Հրաժարվել է մանդատից

28/04/2008

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վահե Հովհաննիսյանը երեկ «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերն այն մասին, որ մի քանի օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Նա ասել է, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառներն առավելապես անձնական բնույթի են: «Ես պարզապես ցանկանում եմ փոխել աշխատանքս, անցնել մասնավոր սեկտոր, իսկ պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ես վաղուց էի պատրաստվում դիմում ներկայացնել, եւ չէի ցանկանա, որ այն տարբեր մեկնաբանությունների առիթ տար: Իմ քայլի մասին ես մոտ մեկ ամիս առաջ տեղյակ եմ պահել ԲՀԿ խմբակցության ղեկավարին, որն ըմբռնումով է մոտեցել իմ ցանկությանը: Գագիկ Ծառուկյանի հետ որեւէ խնդիր չունեմ եւ երբեւէ չեմ ունեցել. մեկ տարուց ավելի միասին աշխատել ենք բացառապես փոխադարձ հարգանքի պայմաններում, եւ չեմ կարծում, որ իմ՝ ԱԺ-ում չլինելը որեւէ բան կփոխի մեր հարաբերություններում»,- ասել է Վ. Հովհաննիսյանը: Նրա դիմումը երկուշաբթի օրը, համաձայն ընթացակարգի, կներկայացվի ԱԺ նիստի ընթացքում: