Մարտի 1-ի դեպքերի առիթով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քր. գործի շրջանակներում ավարտվել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի, Գրիգոր Աղամալյանի, Արամ Բարեղամյանի, Նվեր Սարգսյանի մասով նախաքննությունը, եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ: ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ»: Գ. Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օր-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար: Ա. Բարեղամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օր-ի 225 հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար) եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ): Ն. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օր-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ գործերն ուղարկվել են դատարան: Նախնական կալանքի տակ գտնվող 2 մեղադրալի` Վահրամ Մխիթարյանի եւ Խաչատուր Սիմոնյանի նկատմամբ փոխվել է կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, եւ ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Գլխավոր դատախազությունից հայտնում են նաեւ, որ նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Լենդրուշ Տոնոյանը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: