«Ժողովրդավարական գործընթացներով հնարավոր չէ ապահովել հասարակության մասնակցային գործոնը, որի արդյունքում էլ ընտրությունների ժամանակ ճգնաժամեր են առաջանում: Իսկ հնարավոր չէ, որովհետեւ նորանկախ Հայաստանում, մասնավոր սեփականության ձեւավորման եւ հետագա զարգացման փուլում, սեփականությունը լեգիտիմության ճգնաժամի մեջ է»,- երեկ ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
Իշխանության եւ սեփականության սերտաճած համակարգի արդյունքում, ըստ նրա, ստեղծվում է մի իրավիճակ, երբ ընտրություններում իշխանությունն առաջնորդվում է «Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» սկզբունքով, իսկ ընդդիմությունը, որը հավակնում է վերցնել այդ իշխանությունը, անկախ իրենից հայտնվում է` «Կա՛մ հիմա, կա՛մ երբեք» կարգավիճակում: «Այսինքն, Հայաստանում իշխանության համար պայքարն արդյունքում վերածվում է կենաց ու մահու պայքարի, որովհետեւ բիզնեսը, սեփականությունը եւ իշխանությունը սերտաճած են, եւ եթե իշխանությունը հանձնի այդ իշխանությունը, ապա ինքը երաշխիքներ չունի իր անձի անվտանգության, իր սեփականության անվտանգության համար, որովհետեւ դրա հիմքերը լեգիտիմ չեն»,- գտնում է Ա. Թեւանյանը` ավելացնելով, որ դրա արդյունքում ստեղծվում է այն ճգնաժամը, որը կոչվում է՝ արդարության բացակայություն: «Ահա այս պայմաններում, երբ իշխանությունները խոսում են արմատական ընդդիմության մասին, ես կասեի, որ Հայաստանում իշխանությունն է արմատական: Իշխանության արմատականությունն այն է, որ նա որեւէ պարագայում պատրաստ չէ հանձնել իշխանությունը: Այսինքն` իշխանությունն ասում է` ի՞նչ է, դուք պատկերացնում եք, որ ես պետք է հանձնեմ իշխանությունը եւ հայտնվեմ համապատասխան վայրո՞ւմ»,- իրավիճակն այսպես նկարագրեց Ա. Թեւանյանը, որի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից ելքն իշխանության ապակենտրոնացումը, բաց քաղաքական ու տնտեսական համակարգի ձեւավորումն է, ինչն այլընտրանք չունի: «Եթե այդ փակ համակարգը չբացվի, եթե մենք չունենանք բաց հասարակություն, չունենանք ապակենտրոնացված իշխանություն, չունենանք նորմալ տնտեսական հարաբերություններ, կլանաօլիգարխիկ համակարգը չքանդվի եւ չդառնա շուկայական, մրցակցային, մենք չենք կարող ակնկալել, որ որեւէ ընտրություն կարող է բերել հասարակական համերաշխության»,- գտնում է Անդրանիկ Թեւանյանը: Վերջինս սակայն ընդգծեց, որ կլանաօլիգարխիկ համակարգը պետք է քանդվի ոչ թե ցուցադրական ինչ-որ «տեսարանների» միջոցով (երբ իշխանությունը կարող է պատժել այս կամ այն խոշոր գործարարին կամ նրան ցուցադրաբար բերի հարկային դաշտ), այլ իրական բարեփոխումների իրականացման ճանապարհով: Ըստ Ա. Թեւանյանի, հասարակությունն այսօր առավել, քան երբեք, արդարության կարիք ունի եւ դրա համար ակնկալում է, որ իշխանությունը կպատժի այս կամ այն օլիգարխին: Նրա կարծիքով, դա կարող է հասարակությանը «հոգեկան բավարարություն» պատճառել, սակայն շատ կարճ ժամանակով, քանի որ փաստացի իրավիճակը դրանով չի փոխվի, այլ ընդամենը տեղի կունենա տնտեսության ոլորտների կամ սեփականության վերաբաշխում: Ա Թեւանյանը վստահ է, որ խոշոր բիզնեսին պետք է հարկային դաշտ բերել բարեփոխումների, համապատասխան մեխանիզմների ձեւավորման եւ ոչ թե «մահակի սպառնալիքով»: Մյուս կողմից` նա կանխատեսում է, որ այսօր իշխանությունը կփորձի որոշակիորեն նեղել նաեւ օլիգարխներին, սակայն ոչ թե վերը նշված նպատակներով, այլ բյուջեի կատարողականն ապահովելու համար: Ըստ Ա. Թեւանյանի, հատկապես պարզեցված հարկը վերացնելուց հետո փոքր ու միջին բիզնեսը հայտնվել է այնպիսի ծանր վիճակում, որ այլեւս ի վիճակի չէ միայնակ կրել 2.5 միլիարդ բյուջեի կատարման բեռը, եւ իշխանությունը ստիպված է լինելու անցնել խոշոր բիզնեսին: Ինչ վերաբերում է այդքան խոսվող երկխոսության անհրաժեշտությանը, ապա այսօր Ա. Թեւանյանը իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ երկխոսության հավանականությունը շատ փոքր է համարում: Որպես ասվածի հիմնավորում՝ նա բերեց Լ. Տեր-Պետրոսյանին աջակցող մամուլում «մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ գնալու վճռականության մասին» հրապարակումները: Դա, ըստ Ա.Թեւանյանի, նշանակում է՝ նոր ընտրություն, որին իշխանությունն անկասկած չի գնա: Ա. Թեւանյանի հավաստմամբ` իշխանություններն, ասելով՝ երկխոսություն, նկատի ունեն հետեւյալը. «Ես կարծում եմ, երկխոսության վուլգար պատկերացում ունեն իշխանությունները, այսինքն` իրենք պատկերացնում են, որ պետք է պաշտոն տան, մի քանի պոստեր բաժանեն, դրա վրա երկխոսություն իրականացնեն, ինչպես, ասենք, տեղի ունեցավ Արթուր Բաղդասարյանի եւ այլոց պարագաներում: Եթե այդ երկխոսության մասին է խոսում իշխանությունը, իսկ ինքը, իմ խորին համոզմամբ, հենց դրա մասին է խոսում, ապա ես նորից եմ կրկնում, դա վուլգար երկխոսության առաջարկ է, եւ չի լուծի հասարակական լարվածության խնդիրը»: Այնպես որ` Ա. Թեւանյանն իրական երկխոսության հնարավորություն չի տեսնում, սակայն տեսնում է ներքաղաքական լարվածության հաղթահարման համար իշխանության կողմից անհրաժեշտ երկու անելիք` կամ բարեփոխումներ, արմատական եւ ընդգրկուն, կամ արյունալի հեղափոխության վտանգ, որի աղբյուր կարող են լինել, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Ես կարծում եմ, որ պատահական չէ, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններն իշխանությունները մի փոքր հետաձգել են, խնդիրներ ունենալով Սահմանադրության հետ կապված»,- հայտարարեց նա` մինչ այժմ անցկացված ՏԻՄ ընտրությունների հարցում սխալ համարելով ընդդիմության կեցվածքը, որն անընդհատ անտեսել է ՏԻՄ ընտրություններն ու միայն պատրաստվել համապետական ընտրություններին: Ըստ նրա, եթե ընդդիմությունն այս անգամ էլ գնա այն ճանապարհով, որ «մանր հարցերով չի շեղվում», եւ իրեն մեծ հարցերն են հետաքրքրում, ապա, ամենայն հավանականությամբ, կսխալվի: «Ես կարծում եմ, ընդդիմությունը պետք է պայքարը տեղափոխի տեղական ինքնակառավարման համակարգ, Երեւանի քաղաքապետի հետ կապված ավագանու ընտրությունները, տեղական իշխանությունների ընտրությունները, բոլոր մակարդակներում պետք է մասնակցել: Եվ ժողովրդավարությունը պետք է լինի ներքեւից: Եթե մենք վերեւից ենք կառուցում, 1995թ. ընտրություններից հետո բոլոր իշխանությունները ՀՀՇ-ական էին, 1998թ. հետո` Հանրապետական: Այսինքն` «շ»-ին փոխարինեց «կ»-ն, ՀՀՇ-ին` ՀՀԿ-ն: Տարբերությունը, հասարակության կյանքում, ինձ թվում է, հասկանում եք` ոչինչ չի փոխվում: Դրա համար պետք է լինեն բազմաբեւեռ ընտրություններ` ՏԻՄ մակարդակով, նոր դրանից հետո կարելի է խոսել նոր խորհրդարանական ընտրությունների մասին: Այդ դեպքում կեղծիքների հնարավորությունը փոքրանում է, քանի որ, դուք գիտեք, որ Հայաստանում ընտրություններ առանց կեղծիքների չկան, իսկ տեղական իշխանությունները դրանք վերածել են Հայաստանում ընտրակեղծիքների իրականացման ինստիտուցիոնալ գործիքների»,- ասաց քաղաքագետը: Ի դեպ, նա չցանկացավ կարծիք հայտնել նոր ձեւավորված կառավարության վերաբերյալ` նշելով, թե ընդունված է այդ մասին խոսել կառավարության կազմավորումից 100 օր անց: Փոխարենն Ա. Թեւանյանն անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության առաջին նիստում նախարարներին ուղղված ելույթին` նկատելով, որ դրանում որոշակի ինտրիգ կար: Խոսքը Տ.Սարգսյանի այն հորդորի մասին է, թե բոլոր նախարարներն իրենց առաջ պետք է ունենան կառավարության գործունեության եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերը: Ա. Թեւանյանը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ կոալիցիոն հուշագիրն աչքի առաջ ունենալու մասին Տիգրան Սարգսյանը որեւէ բան չի ասել, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ նոր կառավարության մեջ արդեն իսկ կա ինտրիգների զգալի լիցք: