Ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես եւ նախորդ բոլոր տարիներին, երկրի բարձրաստիճան այրերը կրկնեցին նույն կլիշեն. «Օ՜, այն, ինչ տեղի ունեցավ նախորդ դարասկզբին, հանցագործություն էր ողջ մարդկության դեմ: Հայերի կոտորածը մի ցավ է, որը, այսպես թե այնպես, անդրադարձել է յուրաքանչյուր հայ ընտանիքի ճակատագրին, սակայն պետք է հետեւություններ անել, դաս քաղել ցեղասպանությունից եւ անել այնպես, որ նման բան այլեւս տեղի չունենա»: Եթե «նոր ցեղասպանություն չկրկնվի» ասելով` նկատի ունեն այն, որ, ասենք, առաջիկա տարիներին, ապրիլյան մի գեղեցիկ օր հայ մտավորականության սերուցքը թուրքերը չոչնչացնեն, յաթաղանով չհարձակվեն մայրաքաղաքի փողոցներով քայլող հայերի վրա, իրենց տներից չքշեն, չտարհանեն հայ քրիստոնյաներին, կարող են հանգիստ լինել. նման բան այլեւս տեղի չի ունենա: Նախ` 21-րդ դարում ցեղասպանության մեթոդներն այլ են. ամեն ինչ կատարվում է առանց յաթաղանի կիրառման ու լայն ժպիտով: Եվ հետո, այսօր ամենեւին անհրաժեշտ չէ որեւէ թուրքի միջամտություն. առանց նրանց էլ մեր մտավորականությունը ոչնչանում է, ավելի ստույգ` ինքնաոչնչանում է: Հետո` եթե հայերը տարհանվում են իրենց բնակավայրերից, դա արվում է ամենեւին ոչ ազգային պատկանելության կամ դավանաբանական հողի վրա, այլ երկրի համար առաջնահերթությունները գերադասելով յուրաքանչյուր հայ ընտանիքի` սեփական կտուրի տակ բնակվելու իրավունքից: Եվ փոքրիկ ճշտում` դա անում են ոչ թե թուրք ենիչերիները, այլ ազգությամբ հայ չինովնիկները, եւ ամենեւին ոչ Թալեաթ փաշայի կարգադրությամբ:
Դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում մեր բարձրաստիճան ղեկավարների, զինվորականների շուրթերից ամեն տարի հնչող նույն միտքը, թե պետք է դասեր քաղենք կատարվածից: Եթե անկեղծորեն քննենք թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային, թե՛, պարզապես, մեր հասարակության զգալի մասի գիտակցական ոլորտում տիրող վիճակը, կտեսնենք, որ անցած 93 տարիների ընթացքում երկրի արտաքին ռազմավարության հարցում հատկապե՛ս որեւէ լուրջ հետեւություն անել այդպես էլ չի հաջողվել:
Ի՞նչ ենք ակնկալում Թուրքիայից: Հայոց ցեղասպանության ճանաչում: Ո՞ր ոլորտից է այդ ակնկալիքը` բարոյահոգեբանակա՞ն, թե՞ նյութական: Մենք` շարքային հայերս, այդպես էլ չենք կարող հստակ ձեւակերպել, թե մեր պետությունն ի՞նչ հայեցակարգ ունի, ի՞նչ ծրագրով է ակնկալում դաս քաղել ու հետեւություններ անել կատարվածից, ի՞նչ հերթականությամբ: Այն, որ մենք լրիվ անպատրաստ ենք հայոց ցեղասպանության ճանաչմանը, վկայում է նաեւ այն, որ եթե տեսականորեն վաղը Թուրքիան հայտարարի, թե պատրաստ է իր արխիվները բացել, ասենք, միայն հայաստանցի գիտնականների առաջ, տեղի կունենա այն, որ մենք այսօր չունենք ողջուառողջ, պրոֆեսիոնալ օսմաներենի մասնագետ, որը կկարողանա գնալ եւ ուսումնասիրել փաստաթղթերը: Մեր լավագույն օսմանագետը երբեմնի արտգործնախարար Վահան Փափազյանի հայրն էր: Արդեն` երջանկահիշատակ: Եթե հարցնեք ցանկացած հայի` ի՞նչ է ակնկալում նա թուրքերից, Թուրքիայից, նա կպատասխանի` թող ճանաչեն ցեղասպանությունը: Իսկ հետո՞: Ի՞նչ է նշանակում՝ ճանաչել ցեղասպանությունը: Ընդունել կատարած հանցագործության մե՞ղքը: Ապաշխարե՞լ: Դա, ինչ խոսք, կարեւոր պայման է, սակայն՝ ոչ միակը: Ցեղասպանության ճանաչումը ենթադրո՞ւմ է պատմական արդարության վերականգնում, այսինքն` հողերի վերադարձ: Տակավին վերջերս իշխանության ամենաբարձր ներկայացուցիչը` Ռոբերտ Քոչարյանը, հայտարարել էր, թե Հայաստանը հողային, տարածքային պահանջ Թուրքիայից չունի: Դա բանավոր հայտարարությո՞ւն էր, թե՞ ինչ-որ տեղ ամրագրված միտք, պետական հայեցակարգ: Ամեն դեպքում, ցեղասպանության ճանաչման ելակետը, հետեւանքները պետք է այն աստիճան մանրազնին մշակված լինեին այս 93 տարվա ընթացքում, որ մատչելի լինեին բոլոր հայերիս: Հարցրեք առաջին իսկ պատահած դաշնակցականին, ի՞նչ է ակնկալում ցեղասպանության ճանաչումից: Նա կպնդի, որ Հայաստանը պետք է Թուրքիային ներկայացնի տարածքային պահանջներ: Մեկ այլ օղակ, առավել` գիտական շրջանակները, գտնում են, որ միակ իրագործելին ֆինանսական փոխհատուցման ակնկալիքներն են: Այսինքն, կրկնենք, որեւէ միասնական, հստակ պահանջատիրություն` գրագետ ձեւակերպված տեքստով, չկա, եւ հայաստանցիներիս համար այդպես էլ անհասկանալի է մեր պետության մոտեցումը` բարոյահոգեբանական հարթությա՞ն խնդիր ենք լուծում` պահանջելով ճանաչել հայոց ցեղասպանությունը, թե՞ դա գործողությունների, ակնկալիքների շղթա է, որը աչքի առաջ ունենալով է, որ Թուրքիան չի էլ ցանկանում լսել ցեղասպանության անունը:
Եվ հետո, այնքան անլուրջ է մեր պետական այրերի շուրթերից լսել մահու չափ ձանձրացրած միտքը` դասեր քաղելու վերաբերյալ: Դասեր քաղել, գոնե շարքային քաղաքացու մակարդակով, ընկալվում է այսպես` ունենալ ուժեղ պետություն, օրինական ընտրված եւ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, չունենալ կոռումպացված չինովնիկություն, ունենալ տանելի դատաիրավական համակարգ, ամուր եկեղեցի, չունենալ քաղբանտարկյալներ եւ այլն: Մենք չունենք սրանցից եւ ոչ մեկը: Հետեւաբար, միտքը, թե մենք պետք է դասեր քաղենք կատարվածից, որ նման բան այլեւս չկրկնվի, նույնքան կեղծ է, որքան Հայաստանում անցկացվող ցանկացած ընտրություն:
Ապրիլի 24-ին մեր պատմաբան, հուշարձանագետներից մեկը` Սամվել Կարապետյանը, այնքան դիպուկ նկատեց, որ ցեղասպանություն ասելով` ինքը հասկանում է ոչ միայն հայերի ջարդերը, այլ Հայաստանում գնալով պակասող հայատառ ցուցանակները, Ծիծեռնակաբերդի տարածքի հարյուրավոր չորացած ծառերը, մեր պատմական հուշարձանների հանդեպ պետության անտարբեր ու անգրագետ քաղաքականությունը, եւ այլն, եւ այլն: Երբ ամեն մի օլիգարխ իր սեփական կենդանաբանական այգուն կամ ծաղկանոցին կից եկեղեցի է կառուցում, որեւէ մեկը նրան չի հասկացնում, որ այդ եկեղեցին իրենից արժեք չի ներկայացնում եւ չի կարող դառնալ հոգեւոր կենտրոն: Այդ գումարով փրկիր մի կիսավեր, ասենք` տասներեքերորդ դարում կառուցված եկեղեցի, եւ պատմությունն ու պետությունն այդ դեպքո՛ւմ քեզ շնորհակալ կլինեն: Սակայն այս ինչի՞ մասին ենք խոսում:
93 տարի նույն դասը սերտել ու այդպես էլ չհասկանալ` ինչի մասին է այն, սա արդեն, ինչպես ասում են, դիագնոզ է: