«ՀՀ քաղաքացիություն ստանալ այսօր արդեն չեմ ցանկանում»

30/04/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Սփյուռքահայերի, հատկապես Թուրքիայում բնակվող հայ համայնքի գոյության մասին հայաստանցիներս առավել հիշում ենք կա՛մ դրամահավաքների ժամանակ, կա՛մ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` Ապրիլի 24-ին: Կարծել, թե աշխարհի գրեթե բոլոր երկրներով սփռված մեր ազգակիցները չեն զգում հայրենիքի` իրենց հանդեպ դրսեւորած միայն սպառողական վերաբերմունքը, թյուրիմացություն է: Դրա մասին կարող է վկայել նաեւ«Ակոս» թերթի Հայաստանի ներկայացուցիչ Տիրան Լոքմագյոզյանը:

– Տիրան, Դուք ծնվել եք Թուրքիայում, այնտեղ եք բնակվել երկար տարիներ, եւ Ձեր տեղեկությունը` այսօր Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցների, պոլսահայ համայնքի մասին, թերեւս, ճշգրիտ են: Հայտնի է, որ Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին պաշտոնական տեղեկատվություն այդ երկրում չի հրապարակվում:

– Այո, պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն ըստ հավաստի տվյալների` Թուրքիայում այսօր բնակվում է 50-60 հազար հայ, որոնց հիմնական մասն ապրում է Ստամբուլում: Թուրքիայի այլ վայրերում համարյա հայ չի մնացել. մի երկու հոգի` մի տեղ, մի երկուսը` մեկ այլ տեղ: Մի քանի հարյուր հայ կա թերեւս միայն Մուսա լեռան Վագըֆլը գյուղում:

– Փաստորեն, հայկական եկեղեցիներ, դպրոցներ գործում են միայն Ստամբուլո՞ւմ:

– Այդպես է: Ստամբուլում կա հայկական մի 15 դպրոց եւ 30-ից ավելի եկեղեցի: Մի քանի եկեղեցի էլ տարբեր վայրերում կա: Դրանք պահպանվում են առավելապես Ստամբուլում ապրող հայերի միջոցներով: Եթե 60-70-ականներին Թուրքիայում ապրում էր մոտ 180 հազար հայ, ապա այսօր մնացել է 50-60 հազար:

– Որքանո՞վ է պոլսահայ համայնքը համախմբված: Եթե չեմ սխալվում, համայնքը բաժանված է Մեսրոպ սրբազանի կողմնակիցների եւ ոչ կողմնակիցների:

– Համայնքը կա, վարում է համայնքային կյանք, եւ, ինչպես բոլոր համայնքներում, այնտեղ էլ կան տարբեր դիրքորոշումներ ունեցող մարդիկ: Ճիշտ, ինչպես Հայաստանում: Կան Մեսրոպ սրբազանից գոհ եւ դժգոհ մարդիկ: Այստեղ էլ կան Վեհափառից գոհ եւ դժգոհ մարդիկ:

– Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցները ունեն մի շարք հոգեբանական բարդություններ եւ, ըստ այդմ, դժվար է համախմբված չլինելը:

– Իհարկե: Եթե նման մտածում չլիներ, Ստամբուլում այդ տարակարծությունները շատ ավելի սուր բնույթ կունենային, սակայն բանը ծայրահեղ հակառակությունների չի գնում:

– Տիրա՛ն, ասացեք, խնդրեմ, պոլսահայ համայնքն, ի վերջո, Սփյո՞ւռք է: «Սփյուռք» եզրը առավել բնորոշում է երկրի սահմանները լքած մարդկանց: Սակայն կոնկրետ Տաճկահայաստանում բնակվող մեր հայրենակիցների սերունդները սփյուռքահայի կարգավիճակ ստացան մեխանիկորեն:

– Իմ կարծիքով, թուրքահայությունը Սփյուռք չէ: Մենք ապրում ենք ո՛չ Հայաստանի տարածքում: Բայց իմ նախնիները երբեք Հայաստանի սահմանները չեն անցել, դուրս չեն եկել Հայաստանից: Իմ նախնիները վանեցի են, պապերիս` Վանում նստած ժամանակ, սահմանն է փոխվել: Եվ իմ նախնիները մեխանիկորեն հայտնվել են օսմանյան տարածքում:

– ՀՀ երբեմնի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք էր հայտնել, թե հայ եւ թուրք ժողովուրդները գենետիկորեն անհամատեղելի են: Դուք, որ երկար տարիներ ապրել եք թուրքական միջավայրում, եւ՞ս այդ կարծիքին եք:

– Հայ եւ թուրք ժողովուրդները մոտ հազար տարի ապրում են որպես դրացի: Սակայն հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ մի մեծ անջրպետ առաջացավ 1915 թվականին: Թալեաթն էր ասում, որ իրենք այնպիսի բաներ արեցին, որ հայերի եւ թուրքերի համատեղ գոյատեւումն արդեն անկարելի է: Մինչեւ 1923-ի Թուրքիայի Հանրապետության հռչակումը Թուրքիա երկիր չկար: Կար Օսմանյան Կայսրություն, ուր ապրում էին տարբեր ազգություններ, որոնք այդ երկիրը կազմող տարրերից մեկն էին: Իշխող ժողովուրդ չկար, կար իշխող կրոն: Քանի որ Օսմանյան թագավորական ընտանիքը իսլամ էր դավանում, երկիրը ղեկավարվում էր Ղուրանի օրենքներով, հետեւաբար՝ մահմեդականներն ունեին առավելություն ոչ մահմեդականների նկատմամբ, եւ ոչ թե թուրքերն ունեին առավելություններ մյուս ազգերի նկատմամբ: Սխալ է այն կարծիքը, թե օսմանյան պատմությունը թուրքերի պատմությունն է:

– Սփյուռքին, վաղ թե ուշ, սպառնում է ձուլման վտանգը: Որքանո՞վ է այդ վտանգն օրախնդիր պոլսահայ համայնքի դեպքում:

– Այն երկրներում, ուր հայերի համար պայմանները բարենպաստ չեն, հայերն առավել համախմբվում են: Տեսեք, ձուլման պրոցեսը հարյուրավոր տարիներ չկար Թուրքիայում, Իրանում, մահմեդական այլ երկրներում: Ձուլման պրոցեսը հնարավոր է այն երկրներում, ուր հայերի համար ստեղծված են հիանալի պայմաններ: Օրինակ` եվրոպական երկրներում, Ամերիկայում: Գալիս էր մի ժամանակ, երբ բնիկների եւ հայերի միջեւ տարբերություն չէր լինում: Կարող եմ բերել Լեհաստանի օրինակը: Հարյուրավոր տարիներ Լեհաստանում ունեինք աշխույժ հայկական գաղութ: Երբ հայերի առաջ պայման դրվեց` ընդունել կաթոլիկություն կամ հեռանալ երկրից, մի մասը հեռացավ: Մնացածը, ով ընդունեց կաթոլիկություն, ձուլվեց շատ արագ:

– Առարկեմ Ձեզ: Այն երկրներում, ուր պայմաններն առավել կոշտ են, քաղաքական իրավիճակն անկայուն է, հայերը ոչ թե համախմբվում են, փորձում են պահպանել ինքնությունը, այլ հեռանում երրորդ երկիր: Ունենք Իրաքի, Լիբանանի, Սիրիայի հայերի օրինակը:

– Այնքան ժամանակ, քանի դեռ քրիստոնեության եւ իսլամի տարանջատումն ավելի ուժեղ էր, օրինակ` Լիբանանում, Իրանում, ձուլման պրոցես ընդհանրապես չկար: Վերջին 20 տարվա ընթացքում վիճակը փոխվեց: Այն Իրանում, ուր 400 տարի հայերը պահեցին իրենց ինքնությունը եւ խառնամուսնություններ չկային, այսօր շատ մեծ թափով ամուսնանում են պարսիկների հետ: Հայերի ամուսնությունների համարյա հիսուն տոկոսը Լիբանանում, Սիրիայում, Իրանում, Թուրքիայում, Իսրայելում խառնամուսնություններ են:

– Գուցե այնքան էլ վատ չէ՞, երբ երիտասարդները սիրում եմ միմյանց եւ ամուսնանում` անկախ միջէթնիկական կամ այլ տիպի հակասություններից:

– Ես կտրականապես դեմ եմ խառնամուսնություններին կոնկրետ հայերի դեպքում: Ունեմ ծայրահեղության հասնող վերաբերմունք: Օտարի հետ ամուսնությունն ընդունում եմ որպես օրինականացված պոռնկություն: Գիտե՞ք ինչ, մեր պապերը պատմության ընթացքում 1000-ավոր տարիներ անցել են սոսկալի դժվարությունների միջով` է՛լ բյուզանդացիների, է՛լ պարսիկների, է՛լ մոնղոլ-թաթարների արշավանքներ եւ այլն, եւ այլն: Այդ ամենին մեր պապերը դիմացել են: Կարծում եմ` ով այսօր ապրում է որպես հայ քրիստոնյա, շատ բախտավոր է: Եթե ես այսօր գոյություն ունեմ որպես հայ, նշանակում է, որ ես փրկվել եմ արաբների, պարսիկների, մոնղոլների կոտորածներից, 15 թվականի եղեռնից: Այսինքն` իմ գիծը փրկվել է բոլոր կոտորածներից: Միլիոնավոր մարդիկ են տարհանվել, քշվել, սպանվել, իսկ ես, դուք, մյուսը այն գծին ենք պատկանում, որն անցել է այս ողջ արհավիրքներով, հասկանո՞ւմ եք: Մեր ապուպապերն էլ շատ հանգիստ կարող էին ամեն ինչից փրկվել` հարմարվելով, դավանափոխ լինելով: Իսկ մենք այսօր հեշտությամբ փոխում ենք մեր ինքնությունը: Ես ինքս ծնվել եմ Ստամբուլում, 10 տարի ապրել եմ Գերմանիայում: Ես էլ հեշտ ու հանգիստ կարող էի ամուսնանալ մի գերմանուհու կամ թրքուհու հետ. այնքա՜ն գեղեցիկ թրքուհիներ կան:

– Մեր շատ հայրենակիցներ, որոնք բնակվում են տարբեր մահմեդական երկրներում, մասնավորապես` իրաքահայերը, գերադասում են արտագաղթելու դեպքում գնալ երրորդ երկիր, բայց ոչ մի դեպքում՝ Հայաստան:

– Հայերը համարվում են գաղթող ժողովուրդ: Դա կապված չէ միայն 15 թվականի հետ: Հայերը միշտ ձգտել են գնալ ավելի լավ տեղ: Այսօր Իրանից, ուր հայերը որեւէ խնդիր չունեն, գաղթում են: Ավելի լավ տեղ` Ամերիկա: Այլ երկիր գաղթած հայը չի գնում երկրորդական մի քաղաք, գնում է մայրաքաղաք, ուր պայմանները մաքսիմալ լավ են:

– Զուտ հայկական ասույթ է. «Որտեղ հաց՝ այնտեղ կաց»:

– Դժբախտաբար, դրա մեջ ճշմարտություն կա: Լիբանանից, Իրաքից դուրս եկած մարդը չի գնում նույնքան վատ պայմաններ ունեցող երկիր, այլ փորձում է գնալ ավելի լավ երկիր: Հայաստան չգալու գլխավոր պատճառը սա է: Կա նաեւ երկրորդ խնդիրը: Այն լավ երկիրը, ուր գնում են, իրենց տալիս է դրսեւորվելու հնարավորություն: Իսկ Հայաստան գալով` ի՞նչ պիտի անեն: Հայաստան գալ` սովից մեռնելու համա՞ր: Ո՞Ւմ է օգուտ: Ո՛չ իրեն, ո՛չ էլ պետությանը: Հայաստանին սոված մարդիկ պետք չեն: Մարդը կարող է գալ, ներդրում անել, սակայն, գիտենք, գործը չհիմնած` Հարկայինը, չինովնիկները սկսում են խեղդել: Գիտեմ օրինակ, երբ գնացել են նախարարի մոտ` կարծելով, թե նա պետություն է ներկայացնում, մի ճանապարհ ցույց կտա: Հայաստանի համար ցանկացել են գործ անել, գործարան բացել, իսկ նախարարն ասել է.«Իմ շա՞հը ինչն է»: «Ինչպե՞ս,- զարմացել է սփյուռքահայը,- երկիրը կշահի, հետեւաբար դու էլ կշահես»: «Ո՛չ, դա ինձ պետք չէ, ինձ հետաքրքիր է իմ մասը»: Այդպիսի շատ դեպքեր կան:

– Ինչպե՞ս եք պատկերացնում պոլսահայերի հետագա ճակատագիրը: Ինչ-որ ժամանակ անց այդ մարդիկ կմնա՞ն այդ երկրում:

– Ես ինքս անձամբ Սփյուռքի համար ապագա չեմ տեսնում: Իհարկե, Սփյուռքը միշտ պետք է լինի, բայց ի՞նչ վիճակում: Եթե մարդը Ֆրանսիայում է ապրում, հայության հետ կապ չունի, միայն ջարդված հայերենով կարողանում է ասել` իմ նախնիները հայ են եղել: Հետո՞ ինչ: Այսօր Թուրքիայում իսլամացած շատ թուրքեր կան, որոնք կարող են ասել` իմ տատը հայ է եղել: Տարբերությունը ո՞րն է:

– Հայաստանցիներս Սփյուռքն ընկալում ենք. ա) որպես լոբբի, բ) որպես եկամտի աղբյուր, այլ կերպ ասած` կթու կով:

– Դա ճիշտ է: Հայաստանում մտածում են միայն այսօրվա մասին: Ի՞նչ շահ ունեն այսօ՛ր Սփյուռքից: Հայաստանը Սփյուռքից, Սփյուռքն էլ Հայաստանից պիտի շահ ունենա: Սակայն մենք պետք է ուժեղացնենք Սփյուռքը, եւ ինքներս էլ օգտվենք նրա ուժից: Եվ այդ գիտակցությունը Սփյուռքում ավելի շատ կա, քան Հայաստանում: Հակառակ՝ որ Հայաստանը պետություն է, իսկ Սփյուռքը կազմված է անհատներից: Սակայն Հայաստանում չկա պետական մոտեցում եւ ոչ մի հարցում:

– Որքան էլ հայաստանցիներս սփյուռքահայերին ընկալում ենք որպես հայերի, որոնք բնակվում են այլ երկրում, այնուամենայնիվ, որոշակի պատնեշ կա, որը թույլ չի տալիս հայության երկու հատվածներին անկեղծորեն սիրել միմյանց: Այդպե՞ս է:

– Ցավոք` այո: Մենք` սփյուռքահայերս, անհայրենիք ենք: Այն երկիրը, ուր մենք ծնվել, մեծացել ենք, մեր հայրենիքը չէ: Իրենց մատը մտցնում են մեր աչքն ու ասում.«Դու օտար ես»: Եվ դա ընդունում ենք: Բայց գալիս ենք Հայաստան, ու այստեղ էլ են մեզ ասում. «Դուք օտար եք»: Ոչ մի տեղ հայրենիք չունենք: Այն երկիրը, որը պետք է լինի մեր հայրենիքը, մեր երեւակայական հայրենիքն է, ոչ թե մեր առարկայական հայրենիքը: Եվ այնքան ժամանակ, քանի խտրականությունը կա Հայաստանի թե՛ իշխանությունների, թե՛ ժողովրդի կողմից, ողջ Սփյուռքը մնալու է անհայրենիք զանգված: Չի լուծվում սփյուռքահայերին քաղաքացիություն տալ-չտալու հարցը: Ես հայտարարել եմ եւ այսօր էլ հայտարարում եմ` եթե Հայաստանի քաղաքացիություն շնորհվեր սփյուռքահայությանն ավելի վաղ, գուցե ընդունեի, բայց այսուհետ, եթե, իհարկե, չպարտադրեն, չեմ ցանկանում ընդունել: Դա ինձ արդեն պատիվ չի բերում, որովհետեւ սփյուռքահային քաղաքացիություն տալ-չտալու խնդիրը այնքա՜ն շահարկվեց: Օրինակ` այն հայը, որը տասը տարի ապրում է Հայաստանում, պիտի իրավունք ունենար ընտրելու եւ ընտրվելու: Ես արդեն 15 տարի ապրում եմ Հայաստանում, ապրել եմ բոլոր դժվարությունները, բայց իրավունք չունեմ ընտրելու, քանի որ քաղաքացիություն չունեմ…