Որպես գրա՞վ

28/04/2008

«Պիցցա դի Ռոմա» սրճարանի աշխատակցուհի Անուշ Ղավալյանը, ով կալանավորված է սրճարանի տնօրենի դեմ հարուցված գործի շրջանակներում, «Ազատության» թղթակցի հետ զրույցում պնդել է, որ իրեն ներկայացված չարաշահումների մեղադրանքներն անհիմն են: «Ինձ ոնց որ գրավ պահեն, ասում են` «թող գումարները բերեն-մուծեն, եւ քեզ ազատ կարձակենք»,- «Ազատությանն» ասել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող Ղավալյանը` հայտնելով, որ այդ պահանջը ներկայացնողը քննիչն է, իսկ թե ո՞վ եւ որքա՞ն գումար պետք է բերի` տեղյակ չէ: Ըստ չճշտված տեղեկությունների` գումարը չափն առնվազն 165 միլիոն դրամ է: Փաստաբանի պնդմամբ` այն 300 միլիոնի է հասնում: «Պնդում եմ, որ ես մատուցողուհի եմ աշխատել: Նրանք հաշվի չեն առնում, պարզապես հիմնվում են, որ գրանցված եմ գանձապահ, եւ անօրինականորեն ինձ կալանավայրում են պահում,- հայտարարել է Ա. Ղավալյանը` հավելելով,- Ինձ այստեղ պահելու ոչ մի հիմք չունեն: Ես ոչ մի խախտում չեմ արել, որպեսզի հայտնվեի այստեղ»: Անուշ Ղավալյանը 36 տարեկան է, ունի ուսանող դուստր եւ 15-ամյա որդի, խնամքի տակ է նաեւ մայրը: Նա 11 տարի առաջ այրիացել է: Նախորդ տարվա հոկտեմբերին, երբ ձերբակալվեց «Պիցցա դի Ռոմայի» տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, Ա. Ղավալյանը գործով որպես վկա էր անցնում: Մարտի 21-ին նա նույնպես ձերբակալվեց, ապա մեղադրվեց Քրեական օրենսգրքի 205 հոդվածի երկրորդ մասով` «հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելու» համար: Սկզբում դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 20-օրյա կալանքը, ապա` մեկամսյա, որի ժամկետը լրանում է մայիսի 10-ին: Գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է: Ա. Ղավալյանի փաստաբան Դիանա Գրիգորյանը ռադիոկայանին ասել է. «Պետք է գոնե ունենաս հիմնավոր կասկած, որ տվյալ անձը կատարել է այդ հանցագործությունը: Մեր պարագայում ընդհանրապես քննիչը որեւէ հիմնավոր կասկածի վերաբերյալ որեւէ ապացույց չի ներկայացրել: Բացի այդ, մենք դատարանին եւ քննիչին, վարույթն իրականացնող մարմնին բազմիցս հայտարարել ենք, ներկայացրել ենք եւ՛ հայտարարություններ, եւ՛ տեղեկանքներ, որ Անուշ Ղավալյանը փաստացի աշխատում է մատուցողուհի, այսինքն` այն արարքը, որը վերագրում են, Անուշ Ղավալյանը չէր կարող անել: Մատուցողը երբեք չի կարող ՀԴՄ (հսկիչ-դրամարկղային մեքենա) տպել կամ չտպել, դա իր պարտականությունների մեջ չի մտնում: Բայց այս փաստի առթիվ եւ՛ դատարանը, եւ՛ վարույթն իրականացնող մարմինը աչքերը փակում են»: Քննիչ Արշակ Գասպարյանը հրաժարվել է ռադիոկայանին հարցազրույց տալ տվյալ գործի վերաբերյալ: Ի դեպ, նախօրեին դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է «Պիցցա դի Ռոմայի» տնօրեն Գ. Սաֆարյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ «Պիցցա դի Ռոման» պատկանում է գործարար պատգամավոր, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայումս հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին: