ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու» առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչներ Խաչիկ Ստեփանյանը, Գրիգոր Հաբաշյանը, Հովհաննես Սիմոնյանը եւ Կարեն Մարտիրոսյանը, մասնակցելով Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացված հանրահավաքներին, փետրվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում հանրահավաքներին մասնակցող անձանցից ձեռք են բերել կանաբիս խմբին պատկանող թմրամիջոց, որը տեղում գործածել են` առանց բժշկի թույլտվության: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ «Ազատության հրապարակում առաջին անգամ կանաբիս խմբի թմրամիջոց գործածելուց հետո` հաջորդող օրերին, արդեն թմրամիջոց գործածելու դիտավորությամբ»,
Գ. Հաբաշյանը, Հ. Սիմոնյանը եւ Կ. Մարտիրոսյանը «պարբերաբար այցելել են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաքին մասնակցող անձանցից, գործածման նպատակով, կրկին անգամ ձեռք են բերել եւ տեղում, առանց բժշկի թույլտվության, գործածել կանաբիս խմբի թմրամիջոցներ»: Ըստ հաղորդագրության, ձեռք բերված «ապացույցների հիման վրա»` նշված անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր-ի 271-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Այժմ, ըստ տեղեկատվության` միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցներ իրացնողներին հայտնաբերելու ուղղությամբ: