Օդափոխիչներ են տեղադրել

13/05/2005

Նոր Հաճընի ադամանդ մշակող «Շողակն» գործարանի «Էքսելենտ» արտադրամասի
բանվորների մոտ մեկ շաբաթ տեւած գործադուլն ավարտվեց բանվորների
պարտությամբ: Գործարանի ղեկավարությունն անսասան մնաց իր որոշումների մեջ
եւ ցածրացրած աշխատավարձը նորից բարձրացնելու բանվորների պահանջը
համառորեն չբավարարեց: Բանվորների վկայությամբ՝ գործադուլի ընթացքում
գործարանից ամեն օր իրենց «համոզող պատվիրակություն էր իջնում»:
Պատվիրակությունն, ինչ խոսք, իր առաքելությունը փառահեղորեն է կատարել:
Ադամանդագործներից շատերը՝ վախենալով, որ կկորցնեն աշխատանքը՝ վերադարձել
են գործի: Մի մասին էլ ղեկավարությունն է կանչել ու նրանց հետ նոր
պայմանագրեր կնքել: Հայտնի չէ՝ այս անգամ բանվորներին իրենց պայմանագրերից
մի-մի օրինակ տվե՞լ են, թե՞ ոչ: Բանվորներից մեկն ասաց, որ այդ
արտադրամասից մոտ 50 հոգու որպես գործադուլի ակտիվիստների՝ չեն կանչել:
Ավելացնենք, որ երբ ադամանդագործները վերադարձել են գործարան, նկատել են,
որ իրենց արտադրամասում արդեն տեղադրել են օդափոխիչ եւ փոշեծծիչ
սարքավորումներ: