Երեկ ՀՀ կառավարությունում հավատարմագրված բոլոր լրագրողներն առաջին անգամ հետեւել են կառավարության նիստին օնլայն ռեժիմով, ՀՀ կառավարության առաջին հարկում գտնվող մամուլի սրահից նիստին ուղիղ միացմամբ:
Սա իրականացվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, որի համաձայն` նաեւ ՀՀ կառավարության ինտերնետային կայքի այցելուներն այսուհետ հնարավորություն ունեն նախապես ծանոթանալու կառավարության նիստի հիմնական օրակարգին եւ քննարկվելիք փաստաթղթերի նախագծերին: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Տ. Սարգսյանը նախարարներին տեղեկացրել է մի նորամուծության մասին, որը վերաբերում է ԶԼՄ-ների հետ աշխատանքին:
«Նորամուծությունը, որը բխում է Հանրապետության նախագահի հայեցակարգից, ԶԼՄ-ների հետ աշխատանքների կազմակերպման խնդրին է վերաբերում: Այսուհետ փոխվելու է մեր աշխատանքը զանգվածային լրատվական միջոցների հետ: Մասնավորապես, առաջին սկզբունքը, որը դրել է մեր առջեւ Հանրապետության նախագահը, հետեւյալն է. եթե մենք ուզում ենք ունենալ պատասխանատու լրատվական միջոցներ, առաջին հերթին պետք է ունենանք պատասխանատու իշխանություն: Ի՞նչ է սա նշանակում: Այսուհետ հասարակական մեծ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք իրենց տեղն են գտնում ԶԼՄ-ներում, մենք պարտավոր ենք արձագանքել: Վարչապետի աշխատակազմը վերլուծության է ենթարկելու նման խնդիրները, եւ մենք պատասխանելու ենք: Մենք նպատակ ունենք պաշտպանելու մեր գործընկերների, պաշտոնյաների պատիվը եւ արժանապատվությունը, եւ եթե ԶԼՄ-ներում հայտնվում են զրպարտական լուրեր կամ սուտ տեղեկատվություն, մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին արձագանքել: Համապատասխան հանձնարարական Հանրապետության նախագահի կողմից տրված է, որպեսզի օրենսդրական փոփոխություններ նախապատրաստվեն` հստակեցնելու իրավական հարթությունն այս հարցում, որ մենք լինենք ձեզ հետ միասին պաշտպանված: Եվ Հանրապետության նախագահի կարգադրությամբ այսօր ես տալիս եմ առաջին հանձնարարությունը. ս.թ. ապրիլի 23-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել է տեղեկատվություն Սյունիքի մարզպետի` Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ: Հանձնարարվում է փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` կազմակերպել ծառայողական քննություն` պարզելու հանգամանքները եւ զեկուցելու արդյունքների մասին: Եվ մենք ընթացք ենք տալու այս գործին: Սրանք են այն նոր աշխատաոճին վերաբերող մոտեցումները, որը մենք այսուհետեւ, ձեզ հետ միասին, կիրառելու ենք»,- հայտարարել է Տ. Սարգսյանը: Նշենք, որ կառավարության երեկվա նիստում կայացված որոշումներից մեկով 2008թ. մայիսի 1-ը, 2-ը եւ 3-ը հայտարարվել են որպես ոչ աշխատանքային օրեր, իսկ մայիսի 4-ի կիրակին՝ աշխատանքային օր։