Օրերս ՀՀ Ոստիկանությունից ինֆորմացիոն քարտ է ստացվել ՀՀ ՊՆ գլխավոր զինկոմիսարիատ, ըստ որի՝ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զինվորական ծառայություն չի անցել: Այժմ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների զինկոմիսարիատում ստեղծվում են նյութեր, որպեսզի լրագրողին կամ քրեական պատասխանատվության ենթարկեն ծառայությունից խուսափելու համար, կամ ստիպեն ծառայությունից խուսափելու դիմաց մուծել 600 հազարից մինչեւ 1մլն 200 հազար դրամ: Բանն այն է, որ նախկինում բազմաթիվ անգամներ, երբ քրեական գործեր են հարուցել Գ. Շամշյանի նկատմամբ նրա լրագրողական գործունեության համար, յուրաքանչյուր գործում տեղ գտած կենսագրական հատվածում բազմիցս նշված է եղել, որ Շամշյանը բանակում չի ծառայել: Ոստիկանությունը երբեք ուշադրություն չի դարձրել նրա կենսագրության այդ հատվածի վրա: Բոլոր գործերում առաջադրված մեղադրանքները տապալվել են մեկը մյուսի հետեւից: Այժմ, երբ Ոստիկանությունում հասկացել են, որ այլեւս որեւէ լծակ չունեն Գագիկ Շամշյանի գործունեությանը խոչընդոտելու համար, որոշել են անցնել զինծառայությունից խուսափելու փաստին: Ինչ վերաբերում է խուսափելուն, ապա նման բան չկա: Գ. Շամշյանն անցել է համապատասխան բժշկական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ նա պիտանի չէ զինվորական ծառայության համար: Ոստիկանությունը սա գիտի եւ չի ուզում հաշվի առնել, ավելին, պահանջում է, որպեսզի լրագրողը կատարի օրենքով նախատեսված համապատասխան մուծումները կամ ենթարկվի քրեական պատասխանատվության: