Հետընտրական Հայաստանում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին անցած 2 ամսվա ընթացքում, թերեւս, չեն արտահայտվել, ինչպես ասում են` միայն «ամենածույլերը»: Իրոք, դժվար է գտնել Հայաստան ժամանած որեւէ գործչի կամ միջազգային որեւէ հեղինակավոր կառույցի ներկայացուցչի, որը ներքաղաքական ստեղծված իրավիճակին անդրադառնալիս չարտասանի «երկխոսություն» բառը: Նրանցից, իհարկե, ետ չեն մնում նաեւ տեղական իշխանամետ եւ ընդդիմադիր համարվող գործիչները, իշխանամերձ մտավորականները, քաղաքագետները, ստեղծագործական միությունները ու նմանատիպ այլ «կոնտինգենտը»: Այս թեման աչքաթող չարեց նաեւ օրերս «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» թեմայով հայտնի զեկույցը քննարկող Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովը: Վերջինս թեպետեւ նշեց, որ «ողջունելի զարգացում էր այն, որ խորհրդարանում ներկայացված հինգ կուսակցություններից չորսը նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստորագրեցին համաձայնագիր քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին», բայց միեւնույն ժամանակ նաեւ ասվեց, որ «այնուհանդերձ, դեռեւս անհրաժեշտություն կա երկխոսություն հաստատել կոալիցիայի եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ, ինչպես նաեւ՝ արտախորհրդարանական կուսակցությունների հետ` Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար»: Եվ չնայած այն հանգամանքին, որ երկխոսության կոչեր անողների եւ այդ գործընթացը սկսել ցանկացողների պակաս առանձնապես չի զգացվում, այնուհանդերձ, տպավորություն կա, որ գործն այսօր էլ «մեռյալ» կետից շարժվելու միտում չունի: Իսկ ներքաղաքական կյանքի վերջին շաբաթների հիմնական առանձնահատկությունն այն է, որ «բարեփոխվող» իշխանությունը եւ կիսաընդհատակյա կյանքով ապրող ու հիմնականում ընդհատակյա գործելաոճով գործող արմատական ընդդիմությունը կարծես թե երկուստեք դիրքային պայքարի մարտավարություն են որդեգրել: Կարելի է համաձայնել այն վերլուծաբանների հետ, որոնց կարծիքով, հակամարտող կողմերից յուրաքանչյուրը նախապատրաստվում է հնարավոր բանակցային գործընթացին: Պատահական չէ, որ թե իշխանությունները ու թե ընդդիմությունը, չցանկանալով միջազգային հանրությանը ներկայանալ «ծայրահեղականների» կերպարում, սկզբունքորեն գիտակցելով երկխոսության անխուսափելիությունը, նույնիսկ հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում երկխոսություն սկսելու պատրաստակամություն էին հայտնում: Իհարկե, «սեփական դեմքը պահպանելու» անհրաժեշտությունից ելնելով` կողմերը նաեւ որոշակի նախապայմաններ էին առաջադրում միմյանց` ընդդիմությունը, օրինակ, պահանջում էր «նախ ազատել բոլոր քաղբանտարկյալներին», իսկ իշխանությունը պահանջում էր` հրաժարվել «բանդիտ եւ մոնղոլ-թաթար» որակումներից… Միեւնույն ժամանակ, կողմերից յուրաքանչյուրը մինչ օրս էլ շարունակում է հնարավորինս ծանրակշիռ, այսպես կոչված, բանակցային ռեսուրսներ կուտակել` առաջիկա բանակցություններում հնարավորինս ծանրակշիռ բանակցային «հաղթաթղթերով» ներկայանալու համար: Այս առումով իշխանության մարտավարությունը մարտի 1-ից մինչեւ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, որոշակիորեն տարբերվում է ՀՀ նոր նախագահի երդման արարողությունից հետո որդեգրած գործելաոճից, սակայն ոչ այնքան, որպեսզի հնարավոր լինի ընդհանուր մարտավարության փոփոխության մասին խոսել: Մինչ ինագուրացիան` իշխանական վերնախավի համար «անցումային» համարվող այդ շրջանում իշխանությունները հիմնականում ընտրել էին սեփական ուժային ռեսուրսը ամրացնելու եւ այն հրապարակավ ի ցույց դնելու մարտավարությունը: Դա ներառում էր ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները, «քաղաքական զբոսանքների» մասնակիցների ցուցադրաբար կալանավորումները կամ նրանց հետ ոստիկանական բաժանմունքներում «պրոֆիլակտիկ դաստիարակչական զրույցների» անցկացումը, հանրահավաքների եւ ցույցերի «դե յուրե» ու «դե ֆակտո» արգելումները, լրատվական շրջափակումը եւ փաստացի «լրատվական ահաբեկումը», ինչպես նաեւ՝ շատ դեպքերում չհիմնավորված խիստ ընկալվող դատական պատիժները եւ այլն: Ընդ որում, նկատենք, որ հիմնականում «ներքին սպառման համար» եւ ժամանակ շահելուն միտված այդ կոշտ գործելաոճը որեւէ կերպ չնպաստեց միջազգային ասպարեզում եւ երկրի ներսում գործող վարչախմբի հանդեպ եղած «սառը» վերաբերմունքի մեղմացմանը: Ընդհակառակը, զգալիորեն հարստացրեց ընդդիմության քաղաքական ռեսուրսները: Արմատական ընդդիմությունն, իր հերթին, չէր ապավինում միայն իշխանության սխալների վրա սեփական բանակցային ռեսուրսներն ամրացնելով, ըստ էության, չընդհատվող քաղաքական եւ զանգվածային ակցիաներով, ձերբակալվածներին եւ թաքնվողներին փոխարինման եկած «համաժողովրդական շարժման» նորանոր ակտիվիստների ի հայտ գալով, նոր եւ էֆեկտիվ քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ, պերմանենտ հացադուլներով, «քաղաքական զբոսանքներով» եւ այլն: Մի խոսքով, ընդդիմությունն իշխանությանը, հայաստանյան հասարակությանը եւ, ինչո՞ւ չէ, նաեւ աշխարհաքաղաքական բոլոր շահագրգիռ կենտրոններին ուղղակիորեն հասկացնում է, որ անկախ ամեն ինչից՝ կարողացել է պահպանել տարբեր մասշտաբների զանգվածային միջոցառումներ կազմակերպելու ռեսուրսը, եւ, որ հարմար պահին կարող է իշխանության ուժային ռեսուրսին հակադրել իր` ոչ պակաս ազդեցիկ այդ ռեսուրսը: Ի դեպ, ապրիլի 24-ին ընդդիմության կազմակերպած բավականին հզոր «լուռ երթը» ասվածի վառ ապացույցն էր:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ պայքարը շարունակող կողմերն առայժմ զբաղված են ուժի ցուցադրումով: Ավելին, երկու կողմերն էլ իրենց բանակցային ռեսուրսներում առանցքային դեր ունեցող ուժային ռեսուրսները կփորձեն փոխզիջման հիմնական առարկա դարձնել: Ըստ այդմ, իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի ընդդիմության հետ բանակցություններն ընթանան ոչ թե նախագահական ընտրությունների բուն արդյունքների վիճարկման, այլ հետընտրական գործընթացների հետեւանքների վերացման կամ մեղմացման շուրջ: Իշխանությունների համար փոխզիջման ռեսուրսներ, այս պարագայում, կարող են դառնալ, նախեւառաջ, օրինակ, քաղբանտարկյալներին եւ մյուս ընդդիմադիր ակտիվիստներին բանտերից ազատելու, հանրահավաքների ու ցույցերի անցկացումն արգելակող օրենքի վերանայման եւ քաղաքական ճգնաժամի այլ հետեւանքների վերացման ու մեղմացման թեմաները: Այսինքն` այն բոլոր հարցերը, որոնք ներառված են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանին վերաբերող վերջին բանաձեւի 8-րդ եւ առանձնապես 9-րդ կետերում, որոնց իմաստը տեղավորվում է «Ընդդիմությունը չի վիճարկում նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ իշխանությունը զիջումների է գնում մնացած հարցերում» բանաձեւի շրջանակում: Այս տեսանկյունից զարմանալի չէ, որ պետական քարոզչամեքենան վերջին օրերին հաճախակի է հիշատակում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած բանաձեւի հատկապես 9-րդ կետը, որում շեշտվում է, որ «ընդդիմադիր բոլոր ուժերն իրենց հերթին պետք է ճանաչեն Սահմանադրական դատարանի որոշումը, որով հաստատվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած` ընտրությունների արդյունքները»:
Ընդդիմությունն, իր հերթին, որպես բանակցություններում «փոխզիջումային ռեսուրս», դիտարկում է պերմանենտ զանգվածային ճնշումները մեղմացնելու պատրաստակամությունը: Դրա դիմաց «արմատականները» կփորձեն իշխանությունից կամ այս տարվա աշնանը, կամ, ամենաուշը, մյուս տարվա գարնանը խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել: Կարծում ենք, երկու կողմերն էլ հստակ ընկալում են, որ, ուշ թե շուտ, երկխոսության հիմնական թեման դառնալու է որեւէ մակարդակի համապետական ընտրությունների անցկացման եղանակով քաղաքական ճգնաժամին լուծում տալու հարցը: Սա ավելի, քան տրամաբանական է, քանի որ նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ առնվազն 350.000 ձայն ստացած արմատական ընդդիմությունն այսօր, ըստ էության, զրկված է որեւէ կերպ պետական կառավարման համակարգում ներկայացված լինելու իրավունքից: Այս պայմաններում նրանց միակ քաղաքական ամբիոնը կրկին դառնում է փողոցը: Իսկ այդ «հարթակը»` պաշտոնական եւ, այսպես կոչված, «պատասխանատու» ԶԼՄ-ների հանդեպ հասարակության մոտ եղած տոտալ անվստահության պայմաններում, ինչպես արդեն առիթ է եղել համոզվելու, անչափ ազդեցիկ եւ իշխանությունների համար շատ վտանգավոր գործոնի է վերածվում:
Հատկանշական է, որ քաղաքական նոր իրողությունները հաշվի առնելու փաստացի եւ հստակ պահանջ է արձանագրվել նաեւ մեր կողմից արդեն հիշատակված` Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւում, որը փաստաթղթում հետեւյալ ձեւակերպումն է ստացել. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է` ծառայել որպես հարթակ՝ տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական բանավեճի եւ փոխզիջումների ձեւավորման համար: Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով «ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին» մոտեցման վրա, ըստ էության, բացառում է ընդդիմության որեւէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին եւ երկրի կառավարմանը: Դրա արդյունքում ՀՀ քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում»:
Ինչեւէ, արդեն մոտակա շաբաթների ընթացքում կհստակեցվի, թե ինչ գործելաոճ են որդեգրելու գործընթացների հիմնական դերակատարները: Այս իրավիճակում հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ միջազգային կառույցների կողմից իրավիճակը շտկելու հստակ ժամկետներ են սահմանվել` մինչեւ Եվրախորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանը: