասխանատուն հանրահավաքի կազմակերպիչն է, այսինքն՝ Արամ Կարապետյանը:
Դրան նախորդել էին կուսակցության ղեկավարների ու բազմաթիվ անդամների
հարցաքննությունները, որից հետո Ոստիկանությունը հայտարարեց, թե Արամ
Կարապետյանի կուսակցությունում կան 8 անդամներ, որոնք նախկինում դատված են
եղել: Իհարկե, Ոստիկանությունը դրանից հետո հրաժարվում է տրամադրել այդ
անձանց անունները, եւ, ինչպես նախօրեին հրավիրած ասուլիսում հայտարարեց
Արամ Կարապետյանը, իրենք պատրաստվում են այդ հարցով հայց ներկայացնել
դատարան: Իսկ իր շրջապատում քրեական անցյալ ունեցող անձանց մասին
հայտարարությունները Արամ Կարապետյանը համարում է հերյուրանք:
Բայց Սեւանում տեղի ունեցած միջադեպն ունեցավ ավելի շատ քաղաքական
«շարունակություն»: Ապրիլի 21-ին ավելի քան երկու տասնյակ
կուսակցություններ համատեղ հայտարարություն ընդունեցին, որով դատապարտում
էին տեղի ունեցածը եւ կոչ էին անում քրեական տարրերին զերծ պահել
քաղաքական գործընթացներից: Անսպասելին, սակայն, ոչ թե ինքը՝
հայտարարությունն էր, այլ այն, որ դրա տակ, բացի ընդդիմադիր քաղաքական
ուժերից, ստորագրել էին նաեւ կոալիցիան ներկայացնող կուսակցությունները եւ
բազմաթիվ այլ իշխանամետ ուժեր: Կոալիցիայի այս քայլը շատերի կողմից
գնահատվեց որպես Ռոբերտ Քոչարյանից տարանջատվելու փորձ: Իր հերթին,
Քոչարյանը կոալիցիային հասկացրեց, որ հանկարծ չփորձեն խաղեր տալ եւ
երկուշաբթի օրը հատուկ այդ առթիվ բացառիկ հարցազրույց տվեց Հանրային
Հեռուստատեսությանը, որն այնքան բացառիկ էր, որ նույն օրը ցուցադրվեց
բոլոր հեռուստաալիքներով: «Իհարկե, այդ հայտարարության բովանդակության հետ
ես համաձայն եմ, եւ քրեական տարրերը չպետք է մասնակից լինեն քաղաքական
գործընթացներին: Ուղղակի տվյալ դեպքում այդ հայտարարության առիթը շատ
անհաջող էր: Եվ քննությունը ցույց տվեց, որ իրականում այլ դեպքեր են տեղի
ունեցել ու միտինգի կազմակերպիչն ինքն է հրահրել այդ ծեծկռտուքը:
Քննությունը եւս ցույց է տվել, որ հենց իր շրջապատում են գտնվում քրեական
տարրերը: Եվ այդ հայտարարությունը բավական անհարմար վիճակի մեջ դրեց
կուսակցություններին, որոնք դրա տակ ստորագրել են»: Ոմանք կարծում են, թե
Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը վախի արտահայտություն էր, թեեւ
բացառված չէ, որ Քոչարյանն այս կերպ ինքն է փորձում վախեցնել
ընդդիմությանը: Իսկ Արամ Կարապետյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի
նյարդայնությունը շուտ է արտահայտվել, դա պետք է լիներ մի փոքր ավելի ուշ:
«Միակ անսպասելի բանը մեզ համար այն էր, որ երկրի նախագահը՝ ինչպես
հոկտեմբերի 27-ից հետո, իր վրա վերցրեց դատախազի եւ ոստիկանապետի
ֆունկցիաներ: Դեռեւս նախաքննության փուլում գտնվող քրեական գործին
ակնհայտորեն քաղաքական ուղղորդում տալով՝ իշխանություններին հաճո
ընթացքով: «Դավաճանների» քանակը եւ որակը գնալով աճում է: Չեմ կարծում, որ
այդ կեցվածքը հարիր է երկրի նախագահին»,- այսպես է գնահատում «Նոր
ժամանակներ» կուսակցության նախագահը Ռոբերտ Քոչարյանի՝ իր հասցեին արված
հայտարարությունը: Ի դեպ, չնայած Քոչարյանը որոշել էր, որ այդ
հայտարարությունը ստորագրած կուսակցություններն անհարմար վիճակի մեջ են
ընկել, նրանցից որեւէ մեկը, ըստ Արամ Կարապետյանի, դեռեւս հետ չէր կանչել
իր ստորագրությունը: Նմանատիպ քայլ արել էր ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը՝
նախօրեին կուսակցության քաղխորհրդի ընդունած հայտարարությամբ: Սակայն
դրանից ընդհանուր պատկերը չի փոխվել: Դատելով կոալիցիայի
ներկայացուցիչների մամուլում հնչած տեսակետներից, ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀՅԴ-ն եւ
ոչ էլ ՕԵԿ-ը չեն հրաժարվելու իրենց ստորագրություններից:
Ինչ վերաբերում է «Նոր ժամանակներին», ապա, ըստ Արամ Կարապետյանի,
կուսակցությունը փոխելու է իր մարտավարությունը, եւ բացառված չէ, որ
առաջիկայում հրավիրվի երրորդ արտահերթ համագումարը: Արամ Կարապետյանի
ասելով, նոր ծրագրերը վաղուց պատրաստ են, եւ իրենք ընտրելու են
լավագույնը: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը մերժել էր «Նոր ժամանակներ»
կուսակցության՝ մայիսի 4-ին «Գարեգին Նժդեհ» հրապարակում հանրահավաք
անցկացնելու դիմումը՝ պատճառաբանելով, թե այդ միջոցառման անցկացումը
սպառնում է «անձանց առողջությանը, ինչպես նաեւ՝ կյանքին, միեւնույն
ժամանակ՝ պայմաններ ստեղծում քաղաքացիների իրավունքների ու
ազատությունների դեմ ուղղված իրավախախտումների համար»: Այսինքն՝
առաջիկայում «ազգային հեղափոխության» հանրահավաքային ալիքը դադարեցվելու
է:
Դժվար է ասել, թե ինչպիսի ավարտ կունենա Արամ Կարապետյանի շուրջ ստեղծված
այս պատմությունը: Սակայն ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է նրան որպես
հալածյալ քաղաքական գործիչ ներկայացնելու համար: Ընդ որում, դատելով
իրադարձությունների զարգացման ընթացքից, այդ գործով ինտենսիվորեն զբաղվում
են նաեւ իշխանությունները: Նաեւ այդ տրամաբանության մեջ կարելի է դիտարկել
Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը: Համենայնդեպս, ակնհայտ է, որ
այս ամենը կատարվում է որոշակի սցենարի շրջանակներում: Ժամանակը ցույց
կտա՝ ով ում սցենարով է խաղում: