ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել է Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին` դա համարելով ներկայիս լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Վ. Հովհաննիսյանն իր այդ առաջարկը ներկայացրել է նաեւ երկու օր առաջ կայացած կոալիցիայի նիստում: Դաշնակցական պատգամավորի սույն առաջարկը, սակայն, կարող է սկանդալի պատճառ դառնալ. ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը Վ. Հովհաննիսյանին մեղադրում է «պլագիատի» մեջ, քանի որ, ըստ նրա՝ Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին առաջինն ինքն է առաջարկություն արել 2007 թ. ԱԺ ընտրություններից հետո: «Ես ամբողջ աշխարհով աղմուկ կբարձրացնեմ, ու թող Վահան Հովհաննիսյանը պատասխան տա, թե ի՞նչ բարոյական իրավունքով է այսօր ցանկանում ստեղծել այդ հասարակական պալատը, երբ իմ առաջարկությանն այն ժամանակ չարձագանքեցին ո՛չ իրենք, եւ ո՛չ էլ մյուս խումբ-խմբակցությունները: Միայն Վիկտոր Դալլաքյանն արձագանքեց եւ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց ԱԺ-ին, սակայն, չունենալով ԱԺ մեծամասնության դրական դիրքորոշումը` այդ օրինագիծը մերժվեց»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հ. Հովհաննիսյանը, որի կարծիքով, նման կառույցի ստեղծումն արդեն ժամանակավրեպ է: