ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ով 2007թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրություններից հետո հանդես էր եկել Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին հրապարակմամբ, երեկ մեզ հետ զրույցում խոստացավ «աղմուկ բարձրացնել եւ խայտառակել» ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանին: Վերջինս նախօրեին հայտարարել է, թե անհրաժեշտ եւ օրախնդիր է համարում նման պալատի ստեղծումը: Հ. Հովհաննիսյանը Վ. Հովհաննիսյանին մեղադրում է իր նախաձեռնությունը յուրացնելու, այսինքն` «գրագողության» մեջ: «Ես ամբողջ աշխարհով աղմուկ կբարձրացնեմ, ու թող Վահան Հովհաննիսյանը պատասխան տա, թե ի՞նչ բարոյական իրավունքով է այսօր ցանկանում ստեղծել այդ հասարակական պալատը, երբ իմ առաջարկությանն այն ժամանակ չարձագանքեցին ո՛չ իրենք, եւ ո՛չ էլ մյուս խումբ-խմբակցությունները: Միայն Վիկտոր Դալլաքյանն արձագանքեց եւ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց ԱԺ-ին, սակայն, չունենալով ԱԺ մեծամասնության դրական դիրքորոշումը` այդ օրինագիծը մերժվեց»,- ասում է Հ. Հովհաննիսյանը: Չնայած սրան, Հ. Հովհաննիսյանը կարծում է, որ այսօր նման պալատի ստեղծումն այլեւս ժամանակավրեպ է, եւ, որ դրա անհրաժեշտությունն առաջացել էր ԱԺ ընտրություններից հետո, քանի դեռ մարտի 1-ի արյունալի իրադարձությունները չկային, սակայն դրա հավանականությունը տեսանելի էր. «Հասունացած հարցերը պետք է ճիշտ ժամանակին լուծել: Իսկ եթե բանը բանից անցել է, եւ միայն բանը բանից անցնելուց հետո են քաղաքական իշխանությունները կատարում անհրաժեշտ քայլը, դա արդեն դառնում է ժամանակավրեպ եւ ոչ արդյունավետ»,- ասում է Հ. Հովհաննիսյանը` վստահեցնելով, որ իր այն ժամանակվա հրապարակումը «մարգարեական նախազգուշացում» էր այն մասին, որ իշխանություններն իրենց միատարրությամբ վտանգում են երկրի ներքաղաքական կայունությունը: «Այն ժամանակ, երբ ԱԺ-ում ընդդիմությունը չնչին է իր թվաքանակով եւ կազմով, անհրաժեշտ էր իշխող ուժերին ստեղծել լուրջ հակակշիռ»,- ասում է նախկին պատգամավորը: Իսկ հարցին, թե ՀՅԴ-ն կկարողանա՞ արդյոք, լինելով իշխանական կոալիցիայի կազմում` լինել այդ հակակշիռը, Հասարակական պալատ ստեղծելու գաղափարի հեղինակ Հ. Հովհաննիսյանը հակադարձեց. «Ինչպե՞ս կարող է ՀՅԴ-ն լինել Հասարակական պալատի ստեղծողը, երբ նա էլ է իշխող ուժ»: