Հայտնի «Forbes» հանդեսն իր վերջին համարում հրապարակել է աշխարհի 10 ամենահրապուրիչ քաղաքների անունները: «Forbes»-ի տասնյակում տեղ գտնելու համար քաղաքը պետք է ունենա ոչ միայն պատմական եւ մշակութային կոթողներ, տպավորիչ ճարտարապետություն՝ հին կամ արդիական, այլեւ շքեղ խանութներ, զվարճանքի կենտրոններ, հարուստ թանգարաններ: Քաղաքը պետք է լինի հարմար իր բնակիչների եւ զբոսաշրջիկների համար: Այդ բոլոր գործոնների միավորման արդյունքում են ընտրվել աշխարհի 10 ամենահրապուրիչ քաղաքները:
Տասնյակը գլխավորում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը: «Ոչ մի ուրիշ քաղաք չի կարող մրցել Լոնդոնի եւ դրա կոսմոպոլիտական մթնոլորտի հետ: Լոնդոնցիների շուրջ մեկ-երրորդը ծնվել է Բրիտանիայի սահմաններից դուրս: Այդ 2 միլիոն 300 հազար մարդիկ Լոնդոն են բերել իրենց մշակույթը, ավանդույթները, ճաշակը, ոճը, խոհանոցը: Նրանց ազդեցության արդյունքում Լոնդոնը դարձել է ավելի հարուստ, բազմազան, բացառիկ եւ գունագեղ»,- հավաստիացրել է «Forbes»-ը: «Լոնդոնը դարձել է աշխարհի ֆինանսական կենտրոնը, արդիական եւ անտիկ արվեստի կենտրոն: Այդ մեգապոլիսն ունի եռանդ ու դինամիկա»,- ասել է միջազգային մարկետինգի մասնագետ, պրոֆեսոր Ֆիլիպ Քոթլերը: Լոնդոնին բնորոշ բացասական գործոններն են բարձր գներն ու անվտանգության ապահովման ոչ պատշաճ մակարդակը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիայի մայրաքաղաքը` արվեստների, կատարյալ ճաշակի, անհաշիվ թանգարանների կենտրոն, աշխարհի լավագույն գրողների եւ բանաստեղծների գովերգած Փարիզը: Փորձագետների խոսքերով, Փարիզին «հատուկ են ռոմանտիզմը, դասական ոճը եւ ձգտումը դեպի նորաձեւություն»: 3-րդ տեղում Սիդնեյն է, 4-րդում` ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաք Նյու Յորքը: 5-րդն ամենահրապուրիչ քաղաքների ցուցակում Իտալիայի մայրաքաղաք Հռոմն է, 6-րդը` Բարսելոնան: Տասնյակում կա ավստրալական եւս մեկ քաղաք՝ 7-րդ տեղը գրավել է Մելբուռնը, 8-րդ տեղում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինն է, 9-րդ տեղում Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամն է: Իսկ ամենավերջում` Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդն է: