Մայիսի 4-ին Սպիտակ քաղաքում կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ: Թեկնածուները յոթն են, որոնցից երկուսը ՀՀԿ անդամներ են, այդ թվում` գործող քաղաքապետը եւ ԲՀԿ-ի մեկ ներկայացուցիչ: Մյուսներն անկուսակցական են:
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀԿ ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Վանիկ Ասատրյանը նշեց, որ նախընտրական շրջանը հանգիստ է անցնում, եւ քաղաքում «աժիոտաժ» չկա: Սակայն քիչ անց նա չհերքեց, որ վերջերս Սպիտակում այրել են ԱԺ պատգամավոր, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանի մտերիմներից մեկի` Ալիկ Սարգսյանի մեքենան: Բանն այն է, որ Արկադի Համբարձումյանը քաղաքապետի ընտրություններում աջակցում է ՀՀԿ-ի մյուս թեկնածուին` Գագիկ Սահակյանին: Գործող քաղաքապետը, սակայն, այս միջադեպը չի ուզում կապել ընտրությունների հետ` նշելով, որ նախընտրական պրոցեսի հետ դա կապ չունի. «Թեկնածուի մեքենա չի վառվել: Իսկ թե ի՞նչ պատճառով են վառել, կպարզի հետաքննությունը: Բոլոր թեկնածուները լավ ընկերներ են, ու այդպես էլ կմնանք: Ընտրությունից հետո կհավաքվենք ու հաղթողին ջերմ կշնորհավորենք: Ինֆորմացիա է տարածվել, թե թեժ պայքար է ընթանում: Բայց ընտրություններում միշտ էլ թեժ պայքար է լինում: Սպիտակում ոչ մի ընտրության ժամանակ ոչ մի ազդեցություն, հրահանգ չի իրագործվում: Եթե ես չընտրվեմ, կողջունեմ հաղթողին ու ինչ ծրագրեր ունեմ, նրա կողքին կանգնած կիրականացնեմ»,- հայտարարեց գործող քաղաքապետը:
Երրորդ անգամ առաջադրվող Վ. Ասատրյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ միեւնույն կուսակցության երկու անդամներ պիտի մրցակցեն իրար հետ: Ասում է, որ կուսակցությունը որոշել է դաշտն ազատ թողնել եւ երկու թեկնածուներից որեւէ մեկին չի սատարելու:
Անդրադառնալով Սպիտակի խնդիրներին` քաղաքապետը նշեց, որ ինքը տեղյակ է քաղաքի ու նրա բնակիչների բոլոր խնդիրներին: Դրանցից առաջնահերթը, ըստ Վ. Ասատրյանի, երկրաշարժից հետո անօթեւան մնացած ընտանիքների խնդիրն է. «Երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ հրավիրված վերջին նիստում Ֆինանսների եւ Քաղաքաշինության նախարարներին հանձնարարվեց ներկայացնել համապատասխան ֆինանսական աղբյուրներ ու համապատասխան նախագծեր: Ներկայիս նախագահն էլ Սպիտակում հայտարարեց, որ ամեն մարդ կիմանա, թե իր բնակարանը կոնկրետ երբ է կառուցվելու առաջիկա չորս տարում: Դրա համար ես ներկայացրել եմ համապատասխան տարածքներ եւ նախագծեր: Բազմաբնակարանանոց շենքերի հերթացուցակում կա 320 ընտանիք: 2002թ. այդ հերթացուցակը գործում է, եւ
1800-ից մնացել է 320 ընտանիք: Ես միշտ ասել եմ` այն պետության մեջ, ուր միանգամից տեղի է ունեցել եւ՛ երկրաշարժ, եւ՛ հեղափոխություն, եւ՛ պատերազմ, այս 20 տարին երկար ժամանակ չի: Բայց ամեն դեպքում այդքան պրոբլեմ տեսած պետությունը կառուցեց աղետի գոտու քաղաքը»: Քաղաքապետի խոսքերով` եւս երեք բազմաբնակարանանոց շենք կառուցվում է իր` «Վերածնված Սպիտակ» բարեգործական հիմնադրամի ուժերով: Ի դեպ, բացի վերոնշյալ 320 ընտանիքներից, Սպիտակում եւս 568 անօթեւան ընտանիք կա, որոնք երկրաշարժից առաջ ունեցել են սեփական բնակարաններ, իսկ դրանից հետո Սովետական Միությունը նրանց փոխհատուցել է` խնայբանկերի գրքույկների տեսքով. «Բայց փողը փոխվեց, դրանք փոշիացան: Վերջին չորս տարում կարողացա պետությանը ներկայացնել, որ այդ ընտանիքներն այսօր անօթեւան են, ժամանակավոր կացարաններում են ապրում, ուղղակի իրենց ընտանիքներում այդ գրքույկներն ունեն: Կարողացա ճիշտ ներկայացնել խնդիրը, եւ նորընտիր նախագահը դա ընդունեց, հարցն ուղարկեց միջգերատեսչական հանձնաժողով»:
Վ. Ասատրյանի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերության` նախկին կարի արտադրանքի միավորման արտադրական տեղամասը կառուցված է աղետի գոտու վերականգնման Համաշխարհային բանկի վարկային ծրագրով. «Իսկ անցած տարվանից թուրք ընկերոջս հետ պայմանավորվեցինք, ու իր սեփականություն հանդիսացող տեքստիլ գործարանը, որի միայն մեքենասարքավորումներն արժեն 8 միլիոն դոլար, ուղիղ մեկ տարի է, ինչ տեղափոխվել է այստեղ: Այնտեղ շուտով 200 մարդ կաշխատի, ու գործվածք կարտադրեն: Ներկատան վերջին սարքավորումները տեղադրվել են 10 օր առաջ: Այսինքն` ստեղծել եմ մշտական աշխատատեղեր: Բայց քաղաքապետը աշխատատեղ ստեղծող չի, ստեղծողին աջակցողն է: Ու եթե որեւէ թեկնածու կասի` ինձ ընտրեք, ու ես աշխատատեղ կստեղծեմ, սխալ է: Այդպես չի լինում»,- վստահեցրեց Վանիկ Ասատրյանը: