Հարկային ցուցանիշների թաքնված «հմայքը»

30/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Աստված մի արասցե, եթե մենք մի փոքրիկ վրիպում ունենանք այս բնագավառում՝ բացթողում, թերություն: Ստեղծված իրավիճակում, երբ այդպիսի սպասումներ կան, դա կարող է տապալել կառավարության ամբողջ ծրագիրը»,- երեկ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության աշխատակազմին ՀՊԾ պետի նորանշանակ առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանին ներկայացնելիս: Տ. Սարգսյանը նրանից շնորհակալություն է հայտնել մասնավորից պետական ոլորտ տեղափոխվելու համար, քանի որ, իր իսկ դիտարկմամբ, մասնավոր ոլորտում շատ ավելի մեծ են եկամուտ ստանալու հնարավորությունները, քան պետականում։ Վարչապետը հույս է հայտնել նաեւ, որ նոր պաշտոնում նրա գործունեությունը կնպաստի հարկային ոլորտում իրականացվելիք բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Նշենք, որ Ա. Չիլինգարյանը մինչ այս պաշտոնում նշանակվելը «Ահարոն Պարադիգմա» խորհրդատվական ընկերության ղեկավարն էր: Այս ընկերությունը մատուցում է հարկային եւ հաշվապահական բնույթի խորհրդատվություն: Իսկ թե որքանով է նորմալ եւ նպատակահարմար որեւէ գերատեսչության գործունեությանը թեկուզ անուղղակիորեն առնչվող բիզնեսի ներկայացուցչին նշանակել այդ գերատեսչության բարձրաստիճան ղեկավար, հայտնի է թերեւս միայն Տիգրան Սարգսյանին, որն իր պաշտոնավարությունը սկսել է մի շարք նորամուծություններով: Եվ հետաքրքիր կլինի հետեւել, թե ինչպես է ՀՊԾ նորանշանակ պետի տեղակալը պաշտպանելու իր «պատիվն ու արժանապատվությունը» (ինչպես կառավարության նախորդ նիստում ասել էր վարչապետը), երբ վաղը մամուլը գրի, որ ասենք ՀՊԾ-ն խորհրդատվական ծառայություններ է պատվիրել, ասենք «Ահարոն Պարադիգմա» ընկերությանը: Այնուամենայնիվ, վարչապետը այս նշանակումից ակնկալում է դրական փոփոխություններ: «Այսօր Հայաստանում մեզանից սպասում են փոփոխություններ, որոնք մարդիկ առաջին հերթին տեսնելու եւ զգալու են հենց հարկային վարչարարության ոլորտում, քանի որ հարկային մարմիններն ամենօրյա բազմաթիվ հանդիպումներ են ունենում մարդկանց, գործարարների հետ: Նաեւ հարկային մարմինների պահվածքով ու կեցվածքով է պայմանավորվում հասարակության վերաբերմունքն իշխանության հանդեպ: Սա չափազանց պատասխանատու ոլորտ է, եւ սպասումներն էլ չափազանց բարձր են»,- ասել է Տ.Սարգսյանը:

Բարեփոխումների կարեւորության մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաեւ ՀՊԾ պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ դրանք նպաստում են հարկային բեռի համաչափությանը: «Հարկային բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, երբեք չպետք է ասել, որ այս կամ այն բարեփոխումն իրականացնելով՝ բոլոր հարցերը լուծվում են: Առանց ներքին բարեփոխումների, առանց վարչարարության կատարելագործման, հնարավոր չէ հավաքագրումների ցուցանիշը կտրուկ ավելացնել: Մենք պայքարում ենք, որ որեւէ մեկը մյուսների համեմատ առավելություն չունենա եւ արտոնություններից չօգտվի»,- ընդգծել է նա:

Խոստումնալից թվեր

Այս լավատեսական խոսքերից հետո անցնենք արդեն արձանագրված թվերին։ Պետք է նշել, որ առաջին հայացքից, դրանք էլ են լավատեսական։ Այս տարվա առաջին եռամսյակում ՀՊԾ-ն հավաքագրել է շուրջ 75 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57 մլրդ-ի դիմաց: Առանձին հարկատեսակների գծով ցուցանիշները հետեւյալն են. շահութահարկ՝ 20.1 միլիարդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 15.4 միլիարդ), ԱԱՀ՝ 25 միլիարդ (նախորդ տարի՝ 18.3), եկամտահարկ՝ 10.7 (նախորդ տարի՝ 8.4)։ Ինչպես տեսնում եք, գրեթե բոլոր հարկատեսակների գծով աճ է արձանագրվել։ Ինչ վերաբերում է սոցվճարներին, ապա գանձապետական համակարգով փաստացի հավաքագրվել է 21,2 մլրդ սոցվճար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18.7 միլիարդի դիմաց։ Մի փոքր էլ չարաշահենք ձեր համբերությունը՝ անդրադառնալով ՀՊԾ աշխատողների մասին պաշտոնական մի քանի թվերի, որից հետո կանցնենք առավել հետաքրքիր մասին։ Եվ այսպես, 2008թ. առաջին եռամսյակում ՀՊԾ-ն իրականացրել է 16 ծառայողական քննություն, որոնց արդյունքում բանավոր նկատողություն է տրվել 36, գրավոր նկատողություն՝ 44 աշխատակցի, նյութական պատասխանատվության է ենթարկվել 23 հարկային ծառայող: Հարկային համակարգում պաշտոնից հեռացվել է 4 մարդ, մեկի պաշտոնն իջեցվել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հարկային համակարգում իրականացվել է 7 ծառայողական քննություն, աշխատանքից ազատվել է 3 մարդ: Այս տվյալները ներկայացրեց ՀՊԾ պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանը։ Այսքանից հետո կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ լավ է՝ հարկերն աճել են, սեփական շարքերը՝ մաքրվել։ Խնդիրներ, իհարկե, կան, բայց դրանք կլուծվեն՝ ցանկություն էլ կա, հնարավորություն էլ, նախագահն ու վարչապետն էլ մեծ ուշադրություն են դարձնելու այս ոլորտին։ Եթե մենք լինեինք եթերում, ապա ռեպորտաժն այստեղ կվերջանար՝ հեռուստադիտողին թողնելով բարի տրամադրության մեջ։ Սակայն, քանի որ եթերում չենք, ժամանակի խնդիր էլ չունենք, ապա մեզ թույլ կտանք մի քիչ էլ երկարացնել՝ փոքր-ինչ վերլուծելով պաշտոնական թվերը։

Ի՞նչ է թաքնված թվերի ետեւում

Եթե կարճ ձեւակերպենք՝ շատ ու շատ հարցեր։ Սկսենք հավաքագրված հարկերից. 2008թ. առաջին եռամսյակում, ինչպես նշեցինք, հավաքագրվել է մոտ 75 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57 մլրդ-ի դիմաց։ Փաստորեն, ունենք մոտ հարկահավաքության 31% աճ։ Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այս տարվա բյուջեն 2.5 միլիարդ դոլար է։ Այլ հարց է՝ ինչի՞ կամ ո՞ւմ հաշվին են ավելացել բյուջետային մուտքերը, բեռն ավելի շատ ո՞ւմ ուսերին է ընկել՝ մանր ու միջի՞ն, թե՞ խոշոր գործարարների։ Մեր իշխանություններն ամեն հարմար առիթի դեպքում նշում են, որ պետք է լինի համաչափություն, հարկային բեռը բոլորի համար նույնը պետք է լինի՝ չընկնի միայն խեղճուկրակ, «տանիք» չունեցող մարդկանց ուսերին։ Ստուգելու համար, թե որքանով է դա այդպես, կարելի է աչքի անցկացնել խոշոր հարկատուների ցուցակը։ Այսինքն՝ տեսնել, թե 300 խոշոր հարկատուներն այս տարի որքան հարկ են մուծել, համեմատել նախորդ տարվա հետ, եւ հետո համեմատել ընդհանուր հարկային մուտքերի հետ։ ՀՊԾ-ն, թեեւ հրապարակում է խոշոր հարկատուների ցանկը, սակայն չի տպագրում նրանց վճարած հարկերի ընդհանուր գումարը։ Սա միգուցե մանրուք է թվում, սակայն շատ դժվար է հատ-հատ գումարել բոլորի վճարած հարկերը՝ դա ժամանակի կորուստ է, եւ բացի այդ՝ սխալվելու հավանականությունն է մեծ։ Սակայն մենք չալարեցինք, եւ հաշվեցինք 2008թ. եւ 2007թթ. առաջին եռամսյակների առաջին 100 խոշոր հարկատուների վճարած հարկերը: Ըստ այդմ, 2007թ. առաջին եռամսյակում 100 խոշոր հարկատուները միասին վճարել են մոտ 52.5 միլիարդ դրամ։ Ընդհանուր հարկային մուտքերը 2007թ. առաջին եռամսյակում կազմել էին 57 միլիարդ։ Այսինքն, հավաքագրված հարկերի 92%-ը բաժին է ընկել է 100 խոշոր ընկերություններին։ Հիմա նայենք այս տարվա ցուցանիշները՝ առաջին 100 խոշոր հարկատուները վճարել են մոտ 61.4 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, հավաքագրվել է 75 միլիարդ դրամ։ Ստացվում է՝ 100 խոշոր հարկատուների փխրուն ուսերին ընկել է ընդհանուր հարկային մուտքերի 81.6%-ը։ Փաստորեն, ավելի փոքր ընկերությունների հարկային բեռն ավելացել է։ Խնդրին կարելի է նայել նաեւ հետեւյալ տեսանկյունից. ընդհանուր հարկային մուտքերն աճել են 31.5 տոկոսով, իսկ 100 խոշոր հարկատուների վճարած գումարը՝ 17 տոկոսով (52.5 միլիարդից՝ 61.4 միլիարդ)։ Փաստորեն, այն հավաստիացումը, թե հարկային բեռը պետք է համաչափ լինի, դեռ հեռու է իրականությունից։

Ավելի հետաքրքիր թվեր

Շատ ավելի հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ համեմատում ենք առաջին 10 խոշոր հարկատուների ցուցանիշները։ 2007թ. առաջին եռամսյակում 10 խոշորագույն հարկատուները միասին վճարել էին 30.1 միլիարդ դրամ, իսկ այս տարի «հարկային հիթ-շքերթի» առաջին տասնյակը պետբյուջեն համալրել է 30.8 միլիարդ դրամով։ Փաստորեն, առաջին 10 խոշոր հարկատուների վճարած գումարը մեկ տարվա մեջ ավելացել է ընդամենը 700 միլիոն դրամով, կամ, որպեսզի ավելի պատկերավոր երեւա՝ 2.2 տոկոսով։ Իսկ ամենահետաքրքիրը այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ առաջին 10 խոշոր հարկատուների տվյալների կոնկրետ համեմատությունն է՝ այսինքն, ո՛ր հարկատուն անցյալ տարի որքան է վճարել։ Տվյալները բերված են աղյուսակում։ Ակնհայտ է, որ այս տարվա առաջին եռամսյակում առաջին 10 խոշոր հարկատուների կեսը վճարել է ավելի քիչ հարկեր, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդ որում, եթե, օրինակ, Սուքիասյաններին պատկանող «Պարես Արմենիայի» դեպքում պատճառ կարելի է նշել, ապա կան այնպիսիք, որոնց դեպքում բացատրություն գտնելը բավական դժվար է։ Ասենք, անհասկանալի է, թե ինչո՞ւ է «ՀայՌուսգազարդը» 60 միլիոնով պակաս հարկ վճարել, եթե բաժանորդների թիվը տարվա ընթացքում ավելացել է։ Նույնը կարելի է ասել շաքարավազ ներմուծող «Սալեքս գրուպի» մասին։ Հետաքրքիր է նաեւ այն, որ ֆիքսված եւ բջջային կապ ունեցող «ԱրմենՏելը» մոտ երկու անգամ պակաս հարկ է վճարել միայն բջջային կապի օպերատոր հանդիսացող «Ղ-Տելեկոմի» համեմատ։ Ընդ որում, եթե «Ղ-Տելեկոմն» իր վճարած հարկերը մոտ 3.8 միլիարդով ավելացրած չլիներ, ապա կստացվեր, որ այս տարվա առաջին եռամսյակի 10 խոշոր հարկատուները միասին ավելի քիչ են բյուջեն համալրել, քան 1 տարի առաջ։

Թերեւս այսքանը՝ մյուս դատողությունները թողնենք ընթերցողներին։ Իհարկե, Հարկայինում խորհուրդ են տալիս առաջին եռամսյակի թվերը շատ խորությամբ չվերլուծել. դրանք կարող են խաբուսիկ լինել, քանի որ պարունակում են նաեւ նախորդ տարվա դեկտեմբերի վճարումները։ Բացի այդ, շահութահարկը հաշվարկվում է ավելի ուշ, այդ իսկ պատճառով ճիշտ կլինի եզրակացությունները կառուցել կիսամյակային կամ տարվա ցուցանիշների վրա։ Ամեն դեպքում, եթե կարելի է ներկայացնել առաջին եռամսյակի «պուպուշ» տվյալները, ապա, կարծում ենք, հավասարակշռությունը պետք է պահպանել՝ փորձելով մի քիչ բացել փակագծերը։