Երեկ Իրանում տեղական ժամանակով ժամը 8:00-ին բացվել են ընտրական տեղամասերը, եւ սկսվել է քվեարկությունը ութերորդ գումարման խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլի համար: Մարտի 14-ին Իրանում կայացած քվեարկության առաջին փուլում որոշվել էին 290-տեղանոց խորհրդարանի 208 մանդատների տերերը: Մնացած 82 պատգամավորական աթոռների համար պայքարելու է 162 թեկնածու, որոնք չկարողացան առաջին փուլում հավաքել ընտրվելու համար օրենքով անհրաժեշտ ձայների առնվազն 25 տոկոսը: Քվեարկությունն անցկացվելու է 54 ընտրական տարածքներում: Իրանի հոգեւոր առաջնորդ եւ պետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում առաջիններից մեկն է քվեարկել ընտրական տեղամասերից մեկում: Ինչպես եւ առաջին փուլում, ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերը ներկայացված են պահպանողականներով, բարենորոգիչներով եւ անկախ թեկնածուներով: Ըստ Իրանի ՆԳ նախարարության տվյալների՝ գերատեսչությունում, որը երկրում պատասխանատու է ընտրությունների կազմակերպման համար, քվեարկության առաջին փուլում խորհրդարանի տեղերի 71 տոկոսը զբաղեցրել են պահպանողականները: Իսլամական Հանրապետության գրեթե 70-միլիոնանոց բնակչությունից քվեարկությանը կարող էին մասնակցել 43,8 մլն իրանցիներ: Ընտրությունների առաջին փուլին ընտրողների մասնակցությունը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 60-65 տոկոս: