«Պետք է ցուցաբերել ստեղծագործական եւ համարձակ մոտեցում»

30/04/2008

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացնող Սուաթ Քինիքլիօղլուի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ու վարչապետները մի շարք հայտարարություններ արեցին, որոնք որոշակի լավատեսության հիմքեր են տալիս երկու երկրների հարաբերությունների բարելավման հեռանկարի հարցում:

«Մեդիամաքս» գործակալությունը դիմեց «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը ներկայացնող Թուրքիայի խորհրդարանի անդամ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Սուաթ Քինիքլիօղլուին` խնդրելով մեկնաբանել վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարները:

– Ի՞նչ եք կարծում, Հայաստանի եւ Թուրքիայի վարչապետների եւ ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունները իրո՞ք կարող են «հնարավորությունների նոր պատուհան» բացել հարաբերությունների բարելավման համար:

– Ուզում եմ հուսալ, որ այդ հայտարարություններն ավելին են, քան սովորական բարեմաղթանքներ, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս: Ես գիտեմ, որ նախարար Բաբաջանն անկեղծ է Հայաստանի հետ հարաբերություններում նոր փուլ սկսելու իր ցանկության մեջ: Հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից: Մենք չպետք է առկա խնդիրները ժառանգենք թուրքերի եւ հայերի հաջորդ սերնդին: Թուրքիան եւ Հայաստանը պետք է բովանդակալից գործընթաց սկսեն, որը թույլ կտա հասնել ցանկալի մերձեցմանը, եւ այդ նպատակին հասնելու համար պետք է ցուցաբերեն ստեղծագործական եւ համարձակ մոտեցում:

– Ո՞րն է այսօր գլխավոր խոչընդոտը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին:

– Գլխավոր խոչընդոտն այն է, որ գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանումն ընդունելի էր բոլոր կողմերի համար: Ես գտնում եմ, որ ստատուս-քվոն այլեւս ընդունելի չէ կողմերից եւ ոչ մեկի համար: Անցյալի վերքերը չպետք է խանգարեն մեզ շարժվել առաջ եւ նոր հարաբերություններ հաստատել մեր երկրների միջեւ:

– Ինչո՞ւ Անկարային չի բավարարում առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Երեւանի առաջարկը:

– Դիվանագիտական հարաբերությունների հաստատման կարեւորագույն պայմաններից մեկը միմյանց սահմանները ճանաչելու վերաբերյալ հստակ հայտարարությունն է, երկրորդ հարցը վերաբերում է Ադրբեջանին պատկանող տարածքների գրավմանը: Կարծում եմ, մենք կկարողանանք դիվանագիտական հարաբերություններ հաստատել, եթե Հայաստանը ճանաչի Թուրքիայի սահմանները եւ ազատի գրավյալ շրջանները:

– Երեւանում կարծում են, որ հայ-թուրքական սահմանի փակ մնալու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ թուրքական իշխանությունները պատրաստ չեն ընդունել 15 տարի առաջ Հայաստանի ցամաքային շրջափակման մասին կայացված որոշման սխալականությունը:

– Համաձայն չեն այդ տեսակետի հետ: Մեր հայ բարեկամները չեն կարող ընդունել, որ Ղարաբաղը մեր շրջապատի բազմաթիվ խնդիրներից մեկն է: Մենք ունենք Իրաքյան պատերազմի խնդիրը, Հյուսիսային Իրաքի տարածքից Քրդական աշխատավորական կուսակցության իրականացվող ահաբեկչական գործողությունների խնդիրը:

Սահմանը փակվել էր ադրբեջանական տարածքների գրավման հետեւանքով եւ կարող է բացվել միայն այդ հարցում առաջխաղացման դեպքում: Չնայած Հայաստանում գոյություն ունեցող տեսակետին, սահմանի հետ կապված հարցն ամենօրյա մտահոգությունների եւ մտորումների առարկա չէ Անկարայի համար: Իհարկե, սահմանի բացման հարցը ցանկալի է եւ կարեւոր, սակայն մեր հայաստանցի գործընկերները պետք է ընդունեն, որ մենք նաեւ այլ առաջնահերթություններ ունենք:

– Թուրքիան հաճախ է քննադատում հայկական Սփյուռքին, եւ տպավորություն է ստեղծվում, որ դա հարմար պատրվակ է դարձել Անկարայի համար:

– Մենք գտնում ենք, որ Սփյուռքն արհամարհում է տարածաշրջանը՝ որպես միասնական ամբողջություն: Ցավոք, Սփյուռքի որոշակի մասը բացասական ազդեցություն է գործում հարաբերությունների հնարավոր բարելավման վրա: Մենք գիտենք, որ կարող ենք շատ ավելի շուտ պայմանավորվել Հայաստանի հետ, եթե Սփյուռքն ավելի կառուցողական դեր խաղա:

– Մի քանի տարի առաջ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Աբդուլա Գյուլը պայմանավորվեցին «փոքր քայլերի» քաղաքականության մասին: Ինչո՞ւ այն հաջողությամբ չպսակվեց:

– Որովհետեւ դա բարդ գործընթաց է բոլոր կողմերի համար. մենք գործ ունենք տարածաշրջանային խնդրի հետ: Ցավոք, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների հարց է, այլեւ իր մեջ է ներառում այնպիսի երկրների շահերը, ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը եւ ԱՄՆ-ը:

– Փաստորեն, միակ միջազգային ձեւաչափը, որտեղ մենք ականատես ենք լինում Թուրքիայի եւ Հայաստանի համագործակցությանը, դա ՆԱՏՕ-ն է: Ամեն դեպքում, թուրք զինվորականները մասնակցեցին 2003 թ. Հայաստանում կայացած ՆԱՏՕ-ի զորավարժություններին, Թուրքիան, դաշինքի այլ մասնակիցների հետ մեկտեղ, պաշտպանեց ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը եւ այլն: «ՆԱՏՕ-ի ձեւաչափում» աշխատելը կարո՞ղ է հետագայում եւս բարենպաստ դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների համար:

– Թուրքիան հսկայական կարեւորություն է տալիս ՆԱՏՕ-ին: Մենք շատ ուրախ ենք, որ Երեւանը նոր պատրաստակամությամբ հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ակտիվացման օգտին: Թուրքիան կցանկանար դաշինքի անդամ տեսնել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին: ՆԱՏՕ-ն ապացուցել է իր դերն անցյալում, եւ Հայաստանի ավելի մեծ ներգրավվածությունը միայն ողջունելի կլինի: Մենք գտնում ենք, որ Հայաստանը կարող է շատ բան տալ ՆԱՏՕ-ին:

– Միեւնույն ժամանակ, Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը բացասաբար է ազդում Հայաստանում ՆԱՏՕ-ի ընկալման վրա, եւ շատերը անհնարին են համարում դաշինքի հետ հետագա մերձեցումը` մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

– ՆԱՏՕ-ն անվտանգություն ապահովող կազմակերպություն է, որը վերակառուցման գործընթաց է վերապրում այն նոր սպառնալիքների լույսի ներքո, որոնք ի հայտ են եկել ԽՍՀՄ-ի փլուզումից եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Իհարկե, Հայաստանի դերը ՆԱՏՕ-ում էլ ավելի կուժեղանա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման դեպքում: Հայաստանի ավելի բովանդակալից դերը ՆԱՏՕ-ում այն նպատակներից մեկն է, որոնց հասնելու համար մենք պետք է աշխատենք հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Հույս ունեմ, որ ՀՀ ղեկավարությունը հասկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը ոչ թե երկկողմ խնդիր է, այլ տարածաշրջանային:

– Ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիան Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի առկայությանը եւ հայ պաշտոնյաների հայտարարություններին այն մասին, որ Հայաստանում ռուս զինվորականների ներկայության գլխավոր պատճառը Թուրքիայի կողմից պոտենցիալ վտանգն է: Ընդհանրապես, ի՞նչ եք կարծում, Թուրքիայի եւ Ռուսաստանի ուժեղացող համագործակցությունը նպաստո՞ւմ է հայ-թուրքական հարաբերություններում խնդիրների լուծմանը, թե՞ ընդհակառակը՝ խանգարում է:

– Կարծում եմ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կապերի խորացումը դրական երեւույթ է Հարավային Կովկասի համար, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում: Միեւնույն ժամանակ, մեր բարեկամները Մոսկվայում պետք է հասկանան, որ Հարավային Կովկասի խնդիրները զրոյական գումարով խաղ չեն: Յուրաքանչյուր երկիր, ներառյալ Ռուսաստանը, պետք է որեւէ բան ստանա հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից եւ ողջ տարածաշրջանի կայունացումից:

Կովկասում Թուրքիայի եւ Ռուսաստանի առճակատման ժամանակներն անցել են: Մենք բարգավաճում եւ լիարժեք ինտեգրում ենք ցանկանում Հարավային Կովկասի համար, իսկ դա պահանջում է լուծել ղարաբաղյան խնդիրը: Հենց որ ղարաբաղյան խնդիրը լուծվի, ողջ տարածաշրջանը կկարգավորվի դոմինոյի սկզբունքով: Մենք բոլորս` թուրքերը, հայերը, վրացիները եւ ռուսները, կշահենք դրանից:

Առաջնորդությունը պահանջում է հեռատեսություն, խիզախություն եւ վճռականություն: Մենք լի ենք վճռականությամբ՝ փոխել տարածաշրջանի ճակատագիրը, եւ ես գիտեմ, որ հայերը եւս վճռական են այդ հարցում: Հույս ունենանք, որ Հայաստանում կայացած ընտրությունները նոր էջ կբացեն եւ թույլ կտան համատեղ կառուցել տարածաշրջանը:

հատուկ «168 Ժամի» համար