«Սիրելի բարեկամը»
Տիգրան Սահակյանը Հիպոկրատի երդում էր տվել: Պիտի չվնասեր, իր գիտելիքները պիտի ծառայեցներ մարդկանց առողջացմանը: 25 տարեկանում նա արդեն ատամնաբույժի դիպլոմ ուներ ու լավ հեռանկար:
Տիգրանը նաեւ ամուսնական հավատարմության երդում էր տվել: Նրա նորաստեղծ ընտանիքում արդեն մի երեխա էր աշխարհ եկել: Մնում էր, որ մարդն իր հաջողությունների ճամփան գտներ ու պատասխանատվության զգացումով լցվեր ընտանիքի, մերձավորների ու աշխատանքի նկատմամբ:
Երբ առիթը եղավ, նա չհրաժարվեց նաեւ արտաամուսնական կապ հաստատելու, սիրուհի ունենալու հնարավորությունից: Քչերը կհրաժարվեին: Սակայն միշտ չէ, որ կյանքը միայն հաճույքներ է հրամցնում: Պահեր են լինում, երբ մարդը ստիպված է լինում ընտրություն անել, պատասխանատվություն կրել ապրած վայելքների համար: Եվ ահա կատարված ընտրությունը, ճիշտ ելք գտնելու, մարդ մնալու կարողությունն էլ բնութագրական են դառնում մարդու համար, նրան տալիս ողջամիտ կամ հախուռն ճամփով գնալու, սխալն ուղղելու կամ սխալների մեջ կորչելու հնարավորություն:
Տիգրանը սիրուհու հետ ոչ միայն գաղտնի էր հանդիպում, այլեւ՝ բացահայտ, ընկերոջ դիմակի տակ: «Սիրելի բարեկամ» էր սիրուհու ընտանիքում, ճարպիկ դերակատար, որն ի վիճակի էր մարդկանց հարկի տակ աղուհաց ուտելու եւ, միաժամանակ, նրանց օջախն ապականելու: Տիգրանին հարգում էին, հրավիրում ընտանեկան խնջույքներին եւ միջոցառումներին: Նա, պատվավոր հյուրի հպարտությամբ, բազմում էր սեղանի գլխին ու կենացներ խմում օջախի, ընկերության, հավատարմության համար: Ստեղծված երանելի վիճակը Տիգրանին անվերջանալի էր թվում, խաբեությունը՝ բնականոն ու անբացահայտելի: Ահա թե ինչու շատ ցավագին արձագանքեց, երբ իմացավ, որ սիրուհու ամուսնու եղբայրն իմացել է հարսի դավաճանության մասին ու տեղեկացրել ընտանիքի այլ անդամների:
Խնջույքից մինչեւ հանցագործություն
Ծանր լուրը Տիգրանի ականջին հասավ սիրուհու տանը կազմակերպված հերթական խնջույքի ժամանակ՝ 2007 թվականի հուլիսի 9-ին: Բավական կենացներ արդեն խմվել էին, Տիգրանի տրամադրությունն էլ՝ զգալիորեն բարձրացել: Բայց իր եւ ընտանիքի հարսի ինտիմ կապի բացահայտված լինելը նրան լուրջ մտահոգության առաջ կանգնեցրեց: Պետք է որոշում կայացներ. կա՛մ ամոթահար հեռանար այդ ընտանիքից, կա՛մ կեցվածք ընդուներ, թե լուրը ստահոդ է, զրպարտչական, ու գաղտնի շարունակեր հանդիպումները, կա՛մ… Տարբերակները կարող են շատ լինել, բայց էականն այն է, թե կոնկրետ ինչպես պահեց իրեն Տիգրանը, ինչ գործողություններ կատարեց:
Գործի փաստական հանգամանքները ցույց են տալիս, որ հերթն ամոթին, պարկեշտությանը չհասավ: Տիգրանն այն ռազմավարությունն ընտրեց, ըստ որի՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Առավել եւս, որ խաբված ընտանիքի կողմից ոչ ոք չէր հարձակվում նրա վրա ու պատիվ դեռեւս չէր պահանջում:
Իսկ ո՞ւմ վրա պիտի հարձակվեր ինքը՝ Տիգրանը: Պարզ է՝ գաղտնի կապը բացահայտած մարդու, սիրուհու տեգր Գեւորգի: Վերջինս ներկա չէր խնջույքին, ու Տիգրանը կարող էր հետաձգել լուրջ խոսակցությունը, չմոռանալ, որ խմած է, կարող է այնպիսի բաներ անել, որոնց համար հետո զղջալու է:
Բայց ճակատագիրը փոքր-ինչ երես էր տվել նրան: Եվ նա դեռեւս չէր սովորել պատասխանատու լինել ո՛չ որպես ընտանիքի ամուսին ու հայր, ո՛չ որպես բժիշկ, ո՛չ էլ՝ որպես մարդ: Փոխանակ մտածելու, թե ինչ պարզաբանում պիտի տա, եթե հաշիվ պահանջեն, ի՛նքը ցանկություն ունեցավ պարզաբանում ստանալու, իր իրավունքները ճոճելու, իր անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելու: Ով ուզում է լինի. տեգր, ամուսին թե քեռի, միեւնույն է, իրավունք չունի խառնվելու ուրիշի գործին: Մտերիմ կապը երկուսի կապ է ու վերաբերում է միայն երկուսին: Բայց ինքը՝ Տիգրանը, անշուշտ, չէր հանդուրժի, եթե նման իրավիճակում հայտնվեր ո՛չ թե ուրիշի, այլ իր կինը: Այդ դեպքում արդեն հենց ինքը կլիներ պահանջատերն ու նախահարձակը: Իսկ իր ու սիրուհու կապը պաշտպանելու համար ինչո՞ւ նախահարձակ չլիներ, ո՞վ կարող էր հետ պահել նրան, ո՞վ կարող էր դիմագրավել:
Տիգրանը խնջույքի կեսից դուրս եկավ ու քայլերն ուղղեց դեպի Գեւորգի տուն:
Սառը զենքի փոխարեն
Թե որտեղ էր ապրում Գեւորգը՝ Տիգրանը լավ գիտեր: Ընտանիքի բարեկամն էր, ի վերջո: Ժամը 21:30-ին նա մոտեցավ Գեւորգի տանն ու սկսեց ձեռքերով, ոտքերով հարվածել մետաղե դարպասին, աղմկել եւ տանտիրոջը դուրս կանչել: Նրան տեղեկացրին, թե Գեւորգը տանը չէ: Տիգրանը, զայրույթից իրեն ուտելով, հետ դարձավ: Մի քանի քայլ էր արել, երբ հանդիպեց ընդառաջ եկող Գեւորգին: Տիգրանը անվարան հարձակման անցավ, չբավարարվեց միայն հայհոյախոսելով, այլ գործի դրեց նաեւ բռունցքներն ու սկսեց հարվածել հակառակորդի գլխին:
Խմիչքը, կիրքն ու ճամփին հայտնված խոչընդոտը վերացնելու մղումը Տիգրանին բոլորովին կտրել էին իրականությունից: Նա մոռացել էր, որ հենց ինքն էր ապականել ուրիշի ընտանիքը, մոռացել էր, որ տանն իրեն սպասում են փոքրիկ երեխան ու կինը, բոլորովին չէր հիշում նաեւ, որ ինքը բժիշկ է, որն իր ձեռքերով կոչված է մեղմելու մարդկանց ցավը, ոչ թե՝ ցավ ու վնաս պատճառելու, ոչնչացնելու:
Որեւէ զենք նա չգործադրեց տուժողի նկատմամբ: Սառը զենքի անհրաժեշտություն չեղավ, դրա փոխարեն օգտագործվեցին բժշկի ձեռքերը: Վերջում Տիգրանը մի հարված էլ գլխով հասցրեց, տապալիչ ու վճռական հարված՝ արդեն թուլացած մարդու կրծքին: Գեւորգն ընկավ: Իսկ Տիգրանը՝ կրթությամբ բժիշկը, թողեց ընկածին ու հեռացավ:
Առողջությանը պատճառված ծանր վնասի հետեւանքով նույն օրը, ժամը 22:20-ին Գեւորգը մահացավ:
Տիգրանը կալանքի տակ առնվեց հինգ օր անց՝ հուլիսի 14-ին: Նրա արտաամուսնական կապի մասին իմացան շատերը: Բարոյապես փլուզվեց երկու ընտանիք:
Դժգոհ մնաց
Նախաքննական մարմինը Տիգրանին մեղադրանք առաջադրեց ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, ինչի հետեւանքով տուժողը մահացել է:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում Տիգրանն ընդունեց մեղքը, զղջաց եւ խնդրեց, որ իր գործը քննեն արագացված ընթացակարգով: Դա նշանակում էր, որ դատարանը պետք է հաստատված համարեր մեղքը, մանրամասների մեջ չխորանար, հարցաքննություններ չկատարեր, միայն՝ պատիժ սահմաներ, որն օրենքով նախատեսվածի երկու-երրորդից ավելին լինել չէր կարող: Դատավարության արագացված կարգը ձեռնտու էր Տիգրանին: Գործի մանրակրկիտ դատաքննության ժամանակ կարող էին հրապարակ հանվել մանրամասներ, որոնք նա չէր ցանկանա հայտնի դարձնել:
Առաջին ատյանի դատարանը Տիգրանին դատապարտեց 5 տարի ազատազրկման: Դա տվյալ հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատիժն է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի հիման վրա գործը քննության առավ նաեւ Քրեական վերաքննիչ դատարանը: Բողոքի հեղինակը համաձայն չէր ո՛չ արարքի քրեաիրավական որակմանը, ո՛չ էլ սահմանված պատժին: Նրա համոզմամբ՝ արարքը դիտավորյալ սպանություն էր, իսկ հնգամյա ազատազրկումը չափազանց մեղմ պատիժ՝ կատարված հանցանքի համեմատ:
Սակայն, քանի որ դատական երկրորդ ատյանում եւս Տիգրանն իրեն մեղավոր ճանաչեց, զղջաց ու խնդրեց գործը լսել արագացված կարգով, հետեւաբար՝ արարքի որակման հարցին դատարանը չանդրադարձավ:
Մեղադրանքի պաշտպանության կողմը միջնորդեց բողոքը բավարարել միայն պատժի մասով՝ ինքն էլ համամիտ լինելով, որ առաջին ատյանի դատարանի կողմից Տիգրանի նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ է նշանակվել:
Քրեական վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ սահմանված պատժաչափի հարցը, որոշեց, որ նրա պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքի, այն է՝ հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելու փաստի առկայության պայմաններում, Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված նվազագույն պատժաչափը նշանակելը հիմնավոր ու արդարացի չէ:
Վերաքննիչ բողոքը պատժի մասով բավարարվեց: Տիգրանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Նա մի հայացք ձգեց դահլիճում գտնվող իր հարազատներին: Բնականաբար, դժգոհ էր թեկուզ մեկ տարով, բայց՝ խստացված պատժից: Դժգոհ էր բոլորից: