Մայիս ամսին Հայաստան կժամանի ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԳԱԱ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրված են բանակցություններ, որի ընթացքում պետք է համաձայնություն ձեռք բերվի միջնաժամկետ ծրագրի շուրջ եւ մոտակա 3 տարիների ընթացքում գազի սակագների վերաբերյալ: «Մի բանում մենք համոզված ենք, որ գազի սակագները լինելու են Հայաստանի համար լավագույնը, ինչ կարող է իր գործընկերներին առաջարկել «Գազպրոմը»,- ասաց Տ.Սարգսյանը: Նրա հավաստմամբ` ընդհանրապես ամբողջ աշխարհում այժմ գների բարձրացում է տեղի ունենում, որը լուրջ խնդիրներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի համար, այլ ընդհանրապես համաշխարհային տնտեսությունում: «Մենք պետք է հաշվի առնենք մեր միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը մշակելիս, որ գների բարձրացումը մոտակա տարիներին անխուսափելիորեն կանդրադառնա մեր տնտեսական համակարգի վրա: Պետք է հաշվի առնել նաեւ այդ օբյեկտիվ գործոնը` առաջին հերթին այնպիսի միջոցառումներ պլանավորելու համար, որ քաղաքացիների ու, առաջին հերթին, անապահով խավերի սոցիալական բեռը չմեծանա, եւ որպեսզի տնտեսական համակարգը չկորցնի իր մրցունակությունը: Դա նշանակում է, որ մենք պետք է գները համադրենք մեր հարեւան եւ մրցակից երկրների գների մակարդակի հետ եւ այդ առումով մեր մրցակցային առավելությունը գների աճը կլինի. գների աճի տեմպը չի լինի ավելի բարձր, քան մեր մրցակից երկրներում»,- ասաց Տ. Սարգսյանը: Ինչ վերաբերում է մայիսի 1-ից գազի սակագնի թանկացման հետեւանքով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին կանխատեսումներին, նա նշեց, որ խոսակցություններն արդեն խթանում են գների բարձրացումը, քանի որ գները բարձրանում են` ելնելով տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների սպասումներից: «Հայաստանում գնաճային ճնշումներն ավելի մեծ չեն, քան աշխարհում: Հակառակը` մեզ մոտ գնաճի տեմպն այլ երկրների հետ համադրելիս ավելի ցածր է: Հաշվետվություններում, որոնք հրապարակվում են Համաշխարհային բանկի կողմից եւ տարածաշրջանային ուսումնասիրություններում, մշտապես արձանագրվել է, որ գների աճը Հայաստանում գտնվում է ամենացածր մակարդակի վրա, եւ, կարծում եմ, որ սա շարունակվելու է»,- ասաց նա: