Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին՝ «Երկրպագություն» կինոնկարն ընդգրկվել է այն 19 ֆիլմերի ցուցակում, որոնք մայիսին պայքարելու են Կաննի կինոփառատոնի մրցանակների համար: «Երկրպագությունը» դրամա է երիտասարդների մասին, ովքեր փորձում են շփվել միմյանց հետ հաղորդակցման ժամանակակից միջոցներով, մասնավորապես, ինտերնետի եւ հեռախոսային sms-ների օգնությամբ: Ի վերջո, գլխավոր հերոսին հաջողվում է ստեղծել էլեկտրոնային միջոցներով միմյանց հետ հաղորդակցվող երիտասարդների մի համայնք, որոնք սկսում են հավատալ մի ողբերգության, որը երբեք տեղի չի ունեցել: Ֆիլմում նկարահանվել է Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը: Սա «Օսկարի» մրցանակին ներկայացված ռեժիսորի 11-րդ ֆիլմն է: Կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ը: