Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող թիվ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով: Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: Խմբի կազմում ընդգրկված են ԵԽ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, նախագահի օգնականը, արտաքին գործերի, արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահն ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը: Խմբին հանձնարարված է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ` առաջիկա քայլերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: