Ո՞րն է քաղաքական ենթատեքստը

28/04/2008

Երեկ Վարչական դատարանում ՀՀ Արտգործնախարարության նախկին 4 աշխատակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը պահանջել են վերացնել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` իրենց աշխատանքից ազատելու մասին փետրվարի 25-ի հրամանը, վերականգնել իրենց պաշտոններում եւ փոխհատուցել պարապուրդի ողջ ընթացքում իրենց հասցված վնասը:

Հիշեցնենք, որ նրանք այն 8 դիվանագետների թվում են, ովքեր աշխատանքից ազատվեցին այն բանից հետո, երբ հանդես եկան հայտարարությամբ` կոչ անելով երկրում հասարակական կարգի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին՝ զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից: Ընդ որում, այդ կոչը հնչել էր փետրվարի 19-ից հետո Ազատության հրապարակում կայացած հանրահավաքներից մեկում, այսինքն` մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից առաջ: Նրանց հայտարարությունը ԱԳ արդեն նախկին նախարար Վարդան Օսկանյանը որակեց՝ որպես քաղաքական, եւ նրանց անմիջապես ազատեց զբաղեցրած պաշտոններից: Ութ դիվանագետներից չորսը, այդ թվում նաեւ՝ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը եւ Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, զրկվեցին նաեւ դիվանագիտական կոչումներից: Երեկ որպես պատասխանող կողմ դատարան են ներկայացել ԱԳՆ քարտուղարության խորհրդական Լեւոն Ամիրջանյանը եւ ԱԳՆ Իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը: Վերջիններս դատարանում կրկնել են Վ. Օսկանյանի այն հայտարարությունը, թե դիվանագետներն աշխատանքից ազատվել են իրենց հայտարարության համար, ինչը «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի խախտում է: «Առարկում ենք հայցի դեմ: Դիվանագիտական ծառայության մասին օրենքի հղումը ճիշտ է, ազատման հրամանները տրվել է ճիշտ հիմքով»,- ըստ «Ա1+»-ի, դատարանում հայտարարել է Ս. Աբգարյանը: Դիվանագետների հայցը Վարչական դատարանը` Հովսեփ Բեդեյանի նախագահությամբ, կլսի մայիսի 14-ին: Իսկ երեկ նախնական դատական նիստի ավարտից հետո ԱԳՆ ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: Փոխարենն իրենց մեկնաբանություններն են տվել ԱԳՆ նախկին աշխատակիցները: «Մենք պնդում ենք, որ մեր հայտարարության մեջ որեւէ քաղաքական միտում չկա: Ինձ շատ հետաքրքիր է լսել մեր կոլեգաներին, թե ինչպես են հիմնավորելու մեզ աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանը: Հիշեցնեմ` մեր հայտարարության միտքն այն է, որ մենք կողմերին կոչ էինք անում ձեռնպահ մնալ բռնության կիրառումից: Երկրորդ կոչն այն էր, որ մենք կողմերին խնդրում էինք գործել միայն օրենքի սահմաններում, թե ԱԳՆ աշխատակիցներն այս կոչերին ինչպես են քաղաքական երանգ տալու, մենք ժամանակ ունենք տեսնելու»,- ասել է ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս հայտարարել է նաեւ, որ ոչ միայն չի զղջում իր հայտարարության համար, այլեւ այսօր էլ պատրաստ է նույնը կրկնել: «Որպես դիվանագետ՝ մենք տեսնում էինք այն բացասական հետեւանքները, որոնք կարող էին առաջ գալ Հայաստանի համար, եւ, ցավոք, մեր հոռետես կանխատեսումներն իրականություն դարձան, եւ այսօր Հայաստանը գտնվում է ոչ բարենպաստ վիճակում միջազգային ասպարեզում»,- նշել է նա:

Վ. Կարապետյանը վստահ է, որ դատարանի ցանկացած վճռի դեպքում պատասխանող կողմը հայտնվելու է ոչ նախանձելի վիճակում: «Այն, որ մենք հաղթելու ենք եւ վերականգնվելու ենք մեր պաշտոններում, որեւէ կասկած չի առաջացնում»,- ասել է նա: Իսկ մայիսի 14-ի դատական նիստում Վ. Կարապետյանը պատրաստվում է հիմնավորել, որ դիվանագետների հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չուներ: «Այն, ինչ որ մենք ասել ենք, ամբողջությամբ համապատասխանում էր պետության ղեկավարության մոտեցումներին եւ դիրքորոշումներին»,- ասել է նա: «Մենք ընդամենը քաղաքացիական դիրքորոշում էինք հայտնել: Մեր հայտարարության մեջ քաղաքական դիրքորոշում չկա: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել»,- դիվանագետների հայտարարությունն այսպես է մենաբանել ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը: ԱԳՆ ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի նախկին վարիչ Կարինե Աֆրիկյանն էլ ասել է. «Եթե ուզում էին կապ գտնել մեր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, ապա հիշեցնեմ, որ նույն Վարդան Օսկանյանն ու ԱԳ նախարարության աշխատակիցների եւ այսօրվա կառավության 80 տոկոսը քաղաքական դաշտում հայտնվել է Տեր-Պետրոսյանի օրոք: Մեր եւ Լ. Տեր-Պետրոսյանի կապն այնքան է, որքան Վ. Օսկանյանի եւ Տեր-Պետրոսյանի կապը: Պարոն Օսկանյանը բարձր պաշտոններ է սկսել զբաղեցնել Լ. Տեր-Պետրոսյանի օրոք»: Իսկ Ա. Սեմերջյանն «Ա1+»-ին ասել է, թե, իր կարծիքով, եթե Վ. Օսկանյանը միանար իրենց հայտարարությանը, ապա հնարավոր կլիներ խուսափել մարտի 1-ի դեպքերից: «Դա հստակ ուղերձ կլիներ միջազգային հանրությանը, ինչպես նաեւ՝ ՀՀ իշխանություններին, որ չի կարելի բռնություն իրականացնել: Իսկ մարտի 1-ի դեպքերից հետո Վ. Օսկանյանը պարտավոր էր ներողություն խնդրել բոլոր այն դիվանագետներից, որոնց նա աշխատանքից ազատել էր մեր հայտարարության համար, եւ ընդուներ, որ, որպես դիվանագետ՝ չի կարողացել կանխատեսել հնարավոր զարգացումները: Իհարկե, եթե Վ. Օսկանյանը այդքան բարոյականություն ունենար իր մեջ»,- հայտարարել է Ա. Սեմերջյանը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդին է: