Փոխել են դատավճիռը

28/04/2008

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` ապրիլի 23-ին կայացրած որոշմամբ փոփոխման է ենթարկվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 27-ի դատավճիռը: Վերոհիշյալ դատավճռով ընտրության ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմած, իր ստորագրությամբ ու տեղամասի կնիքով հաստատած քաղվածքն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու համար, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընտրատարածքի թիվ 22/22 տեղամասի հանձնաժողովի քարտուղար Անժիկ Դաբաղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Ա. Դաբաղյանի շահերի պաշտպան Վ.Նիկոլյանի եւ Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքների հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով չկիրառել ազատազրկման ձեւով նշանակված պատիժը եւ սահմանել փորձաշրջան` մեկ տարի ժամկետով: