«2008թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, քննության առնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հարությունյանի միջնորդությունը, կոպտորեն ոտնահարելով ՀՀ օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի պահանջները, որոշում է կայացրել Գագիկ Ջհանգիրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով, մինչեւ 2008թ. հունիսի 24-ը երկարացնելու մասին»,- երեկ տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Գ. Ջհանգիրյանի պաշտպան Լ.Սահակյանը: «Նշված ակնհայտ ապօրինի որոշումը կայացրել է այն նույն դատավորը, որը 27.02.2008թ. առավոտյան ժամը
05։30-ի սահմաններում անօրինական որոշում էր կայացրել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին: Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել էր մասնակցել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդության քննությանը, այդ մասին գրավոր հայտնելով դատավոր Ա.Դանիելյանին եւ ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հարությունյանին»,- նշված է դատապաշտպանի հաղորդագրության մեջ, որին կցված է նաեւ Գ. Ջհանգիրյանի գրության տեքստը: Դրանում նախկին զինդատախազը համոզմունք է հայտնում, որ դատարանը, միեւնույն է` արդար վճիռ չի կայացնելու, դրա համար էլ ինքը չի ցանկանում մասնակցել նիստին: «Վստահ եմ, որ այս անգամ եւս դատարանը չի լինելու անկախ եւ անկողմնակալ, շարունակելու է մեկ անգամ արդեն իսկ թույլ տված արդարադատության դեմ ուղղված հանցանքը, ուստի անիմաստ եմ համարում ներկա գտնվել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդության քննարկում կոչվող բեմադրությանը»,- ասված է եղել Գ. Ջհանգիրյանի գրությունում: Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է վերջինիս պաշտպանը, 2008թ. ապրիլի 22-ին Գ.Ջհանգիրյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգի կոպիտ խախտումներով արձակված ՀՀ Նախագահի 23.02.2008թ. N ՆՀ -28-Ա եւ N ՆՀ-29-Ա հրամանագրերը` Գագիկ Ջհանգիրյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատելու եւ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին: