Թորոսյանը դեմ է երկխոսությանը

30/04/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարեց, թե ներկա իրավիճակում հնարավոր չի համարում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր միջնորդությունն էր առաջարկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում կազմակերպելու համար: Լ.Տեր-Պետրոսյանը դրական պատասխան է տվել, գործող նախագահը հանդիպման վերաբերյալ «հաստատական» պատասխան չի տվել: Ս. Սարգսյանը, սակայն, նախագահական ընտրություններից հետո համագործակցության կոչ էր արել քաղաքական բոլոր ուժերին: Եվ հիմա անհասկանալի է, թե իշխանություններն ինչո՞ւ են հրաժարվում այդ երկխոսությունից: «Նրանք, ովքեր չեն ընդունում Հայաստանում օրենքների կիրառման անհրաժեշտությունը, նրանք, ովքեր ոտնահարում են օրենքները, նրանք, ովքեր չեն ընդունում Հայաստանում տարբեր կառույցների` այդ թվում նաեւ երկխոսության հիմք հանդիսացող Սահմանադրական դատարանի որոշումները, ի՞նչ երկխոսություն կարող է լինել այս պարագայում, ի՞նչ հարցի հետ կապված»,- ասաց Տ.Թորոսյանը: Նա նաեւ անընդունելի համարեց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը: Տ. Թորոսյանի կարծիքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելով ո՛չ կուսակցությունները կկայանան, ո՛չ քաղաքացիական հասարակության կառույցները լիարժեքորեն կձեւավորվեն, ո՛չ հարաբերությունները կտեղափոխվեն ընդունելի հարթություն, ո՛չ էլ պետական կառույցներում առկա խնդիրները կլուծվեն: Նա նաեւ չհամաձայնեց մամուլի այն հրապարակումներին, թե ինքը չի ուզում կատարել ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջները: Պարզապես, Տ.Թորոսյանի ասելով, ԵԽ ԽՎ վերջին բանաձեւը «լիարժեք չի համապատասխանում կատարված իրադարձությունների պատկերին»: Ըստ նրա, ՀՀ-ն ավելի ժողովրդավար դարձնելուն միտված պահանջները պետք է կատարվեն, սակայն կան նաեւ պահանջներ, որոնց հետ կապված ԱԺ նախագահը վերապահումներ ունի: Օրինակ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու Հանրային հեռուստառադիոխորհրդի կազմավորման կարգի վերանայման առաջարկը, Տ.Թորոսյանի խոսքերով, հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Նա երեկ նաեւ հերքեց շրջանառվող այն լուրերը, թե «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ կազմակերպելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների միակ նախաձեռնողն ինքն է եղել: Այն ժամանակ նա նույնիսկ վստահ է եղել, որ այդ փոփոխությունները նորից փոխելու անհրաժեշտություն է առաջանալու: Իսկ հիմա եվրոպացի փորձագետներին են ուղարկել այդ օրենքի նոր փոփոխությունները, եւ եզրակացությանը սպասում են երկու շաբաթից: Լրագրողները Տ.Թորոսյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցի մասին: ԱԺ նախագահն ասաց, թե դեռ չի հասցրել ամբողջությամբ կարդալ զեկույցը, բայց կարծում է, որ դրանով ՄԻ պաշտպանի գործունեությունն «այդ դեպքերի առնչությամբ սպառվել է, այսինքն` այն, ինչ ուներ անելու եւ ասելու, զեկույցում ասել է»: Հիշեցնենք, որ ՄԻ պաշտպանն իր զեկույցում բազմաթիվ հարցադրումներ էր առաջադրել` ովքե՞ր են մարտի 1-ին կրակել ժողովրդի վրա, մարտի 1-ի եւ 2-ի օպերացիաների ժամանակ ի՞նչ դերակատարություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանը եւ այլն: Տ.Թորոսյանն իր համար չի՞ պարզել արդյոք այս հարցերի պատասխանները: Նա լրագրողներին խորհուրդ տվեց «այդ հարցերով դիմել պատասխանատուներին»: