Կան հնչյուններ ու մեղեդիներ, որոնք մեր գեների մեջ են։ Եվ, ուզենք թե չուզենք, նրանք գենետիկ հիշողություն են արթնացնում, կապում են մեզ մեր սարերի, քարերի, ծովերի ու քամիների հետ, բերում ու մխրճում են մեր սրտերի մեջ ավետյաց հողի, ծաղկած այգիների, օրորոցում պառկած մանկիկի, աղետին դիմակայելու ներքին ուժի, սատար կանգնող ընկերոջ ուսի ու դանդաղ՝ կաթիլ առ կաթիլ հավաքվող երջանկության գաղափարները։ Նրանք հարափոփոխ, բայց միեւնույն ժամանակ՝ ամուր տան գաղափար են պարունակում իրենց մեջ։ Որքան ուզում ես՝ հեռու գնա քո տնից, միեւնույն է, դու այդ տան գաղափարի կրողն ես։ Իսկ տունը միայն պատերն ու տանիքը չեն, տունը ելակետն է, որից եւ սկիզբ է առնում ամեն բան, եւ ամեն բան վերադառնում է այդ ելակետին՝ ուժ ստանալու համար։ Վերադարձի գաղափարը շատ կոնկրետ ուրվագծվում է երաժիշտ, կոմպոզիտոր, ժողովրդական գործիքների վիրտուոզ կատարող Նորայր Քարտաշյանի կատարումների մեջ։ Նրա կերպարը կարծես ինքնին ժայռաբեկոր է, կայուն ու ռոմանտիկ, միաժամանակ՝ լուռ ու խոսուն, որը հիշեցնում է. դարերի միջով անցած մեր մշակութային անցյալը սոսկ անցյալ չէ։ Ուշադիր նայեք, տեսեք, թե ինչպես է զրնգում զուռնան, ինչպես է պարում դուդուկն, ու ինչպես է հուզվում բլուլը։ Գտեք ձեզ այդ երաժշտության մեջ, գտեք ձեր տունն ու զգացեք ձեր ուժը։
Նորայր Քարտաշյանի վստահ ու զգայուն ձեռքերում բազմաթիվ ժողովրդական գործիքներ են հնչում։ «Չէ, շատ գործիքների վրա չեմ նվագում, միայն փողայինների…»,- համեստորեն ու կատակով ասում է նա։ Նաեւ ավելացնում է. «Գործիքը շատ կարեւոր արտահայտչամիջոց ունի, այն կարող է նաեւ… լռել»։
Էթնիկական մոտիվներն ու կոլորիտը հիմա ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեն, էթնոն նատուրալ՝ ոչ արհեստածին բաների մասին է հուշում մարդկությանը։ Մաքուր, բնական, առանց որեւէ վնասակար երաժշտական հավելումների, այսինքն՝ առանց ավելորդ կեղծ ազգային գործիքավորումների ու պսեւդո-ազգային կոչվող շերտի, երաժշտությունը ժամանակից վեր է։ Այն ուղիղ ժամանակի կենտրոնում է։
Նորայր Քարտաշյանի կատարմամբ հայկական ժողովրդական գործիքները միահյուսվում են «Կատուներ» ջազ-ֆոլք խմբի ամբողջական կտավի մեջ, իսկ նրա ստեղծած «Օրորոցայինի» երաժշտական թեման, որը հնչում է դուդուկի ու թավջութակի կատարմամբ, դառնում է «Կատուների» ռոմանտիկ այցեքարտը։ «Մենք ուղղակի շշմել էինք, երբ Նորոն գրեց այդ շատ ռոմանտիկ «Օրորը»,- ասում է մեր հանրապետության ամենացայտուն երաժշտական ձեռքբերումներից մեկի՝ «Կատուների» հիմնադիր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Իսկ փորձառու երաժիշտ Նորայր Քարտաշյանը (ում կատարումը հնչում է նաեւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում)՝ «Ինչպե՞ս եկաք ջազ» ստանդարտ հարցին զարմանքով պատասխանում է. «Ես ոչ մի տեղ էլ չեմ եկել… Ես իմ տեղում եմ»։
– Որքան մարդը մեծանում է, «ավելացնում» է իր տարիքը, այնքան շատ է ուզում հասկանալ, թե իրականում ո՞վ է ինքը: Ասում ենք, չէ՞, հայ է կամ ռուս է: Իսկ իրականում դա ի՞նչ է նշանակում: Երբ մարդը սկսում է հասկանալ իր էությունը, ընդունում է նաեւ այն միտքը, որ երաժշտությունը հայրենիք չունի, բայց հայրենիքն ունի իր երաժշտությունը: Իմ հայրենիքի երաժշտությունը ես ուզում եմ հասկանալ, ավելի ճիշտ կլինի ասել` այդ երաժշտությունը հասկանալու ճանապարհին եմ: Չգիտեմ, ինչպես է դա ստացվում, դա պիտի իմ երաժշտությունը լսողները միայն ասեն:
– Մեր հայրենիքի խորհրդանիշը դուդուկն է: Մի քիչ վիրավորական է, որ անտեսվում է զուռնան։ Զուռնան ձեր ձեռքերում շատ նուրբ ու գեղեցիկ է հնչում։
– Դուդուկը դուդուկ է, եւ վերջ: Այդպիսին է այդ գործիքի անունը: Իսկ խորհրդանիշ է դարձել, որովհետեւ դուդուկի ձայնը շատ բնական ու մարդկային է։ Ընդունված է համարել, որ Կոմիտասը զուռնան չի սիրել: Հենց Կոմիտասն է իր հիշատակումների մեջ գրել այդ մասին: Բայց հետո գրել է նաեւ, թե ինչո՞ւ չի սիրել զուռնան: Տոնակատարությունների ժամանակ, երբ կողքի գյուղերից գալիս էին լարախաղացները` զարկ տալով իրենց թմբուկները, մյուս գյուղից գալիս էին մատաղ անողները` երգելով իրենց երգերը, Կոմիտասը փորձում էր գրանցել այդ երգերը, երգերը նոտաների վերածել, իսկ զուռնան իրեն խանգարում էր: Զուռնան` իր ուժեղ ձայնով, միշտ խանգարել է Կոմիտասին` ժողովրդական մեղեդիները գրելու համար: Հիմա շատ մարդիկ զուռնայի մասին Կոմիտասի գրված մտքերը դոգմա են սարքել` մոռանալով, որ, ախր զուռնան էլ է հայկական ժողովրդական գործիք: Վերջիվերջո, ինչ գործիք էլ մենք` հայերս, նվագենք, միեւնույն է, հայ ենք մնում:
– Իսկ հիմա հատուկ ուդի կամ զուռնայի համար նոր ստեղծագործություններ գրվո՞ւմ են:
– Չգիտեմ` գրվո՞ւմ են, թե՞ ոչ: Ճիշտն ասած, ես չեմ լսել: Դա կարող էր միայն սովետական սիստեմում լինել, երբ ստեղծագործությունները պետք է գրվեին, որպեսզի կատարվեին: Հիմա ամեն ինչն անհատների վրա է թողնված: Անհատները ձայնագրություններ են անում, ձայներիզներ են թողարկում, դա անհատական մոտեցում է` անհատական կոնցեպցիայով:
– Իսկ ձեր անհատական կոնցեպցիայով ձայներիզ կա՞:
– Շուտով կլինի:
– Հետաքրքիր է, որ ջազային, էթնո-ավանգարդիստական մշակումներ լսելով, մենք բոլորս ներքուստ սպասում ենք դուդուկի, զուռնայի կամ այլ ժողովրդական գործիքի սոլոներին: Դրանք կարծես ամբողջացնում են մեր սպասելիքները:
– Գործիքը… գործիք է: Այսինքն` միայն միջոց է: Ուզում եմ ասել՝ թող ով` ինչ ուզում է` նվագի, բայց միայն այն ժամանակ, երբ այդ երաժշտությունը կա կատարողի մեջ: Հայերի համար կարեւոր է՝ ներկայացնել այն, ինչը մեր մեջ կա, ինչը մենք ունենք, այլ` ոչ թե այն, ինչը ուրիշներից լսել ենք ու հատուկ նմանեցնում ենք հայկականի: Ես միշտ նվագում եմ այն, ինչը զգում եմ:
– Սեփական երաժշտական հարստությանն անծանոթ մարդը` լսելով լավ երաժշտություն, կարո՞ղ է հանկարծ «բռնվել», զգալ, որ իր սրտի լարերը դողում են:
– Անպայման կարող է: Առանց դրա երաժշտություն չի լինում: Երաժիշտը կարող է «բռնել» իր լսողին: Եթե, իհարկե, այդ լսողն իրենն է։ Երբ «բռնեց», ուրեմն` վերջ, ստացվեց նվագը, ստացվեց զրույցը: Այդքան մի բան: Դա շատ պարզ է։ Բոլորս էլ սեփական ակնոցով ենք նայում աշխարհին։ Ակնոց ասելով՝ ես նկատի ունեմ գիտակցական համակարգը, որով եւ սկսում ես նայել կյանքին: Իհարկե, կարող ես տարբեր տեսանկյուններից նայել, բայց ամեն մարդ իր «ակնոցը» պիտի ունենա:
– Իսկ ե՞րբ այդ զրույցը տեղի չի ունենում։
– Շատ կարեւոր է թիմ, խումբ հասկացությունը: Այսինքն, եթե նվագում ենք ու իրար չենք հասկանում, ուղղակի ձեւական իրար հետ նվագում ենք, նման դեպքերում զրույց չի կարող ստացվել: Երաժշտության մեջ կարեւորը ընկերությունն է, երբ երաժիշտներն ընկերություն են անում` սկսում են հաճույքով նվագել: Երաժշտությունը միշտ իմպրովիզացիա է, որն ինքնաբուխ է ծնվում: Երաժշտությունը շարժանկարների նման է: Այն հոսում է, անընդհատ շարժման մեջ է։ Այդ ընթացքը կարող է դանդաղ ու աննկատ լինել, բայց երաժշտությունը միշտ շարժվում է ու վերափոխելով՝ գնում է:
– Ազգային գործիքներ կատարողներին տարիներ շարունակ մեզ ներկայացրել են տարազներով, որոնք միշտ անցյալն են խորհրդանշել, բայց ոչ երբեք՝ ներկան։
– Գյուղերում տարազներով երաժիշտներ չես տեսնի, կտեսնես միայն բեմում: Տարազն ավելի շուտ բեմական զգեստ է, գուցե դա պետք է անել բեմում, բայց ռեալ կենցաղում այն, իհարկե, չկա, ես նման բանի չեմ հանդիպել: Եթե գնաս Հայաստանի որեւէ շրջան ու բնական վիճակում հանդիպես այնտեղի ապրողների, նման կոլորիտ հազիվ թե տեսնես: Մարդիկ գյուղերից պեղեցին երաժշտությունն ու սկսեցին բեմում երգել` տարազներ հագած: Նրանք իրական ֆոլկ կյանքով չեն ապրում, բայց իրենց ներսում ունեն այդ երաժշտությունը: Մի քանի սերունդ ոչնչացել է, ու հիմա այդ երաժշտությունը նախորդ սերունդը չի կարողանում հաջորդներին փոխանցել: Ժամանակների անցումը ճիշտ չի կատարվում:
– Հիմա ազգային երաժշտական գործիքները լուրջ խնդրի առջեւ են կանգնած։ Նույնիսկ ազգային նվագարանների դասարաններ են փակվում:
– Ես պեսիմիստ չեմ: Համոզված եմ, որ այն, ինչը պիտի ապրի, անպայման կապրի: Բնական ձեւով ապրողը միշտ կմնա պատմության մեջ: Բուն հայկական գործիքները միշտ կապրեն:
– Մեր քաղաքի ֆոնային երաժշտությունը, որը լսվում է երթուղայինների մեջ, անցումներում, սրճարաններում, ավտոմեքենաների պատուհաններից, իրականում ազդո՞ւմ է մարդու վրա:
– Այդ ֆոնը մի մշակույթ է ձեւավորում, որի մեջ մարդիկ են մեծանում ու դաստիարակվում: Եթե ֆոնը լավը չէ, այն վտանգավոր է դառնում մարդու համար: Բայց ես կասեի, որ ոչ միայն երթուղայինների ու փողոցի ֆոնն է կարեւոր, այլ` նաեւ հեռուստատեսությամբ հնչող երաժշտությունը: Իսկ մեր հեռուստատեսության ֆոնն այդքան էլ պոզիտիվ չէ:
– Իսկ դա բարկացնո՞ւմ, նյարդայնացնո՞ւմ է։
– Ո՛չ, որովհետեւ տանը ես նման երաժշտություն չեմ լսում, իսկ քաղաքի ֆոնին մեծ ուշադրություն չեմ դարձնում։ Պարզապես այդ ամենը մեզ ուրիշ կողմ է տանում, ուրիշ ուղղությամբ է մտածել տալիս… Դա բնական է, քանի որ մեզ շրջապատող մեծ մշակույթները մշակված համակարգ ունեն ու սկսում են մեզ «կուլ տալ»։ Ռուսական եւ արեւմտյան մշակույթներն իրենց ազդեցությունն են թողնում, հզոր մեդիաներ են աշխատանքի դնում։ Դուք էլ դա լավ գիտեք ու տեսնում եք։
– Գուցե մենք էլ գլոբալացման սիստեմի մեջ մուտք գործելու կարիք ունենք։
– Իսկ եթե ոչ թե մենք մտնենք այդ սիստեմի մեջ, այլ՝ սիստեմը բերեք, ու մերը զարգացնենք։ Չե՞ք կարծում, որ դա ավելի ճիշտ է։ Գուցե դա է մեր ճանապարհը։ Թե ո՞ւր կտանի այն մեզ՝ չգիտեմ։ Իհարկե կան նաեւ փակ մշակույթներ, փակ երաժիշտներ, որոնք նվագում են այնպես, ինչպես հարյուր տարի առաջ են նվագել։ Օրինակ, Պարսկաստանի երաժշտությունն այդպիսին է, նրանք տարիներ շարունակ նույն կերպ են նվագում ու հպարտ են դրանով։ Իսկ մենք, ուզենք թե չուզենք, արդեն վաղուց մտել ենք գլոբալացման սիստեմի մեջ։
– Իսկ պետությունը՝ յուրատեսակ ֆիլտրի դեր կատարելով, լա՞վ գործ կանի։
– Ցանկացած բան, որը պարտադրանքի տեսք է ունենում, արդեն ճիշտ չէ։ Գեղխորհուրդներն ու քննարկումները լավ երեւույթներ չեն, բայց մյուս կողմից՝ անընդհատ ցածրորակ արվեստը մարդկանց տալը նույնպես վատ է։ Լավ արվեստը պիտի մարդու գենի մեջ լինի։ Իսկ եթե չկա, ի՞նչ կարող ես անել։ Հիմա հարուստ մարդիկ ինչի՞ համար են փող տալիս։ Փող են տալիս այն երաժշտությանը, որը ոչ մի կապ չունի այդ գենի հետ։ Եվ բացարձակ կարեւոր չէ երաժշտության ժանրը, հիմա այնպիսի բարձր որակի փոփ-երաժիշտներ կան, որ զարմանալ կարելի է։ Կարող ես լսել իռլանդական փոփ-երաժշտությունն ու տեսնել, թե ինչպես են իռլանդացիներն իրենց սեփական գույնը փայլեցնում։ Մենք բոլորս գլոբալացվել ենք, բայց, միեւնույն է, պետք է մեր, այլ՝ ոչ թե ուրիշի գույնը ցույց տանք։ Ճի՞շտ է։ Կարծում եմ, ճիշտ է։ Որպես քաղաքացի, ես այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր երաժշտությունը հիմա լրիվ ռուսական սիստեմի է համապատասխանեցվում։
– Գուցե ավելի շուտ արաբա-թուրքա-եզդիակա՞ն։
– Ոչ, հենց ռուսական։
– Շատ հաճախ ազգային գործիքները փոփ-երաժշտության մեջ կցորդի, կոլորիտ հաղորդողի դերում են լինում, եւ արդյունքում զգում ես, որ ինչ-որ բան այն չէ, պսեւդո է։
– Դե դա նույնն է, երբ ինչ-որ ճաշ ես ուտում ու զգում ես, որ արհեստական բան ես ուտում։ Դա անպայման զգում ես, չես կարող չզգալ։ Նույնն էլ երաժշտության մեջ է։ Այդքան բան։ Մարդը, ով մեծացել է մի միջավայրում, որտեղ իր մայրն ու հայրը, ամբողջ օրը խառնված՝ առեւտուր են անում ու ստիպված են իրենց ընտանիքը կերակրել, լսում է այն երաժշտությունը, որը կա, գնում է այն դիսկերն ու ձայնագրությունները, որոնք իրեն առաջարկում են։ Եվ, հետո, երբ այդպիսի երաժշտության մեջ մեծացած մարդը թագավոր է դառնում, այսինքն՝ մի մարդ, որը մեծ հնարավորություններ ունի, արդեն… վերջ, արդեն հասկանալի է, թե նա ինչ երաժշտության համար է փող տալու։ Հաստատ Կոմիտասի անվան քառյակին երեք տարվա աշխատավարձ չի տա։ Կամ էլ թեկուզ վեց ամսվա, դա արդեն կարեւոր չի։
– Փորձենք վիրտուալ մի պատկեր ստեղծել, պատկերացնել, որ բոլոր երեխաներին պարբերաբար փակում են մի սենյակում ու ստիպում են օրվա մեջ կես ժամ լավ երաժշտություն լսել։ Դա արդյունք կտա՞։
– Ոչ, դա շատ սխալ է։ Համաչափություն պիտի լինի։ Ընտրողն ընտրում է։ Այդքան բան։