Գեղամ Գասպարյանը եւ Սամվել Բալասանյանը մեկ տարի առաջ ՕԵԿ ցուցակից դուրս են եկել սեփական դիմումի համաձայն: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Ըստ նրա, իրենց կուսակցական ներքին կանոնադրությամբ ընտրություններից առաջ վարչության անդամները որոշակի պայմանների դեպքում` ինքնաբացարկի մասին դիմում են ստորագրում: «Մենք այդ դիմումն ենք ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- ասել է Հ. Մարգարյանը, ում խոսքերով՝ գործընթացն իրավական առումով ամբողջովին անթերի է: «Ես անձամբ ներկա եմ եղել այդ դիմումի ստորագրման գործընթացին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն վերոհիշյալ անձանց ինքնաբացարկի դիմումները ներկայացրել է Գլխավոր դատախազություն, եւ եթե պարզվի, որ այդ դիմումների հեղինակներն իրենք չեն, ԿԸՀ-ն ստիպված կլինի չեղյալ համարել իր որոշումը, ըստ որի՝ ԱԺ պատգամավոր է գրանցել ՕԵԿ համամասնական ցուցակում ներառված Արծրուն Աղաջանյանին, քանի որ վերջինս ցուցակում ավելի ցածր հորիզոնական է զբաղեցրել, քան Գեղամ Գասպարյանը: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի ներքին խնդիրներին, ապա Հ. Մարգարյանը հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Մհեր Շահգելդյանի եւ Հեղինե Բիշարյանի միջեւ տարաձայնություններ են առաջացել` նախարարական պորտֆելի պատճառով: «Բնականաբար, դրանք ստահոդ տեղեկություններ են, որոնք միշտ, չնշեմ անունները, նույն լրատվամիջոցներն են տարածում»,- ասել է նա: Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, Հ. Մարգարյանը կրկնել է բոլոր այն ստանդարտ հայտարարությունները, որոնք հնչում են արդեն երկու ամիս. ըստ այդմ, միայն երկխոսություն է անհրաժեշտ: «Ես լավատես եմ եւ կարծում եմ՝ վերջիվերջո դա տեղի կունենա: Դա բխում է ժողովրդի շահերից, եւ մեր գերակա շահը պետք է լինի ժողովրդի գերակա շահը»,- ասել է ՕԵԿ պատգամավորը, որը, ըստ որոշ տեղեկությունների, հավակնում է Շիրակի մարզպետի պաշտոնին: