Այս շաբաթ խորհրդարանում շրջանառության մեջ դրվեց ԱԺ փոխնախագահ Տիգրան
Թորոսյանի հեղինակած` «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ
անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
մասին օրինագիծը: Ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, այդ
փոփոխությունները չեն բավարարում ժողովրդավարության չափանիշներին. «Այդ
օրենքից պետք է հանվեր քրեականացումը, սակայն չի՛ հանվել` մնում է:
Օրենքից հանվել են «հակացույց» եւ նման կարգի բառերը, բայց, միեւնույն է,
օրենքի էությունը նույնն է մնացել. այն ոչ թե քաղաքացիների հանրահավաքներ
անցկացնելու իրավունքը երաշխավորող է, այլ` արգելող կամ սահմանափակող»,-
ասաց Շ. Քոչարյանը: Տ. Թորոսյանի ներկայացրած փոփոխություններում տեղ է
գտել մեկ ուշագրավ դրույթ, ինչը, որոշ պատգամավորների գնահատմամբ, կարող է
լուրջ հակասությունների թիրախ դառնալ: Եթե գործող օրենքով արգելվում է
հանրահավաքներ, երթեր անցկացնել զորամասերի, պաշտպանական նշանակության
օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերի
տարածքներում եւ այդ տարածքներից 150 մետր հեռավորության վրա, ապա Տ.
Թորոսյանի առաջարկած տարբերակում արգելվում է «ՀՀ կառավարության սահմանած
պետական հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների տարածքներից
այնքան հեռավորության վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի
անվտանգության նկատառումներով»: Այսինքն` ամեն ինչ թողնվում է
ոստիկանության հայեցողությանը: Այս առնչությամբ Շավարշ Քոչարյանն ասաց.
«Հենց ասվում է` կառավարության սահմանած պետական հատուկ, կարեւորագույն
նշանակության օբյեկտների տարածքներից այնքան հեռավորության վրա, որը
ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի, արդեն կրակն ես ընկնում: Մի բան է՝
կոնկրետ օրենքով ասել, օրինակ, ատոմակայանը կամ չգիտեմ որ օբյեկտը, քան՝
այդպես, որովհետեւ կարող է ասեն, թե Օպերան այդ օբյեկտներից է: Է՜, կարող
է Ոստիկանությունը` «անվտանգության նկատառումներով» այդ հեռավորությունը
համարի 1 կամ 5 կիլոմետրը, Աստված գիտի, թե նրանք ինչեր կանեն»:
Լ.Ս.