«Հայաստանը գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ եւ այդ պայմաններում մենք փորձում ենք գնահատական տալ սոցիալական լարվածության քաղաքական փոփոխությունների հետեւանքներին: Դա հնարավոր բան չէ, որովհետեւ, եթե իշխանության կողմից չի ընկալվում, որ երկիրը գտնվում է այդ ճգնաժամի մեջ, եւ ամբողջ գործունեությունը չի ուղղվում ճգնաժամից դուրս գալուն, մյուս ածանցյալները դառնում են արհեստական ու շինծու քննարկումներ»,- երեկ հասարակության կյանքում սոցիալական գործոնին վերաբերող քննարկման ժամանակ հայտարարել է վերջերս Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանն անդամակցած Վահան Շիրխանյանը եւ իր կարծիքը հիմնավորելու համար խորհուրդ է տվել մտնել դպրոցներ, գյուղական բնակավայրեր ու հարցնել. «Ե՞րբ ես եղել բժշկի մոտ, ի վիճակի՞ ես դիմել բժշկի, հասանելի՞ է այդ բժշկությունը քեզ համար, քանի՞ օրվա է հերիքում քո թոշակը»: «Եթե մենք ժողովրդին ընկալում ենք որպես ընտրազանգված, ոչ թե սեփական երկրի սեփական բնակչություն, ընտրությունից ընտրություն գնալու են, խոստումները տալու են, հետո գալու են հանգստանան, մտածելով, որ մինչեւ մյուս ընտրություն ազատ են»,- ասել Վ. Շիրխանյանը, նշելով, որ բնակչությանը որպես ընտրազանգված ընկալելը հանգեցնում է նրան, որ «ասենք՝ Գագարին ավանում մեծ մասը լքել է երկիրը, սահմանամերձ գյուղերում մի քանի պառավ է մնացել, հարեւան գյուղից են տղամարդիկ բերում, որ թաղում անեն, ժողովրդագրական առումով աղետալի վիճակ է, եւ Հայաստանը դասվում է մեռնող երկրների շարքին»: Սոցիալական գործոնի դերին վերաբերող քննարկման մեկ այլ մասնակից` ՆԺԿ անդամ Հրաչյա Սարգսյանն էլ նշել է, որ Հայաստանի սոցիալական քաղաքականության կենտրոնում պետք է լինի մարդը: «Դժբախտաբար, այսօրվա կառավարության այն հերոսական պատրաստակամությունը, որ իրենք կարող են ինքնակրթությամբ ցանկալի մակարդակի հասցնել իրենց ընկալումները, որեւէ երաշխիք չէ, որ դա մոտ ապագայում կարող է անդրադառնալ մեր հասարակության վրա»,- ասել է նա: Սոցիալական պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի ռեպլիկին, թե՝ ի՞նչ վատ է կրթվելը, Հրաչյա Սարգսյանն արձագանքել է. «Թող կրթվեն նախապես: Հայ ժողովուրդն իրենց համար լաբորատորիա չէ: Կառավարության անդամի կարգավիճակը «լիկբեզի» համար օգտագործելու բարոյական որեւէ նորմ չկա: Այդքան իջեցնել հասարակությանը չի կարելի: Դրա համար էլ գիտությանը զրո ամբողջ տոկոս են տրամադրում, դրա համար էլ կրթական համակարգն այս վիճակում է»: