Տարածությունն այլ խոսքերով

30/04/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Կարեւորը մարդու մեջ` մարմնից անդին է, ուրեմն, ինչու չհաղորդել այդ կարեւորը գեղանկարչության միջոցներով:
Ամենագաղտնապահ մարդն էլ շրջապատված է իր միջավայրով:

Անրի Միշո

«Բանաստեղծներն առաջինը դադարեցին նկարագրել իրականությունը, եւ նրանց հետեւելով՝ նկարիչները դադարեցին ընդօրինակել այն»,- գրում էր Պիեր Ռեւերդին 1919 թվականին իր «Կուբիզմ, կամ պոեզիան կտավի վրա» խոհագրությունում:

Լոտրեամոնից եւ Ռեմբոյից սկսած բանաստեղծին առավելապես գրավում է ոչ թե տեսանելին եւ նրա պատկերումը, այլ այն կետն ու դիտանկյունը, որտեղ ի հայտ է գալիս անտեսանելին ու նրանում թաքչած գաղտնի հնարավորությունները:

Ինչպես նշում է Բ. Դուբինը. «Նույնիսկ դասական գեղանկարչության մեջ, օրինակ, Կոնստեբլի, ում դիմում է Ռոբեր Դեսնոսը, կամ` Պուսենի, ում մասին գրում է Անդրե Դյու Բուշեն` բանաստեղծներին, ինչպես եւ հենց նկարիչներին այժմ հետաքրքրում է ոչ թե վերածննդյան հեռանկարի միասնական եւ ասես բնական դարձած բացարձակ ու մաթեմատիզացված տարածությունը, այլ տարբեր տարածությունների, որպես յուրահատուկ սկզբնաղբյուրներ եւ ուժեր, փոխհարաբերությունները, որոնք քաղաբերված են հույն ատոմիստներից, միջնադարյան սխոլաստիկայի հիերարխիկ «կարգ»-ից, Յ. Բյոմեի եւ Է. Սվեդենբորգի «համապատասխանություններից», կամ նորագույն դարաշրջանի երկրա-կենսաբանությունից»:

Երեւակայականն առավել մոտ է իրականությանը, գերազանցապես նրանից հեռու լինելով, քանզի դա իրական կյանքի գծագրությունն է իմ մարմնում, նրա զգայական-մարմնական հակառակ կողմը, որը հանկարծ ներկայանում է հայացքին, եւ դա հրաշալիորեն արտահայտում է Ա. Ջակոմետտին. «Ողջ այս նկարչության մեջ ինձ հետաքրքրում է նմանությունը` նմանությունը, ինչպես ես եմ այն հասկանում, այսինքն՝ այն, որ թեկուզ փոքր-ինչ ստիպում է ինձ մերկացնել արտաքին աշխարհը»:

Աչքը տեսնում է աշխարհը եւ այն, ինչը չի բավում աշխարհին, որ նկար դառնա, եւ նաեւ այն, ինչը չի բավում նկարին: Ահա թե ինչու շատ բանաստեղծներ ասում էին, որ առարկաներն իրենց զննում են, եւ, այդ թվում, ասես Պաուլ Կլեեին երկրորդելով, Անդրե Մարշանն ասում էր. «Անտառում իմ մեջ շատ հաճախ այնպիսի զգացողություն էր առաջանում, որ այդ ես չեմ նայում անտառին, ծառերին, այլ ծառերն են զննում ինձ, եւ ես, գուցե թե նկարում եմ, որպեսզի գոյանամ»:

Բանաստեղծն առավել քան որեւէ այլ մեկը միշտ զգացել է, որ գեղանկարչական արվեստը կոնստրուկցիա եւ տեխնոլոգիա չէ, եւ ոչ էլ արդյունաբերական հարաբերակցում արտաքին տարածությանն ու աշխարհին, այլ այն «անհոդաբաշխ ճիչն է», որ հիշատակում էր Հերմես Եռամեծը, եւ որը «լույսի ձայնն էր թվում»:

Բանաստեղծի եւ նկարչի կապը, թերեւս ոչ մի տեղ, 19-րդ դարից սկսած, եւ հատկապես 20-րդ դարում այդպիսի տեւական ու փոխներթափանցված բնույթ չի կրել, որքան Ֆրանսիայում, այդ թվում նաեւ՝ մեկ ստեղծագործողի գործունեության մեջ: Ասենք, Անտոնեն Արտոյի կամ Անրի Միշոյի, հիշենք նաեւ Գ. Ապոլիների բառանկարները` կալիգրամները եւ կուբիստական` բառերից կազմված գեղանկարչական կոմպոզիցիա-կոլաժները: Հավելենք, որ այդ ավանգարդիստական էքսպերիմենտներին զուգահեռ՝ նկարների եւ երաժշտության «տարրերն» իր արձակ էր մտցնում, ոչ իհարկե առանց Րյոսքինի ազդեցության` Մարսել Պրուստը:

Սանկտպետերբուրգյան «Իվան Լիմբախի հրատարակչությունը» 2005 թվականին լույս ընծայեց «Տարածությունն այլ խոսքերով» գիրքը, որը կազմել եւ թարգմանել է Բորիս Դուբինը, եւ որտեղ ներկայացված են Ապոլիներից մինչեւ Միշել Դեգի` արվեստին նվիրված խոհածությունները: Այս գրքի էջերում ներկայացված 20-րդ դարի մեծագույն ֆրանսիացի բանաստեղծները գրում են իրենց սիրելի նկարիչների մասին, անցյալի ու ներկայի վարպետների` Նիկոլա Պուսենի եւ Ժորժ Դե Լատուրի, Ջոն Կոնստեբլի եւ Անտուան Վատտոյի, Վասիլի Կանդինսկու ու Պաբլո Պիկասոյի, Պաուլ Կլեեի եւ Խուան Միրոյի եւ շատ այլոց մասին: Արվեստների երկխոսությունը նոր հնարավորություններ է բացում հենց խոսքի եւ բանաստեղծության առջեւ:

Թեկուզ, փոքր-ինչ պատկերացում տալու համար այս հիանալի գրքի մասին, մեջբերենք մի քանի հատված եւ վերջում Ռենե Շարի «Ալբերտո Ջակոմետտի» կարճառոտ էսսեն:

«Երկնքի եւ երկնային ուժերի հետ հարաբերակցվելու անհնարինությունից` չէ որ այստեղ երկինքը սոսկ ներկայացնում է երկինքը` ստիպված ենք լինում հորինել վայրեր, դրամատիկ շրջադարձեր, մարմիններ, որոնք մոտ են: Ի վերջո, միթե «մերձեցումներում» չէ բանաստեղծության աշխատանքը: Հորինել մերձավորը (սահմանակիցը եւ կիցը), որով չափվում է դեպ հեռավորի տարածքը, զատվածի, ամենահեռավորի, որն էլ հենց մոտեցնում էգ»: (Մ. Դեգի, «Վատտո»):

«Պաուլ Կլեեի հետաքրքրաշարժ տեսիլքները նման են պտղագոյացմանը:

Ինձ ինչ-որ բանով դուր են գալիս նրա որոշ մղձավանջները, այդ ճարտարապետություն հիշեցնող մտային խաչասերումները (կամ էլ, եթե կուզեք, մտքի ճարտարապետությունը), եւ որոշ տիեզերական համակցումները` աշխարհի պահվտած ընչականությունը դրանցում շատ ավելի շոշափելի է, քան Գեորգ Գրոսի գործերում: Եթե համեմատենք, մեկեն կտեսնենք նրանց հոգեկերտվածքի տարբերությունը: Գրոսը մաղում է աշխարհը, այն ենթարկում տեսողությանը, իսկ Կլեեի դեպքում աշխարհն ինքնին կառուցանվում է, եւ արվեստագետին մնում է լոկ նրա թելադրանքով նկարել»: (Ա. Արտո, «Մտքի գեղանկարիչը»):

Ռենե Շար

Ալբերտո Ջակոմետտի

Չորացող սպիտակեղեն` մերկահագի, անկողնու` լվացքասեղմակների վրա պարանով կախված: Անհոգ տանտերը թողել է այն այնտեղ ողջ գիշեր: Քարերի եւ խոտերի վրա ճերմակին էր տալիս թավշյա ցողը: Օրը խոստանում էր տաք լինել, բայց գյուղը չէր արթնանում: Ամայի հատվածներում ողջ գեղեցկությամբ տիրում էր առավոտը, սեփականատերերը, դեռեւս, ծանր բանալիներով վիթխարի կողպեքների տակից դուրս չեն բերել ոչ դույլ, ոչ գործիք: Թռչնարանը հանրահավաքի էր ելել, ճամփից դուրս ընկած, օդում հառնել էր ամուսնական զույգը, Ջակոմետտիի աշխատանքը: Ասես մերկացած, կամ էլ` ոչ: Նրբին, լուսաթափանց, ինչպես այրված տաճարի վիտրաժները, անկերպարան, ինչպես ինքն իր անբարետեսությունից եւ նիհարությունից ամաչող: Եվ այդուհանդերձ, հպարտ իրենց անվեհերությամբ` նրանց տեսակից, որ կգնա մինչեւ վերջ, չի երերա թավուտի եւ արհավիրքի անողոք լույսի ներքո: Սիրահարները դափնեվարդի, նրանք քարացել են ագարակատերերի տնկիների առջեւ եւ երկար շնչում են նրանց բույրը: Պարանի սպիտակեղենը սարսռում է: Տխմարավուն շունը, նույնիսկ առանց հաչելու, կողմ է նետվում: Տղամարդը շոյեց կնոջ փորը, եւ նա հայացքով քնքշորեն շնորհակալ եղավ: Սակայն նրանց փաղաքշանքից բերկրեց միայն գրանիտե ծածկի տակի խոր ջրհորը` միայն նա որսաց դրա թաքուն իմաստը: Հեռավոր սենյակում, ընկերների գյուղական տանը, քնած էր մեծ Ջակոմետտին: