ՀՀ չորս քաղաքացիներ գերի են ընկել Նախիջեւանում

30/04/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վայոց ձորի մարզում ապրիլի լույս 19-ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել, որի մասին պաշտոնական աղբյուրները մինչ երեկ լռում էին:

Միջադեպը տեղի է ունեցել Վայքի Խաչիկ գյուղում տեղակայված զինավանում, որի հետեւանքով ՀՀ չորս երիտասարդ քաղաքացիներ ` Վանիկ Նիկոլայի Զմբոյանը (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյանը (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյանը (Նորադուզ) եւ Աղասի Ատոմի Ենոքյանը (Նորադուզ) մոլորվելով տեղանքում` հատել-անցել են հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Նախիջեւանում: Նկարում պատկերված Գեղարքունիքի մարզի բնակիչ այս երեք տղամարդկանց որդիները ներկայումս գերիների կարգավիճակով պահվում են ադրբեջանական բանտերում: Հայ-ադրբեջանական սահմանը հատած երիտասարդների ծնողներից երեկ փորձեցինք պարզել, թե ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել զորամասում, որի հետեւանքով վերջիններս հայտնվել են սահմանի հակառակ կողմում: Արտեմ Զոհրաբյանի հոր` Անդրանիկի հավաստմամբ` վերոնշյալ զորամասի զինծառայողներից մեկի եղբայրն իր տղայի ընկերն է: Զինծառայողը զանգահարելով եղբորը՝ տեղեկացրել է, որ իրեն «նեղում» են, սակայն, թե մասնավորապես ինչպես են «նեղել»` տղաների ծնողները չցանկացան մանրամասնել: Զինծառայողի եղբայրը, փաստորեն, ընկերներին համախմբելով՝ ուղեւորվել է զորամաս` պարզաբանելու, թե եղբորն ինչո՞ւ են անհանգստացնում: «Մի խումբ տղաների` մեր չորս տղաների եւ եւս ինը հոգու հետ գնացել են Խաչիկ գյուղի զորամաս: Սկզբում քաշքշուկ է եղել, վիճաբանել են, հետո զենքի հարց է բարձրացել»,- պատմում են տղաների ծնողներն` ասելով, որ նրանք զինված չեն եղել, պարզապես զորամասի հրամանատարը նախազգուշական կրակոցներ է բաց թողել օդ, որպեսզի վեճը չշարունակվի: Կրակոցներից հետո տղաները տեղավորվել են մեքենաների մեջ, որպեսզի փախչեն, սակայն փամփուշտը դիպել է մեքենայի անիվներին: Դրանից հետո ով կարողացել` փախել է: Իսկ վերոնշյալ չորս տղաները մինչեւ ապրիլի 28-ը համարվում էին անհայտ կորած: «Մյուսները` ինը հոգին, կալանավորված են, նրանց Եղեգնաձորում են բռնել, գործը քննչական վարույթում է, իսկ մեր տղաները սահմանն անցել են եւ հայտնվել են Նախիջեւանի տարածքում»,- պատմում է գերի ընկած Կարեն Թորոսյանի հայրը` Ջիվանը: Ի դեպ, այս տասն օրերի ընթացքում տղաների ծնողները, մտերիմները, մարզային իշխանությունները չեն դադարել փնտրել նրանց` ենթադրելով, որ կամ վիրավորված են, կամ էլ թաքնվում են իրավապահ մարմիններից: «10 օր շարունակ սարերով, ձորերով ընկած ման ենք եկել, էլ տեղ չի մնացել, որ նայած չլինենք»,- պատմում են նրանք, որոնց միայն երեկ առավոտյան են հայտնել, որ իրենց որդիները գտնվում են Նախիջեւանում: Ադրբեջանական կողմը ապրիլի 28-ի առավոտյան տեղեկություն է տարածել եւ հաստատել է Հայաստանի քաղաքացիների` ադրբեջանական սահմանն անցնելու փաստը: Թե ի՞նչ հանգամանքներում են հայ տղաները հատել սահմանը` դեռեւս պարզ չէ: Գերի ընկած տղաների ծնողները դիմել են Կարմիր խաչ միջազգային կազմակերպություն, սակայն մեր զրուցակիցների տվյալներով` նրանք կոնկրետ ինֆորմացիայի չեն տիրապետում, առայժմ փաստաթղթերն են հավաքում, որպեսզի ադրբեջանական կողմի հետ բանակցություններ սկսեն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակից մեզ նույնպես ասացին, որ առայժմ պաշտոնական որեւէ տեղեկություն չունեն: Կոմիտեի ներկայացուցիչը նշեց, որ Բաքվի իրենց գործընկերների հետ առայժմ որոշակի խոսակցություն չի եղել, այսինքն` կոնկրետ այս դեպքի վերաբերյալ նրանք տեղեկատվություն չեն փոխանցել: Մեր տեղեկություններով` գերի ընկած տղաների ծնողները դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, եւ երեկ արդեն նախագահը Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանին որոշակի հանձնարարականներ է տվել: Մենք զանգահարեցինք Վ. Մաթեւոսյանին` ճշտելու համար, թե կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են կատարվում տղաներին ետ բերելու ուղղությամբ: Մարզպետը սկզբում զայրացավ մեր հարցերից` հիշեցնելով, որ ինքն ուժային կառույցի ղեկավար չէ, հետեւաբար՝ գերիներին ետ բերելու հարցում լծակներ չունի։ «Ախր նենց հարց եք տալիս, իմ մարզում ա դեպքը կատարվել, ջահել երեխեք են, բնականաբար, բոլորիս համար էլ ցավոտ բան ա եղել, ու ամեն ինչ անում ենք, որ ջահելները հետ գան: Բայց կրկնում եմ, դա պետք է ուժային կառույցներն անեն»,- խոսքը եզրափակեց նա: Իսկ Վայքի գնդի հրամանատար Տիգրան Փարվանյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել` պատճառաբանելով, որ իրավունք չունի տեղեկատվություն հաղորդել, որովհետեւ վերադասից համապատասխան հրաման չի ստացել: «Գրավոր դիմեք նախարարին եւ, եթե նա թույլ տա, դրանից հետո միայն կպատասխանեմ: Ինձ ճիշտ հասկացեք, կարգն է էդպես, ես միայն կարող եմ «Զինուժի» հարցերին պատասխանել»,- ասաց Տ. Փարվանյանը:

Ինչեւէ, կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է քննություն: ՀՀ Պաշտպանության նախարարության կայքէջում այս միջադեպի մասին 11 օրերի ընթացքում ոչ մի տեղեկատվություն չի տեղադրվել: ՀՀ ՊՆ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանը չուներ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ կայքէջում ինֆորմացիա չի տեղադրվել: Ինչ վերաբերում է չորս գերիներին, ապա նա հիշեցրեց, որ գերիներով իրենք չեն զբաղվում: Նա նաեւ ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել Խաչիկ գյուղի զորամասում կոնֆլիկտ ունեցող մի զինծառայողի պատճառով: Դեպքի մասին Ս. Շահսուվարյանը գրեթե ոչինչ չգիտեր, սակայն նա մանրամասն նկարագրեց Վայքի աշխարհագրական դիրքը, որտեղից երկու ճանապարհ կա. մեկը տանում է դեպի Խաչիկ գյուղ, մյուսը` Նախիջեւան: Իսկ ահա ադրբեջանական «Day. az»-ում ապրիլի 28-ի նորությունների ցանկում տեղադրված էր «Ձերբակալված են Ադրբեջանի տարածքում պրովոկացիա պլանավորած Հայաստանի Հատուկ ծառայության ներկայացուցիչները» վերնագրով տեղեկատվություն: Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ Զինված ուժերի հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում իրականացվելիք պրովոկացիայի փորձը կանխվել է: Ավելին` ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանի Անվտանգության ծառայության տվյալներով` օպերացիայի ժամանակ ձերբակալվել են հայկական խմբավորման չորս պրովոկատորները: Փաստի առիթով նախաքննություն է կատարվում:

Ի դեպ, երեկ մեր զանգից հետո, երեկոյան ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից դեպքի առնչությամբ հաղորդագրություն ստացվեց հետեւյալ բովանդակությամբ. «ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված լուրն առ այն, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, չի համապատասխանում իրականությանը: Իրականում դրանք ՀՀ քաղաքացիներ են` Վանիկ Նիկոլայի Զմբոյան (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյան (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյան (Նորադուզ) եւ Աղասի Ատոմի Ենոքյան (Նորադուզ), որոնք գնացել են Խաչիկ գյուղում տեղակայված զինավան` իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության: Այնուհետեւ, վերադառնալիս կորցրել են ճանապարհը եւ հավանաբար անցել Նախիջեւանի կողմ: Ըստ մեր ունեցած տվյալների, վերոնշյալ քաղաքացիները ադրբեջանական անվտանգության մարմինների մոտ են, նրանց առողջական վիճակը նորմալ է: Հայկական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային գրասենյակ` Բաքվի համապատասխան գրասենյակի հետ նրանց վերադարձը կազմակերպելու նպատակով»: