Երեկ ԱԺ-ն ավարտեց դեռեւս նախորդ քառօրյայում սկսված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները: Բացի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից, որոնց գնահատմամբ` այս նախագիծը «ժամանակավրեպ եւ ուշացած է», մյուս խմբակցությունները դրական են գնահատել այն (քվեարկությունը տեղի կունենա այսօր): Հիշեցնենք, որ այդ հայտարարություն-նախագծով ԱԺ-ն հանրապետության նախագահին եւ կառավարությանն առաջարկում է «ակտիվացնել եւ ընդլայնել ԼՂ խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման ջանքերն ու հնարավորությունները, ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ, միջազգային իրավունքի շրջանակում ձեւակերպել այն իրավական հիմքերը, որոնք
Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ բռնի միջոցների կիրառման դեպքում ՀՀ-ին հնարավորություն կտան ապահովել ԼՂՀ-ի լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը»: Ի դեպ, երեկ ԱԺ-ն մերժեց օրակարգում ընդգրկել «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված «ԼՂՀ ճանաչման մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ գլխադասային` ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր ներկայացրել: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հավաստմամբ` «որեւէ մեկը դեմ չի կարող լինել ԼՂՀ-ի ճանաչմանը», սակայն ԼՂ հարցի հետ կապված ցանկացած քայլ պետք է կատարվի համաձայնեցված: «Մեր հանձնաժողովն առաջարկել է հարցը հետաձգել` եռակողմ ձեւաչափով քննարկում իրականացնելու համար`
ԱԺ-ԱԳՆ-ԼՂՀ: Այս ձեւաչափով քննարկում տեղի չի ունեցել, եւ սա է մեր հիմնական մտահոգությունը»,- նշեց նա: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ ասաց, թե հարցն օրակարգում չընդգրկելու խորհրդարանի վերաբերմունքը բացարձակապես որեւէ կապ չունի ԼՂՀ ճանաչման նկատմամբ վերաբերմունքի հետ: Ըստ նրա` «հուզական ելույթները մեզ ոչնչով չեն մոտեցնում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, այն կարծիքին է, որ իրենց օրինագծի մերժման հիմքում անձնական մոտեցումներն էին: «Հիմնականում այստեղ նեղ շահադիտականությունն է, հատվածապաշտությունը, ավելի շատ մարդկանց հուզում է, թե ով է հեղինակը, եւ ոչ թե՝ ինչի մասին է նախագիծը: Ես հուսով եմ, որ մեկ ուրիշը կներկայացնի նման օրինագիծ, ես էլ կողմ կքվեարկեմ»,- ասաց նա: