Բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաներն աշխարհում վաղուց արդեն առաջատար դիրքեր են գրավում: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները դեռեւս 2000 թվականից հայտարարված է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը:
Առանց ինտերնետի, էլեկտրոնային փոստի, համակարգիչների, բջջային կապի եւ ՏՏ ոլորտի այլ ժամանակակից նվաճումների, գրեթե անհնար է պատկերացնել կյանքը արդի աշխարհում, այդ թվում` Հայաստանում: Բայց գաղտնիք չէ, որ մենք` հայերս, չափազանց ծայրահեղական ենք եւ ուզում ենք միշտ առաջ անցնել բոլորից, նույնիսկ, եթե ոչ մի հիմք չունենք:
Չեմ կարող ստույգ նշել, թե որն է պատճառը, որ մենք ուզում ենք լինել առաջինը նաեւ այստեղ (հիշենք, որ մենք առաջինն ընդունել ենք քրիստոնեություն, առաջինը սկսեցինք քանդել ԽՍՀՄ-ը, առաջինն անցկացրեցինք Անկախության հանրաքվեն, առաջինը սեփականաշնորհեցինք գյուղատնտեսական հողերը, առաջինը կեղծեցինք ընտրությունները եւ այլն), բայց մի բան հստակ է. արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանի քաղաքացիները եւ, հատկապես, քաղաքական ուժերն ապրում են «Մատրիցայում»: Մեր ընթերցողներին հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ Հոլիվուդում նկարահանվեց «Մատրիցա» անվանումով ֆանտաստիկ բնույթի մի ֆիլմ, որը բաղկացած էր երեք մասից` «Մատրիցա», «Մատրիցա-2» եւ «Մատրիցա-3»: Այս ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան ողջ աշխարհում: Բայց Հայաստանում այդ հաջողության հիմքում ընկած էր հատկապես երկու հանգամանք, նախ` այդ ֆիլմը շատ թանկ էր (իսկ հայերը թանկ բան միշտ էլ սիրում են), եւ, երկրորդ` այն վիրտուալ էր (պարզվում է, որ վիրտուալ բաները հայերը թանկ բաներից ավելի շատ են սիրում: Օրինակ, «գոլդ համարներ», «Օրինաց երկիր» կուսակցություն, հայկական դրամ, երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ): Ինչեւէ, տարբեր ժամանակների հայ չինովնիկների «Լայնս», «Զումա» եւ նմանատիպ այլ վիրտուալ խաղերով խիստ տարվելը բերեց այն բանին, որ վերջիններիս թվաց, թե իրականում իրենք նույն հաջողությամբ կարողանում են հաղթահարել այն դժվարություններն ու խնդիրները, որոնք նրանք տարիներով հաղթահարում էին վիրտուալ «մի աշխարհից մյուս աշխարհն անցնելով»: Եվ այդ մեծ սերը դեպի վիրտուալ աշխարհ, մթագնեց անգամ այն հանգամանքը, որ մերոնք չնկատեցին, որ «Մատրիցա» ֆիլմի 2-րդ եւ 3-րդ մասերն այլ անվանում էլ ունեին եւ, համապատասխանաբար կոչվում էին՝ «Մատրիցա վերագործարկում» եւ «Մատրիցա հեղափոխություն»: Այսինքն` նրանք չհասկացան, որ եթե չափն անցնում ես, հեղափոխություն կարող է լինել անգամ վիրտուալ աշխարհում: Թեեւ հասկանալի է, թե ինչու էին մեր իշխանությունները համոզված, որ Հայաստանում հեղափոխություն հնարավոր չէ. ով էլ նմանատիպ վիրտուալ ընդդիմություն ունենա` չի հավատա: Բայց այստեղ մի հանգամանք հաշվի չէր առնվել` ժողովուրդը վիրտուալ չէ: Բայց, որ Հայաստանը երկար ժամանակ ապրում էր վիրտուալ կյանքով` դա փաստ է, որովհետեւ մեր երկրում վիրտուալ կայունություն էր, որը, պարզվեց, կարող է քանդվել ընդամենը մի քանի «նեյրոլինգվիստիկ» բառեր օգտագործելուց հետո: Տնտեսության մրցակցությունը վիրտուալ է, որովհետեւ անգամ մանկապարտեզի երեխան ձեզ կպատմի, թե ով է Հայաստան ներկրում շաքարը, ձեթը եւ ալյուրը, ով` շինանյութը, ով` ավտոմեքենաները, ով՝ դեղերը, ով` վառելիքը, եւ այլն: Բոլոր այդ ներկրողներն իրենց «ձիերը վաղուց ներկել են կարմիր գույնով», եւ մնացած բոլորին ասում են. «Ով որ ունի այսպես ձի, թող գա ինձ հետ նա մրցի»: Այ, այսպիսի վիրտուալ մրցակցություն:
Էլ չենք խոսում բազմաթիվ եւ բազմակուսակցական բնույթի վիրտուալ հակակոռուպցիոն հանձնաժողովների մասին: Այս հանձնաժողովներն արդեն ոչ թե վիրտուալ, այլ` ֆանտաստիկ բնույթի էին, որովհետեւ անգամ Ռոբերտ Քոչարյանի սիրած գրող-ֆանտաստ Ժյուլ Վեռնի մտքով չէր անցնի նմանատիպ գործ գրել, ինչպիսին մեր հակակոռուպցիոն հանձնաժողովների գործունեություններն էին:
Վիրտուալ չէին միայն շատ իշխանավորների, նրանց շրջապատի ու երեխաների «կայֆերը»: Վիրտուալ չէին նաեւ իշխանավոր քավորների անգրագետ սանիկները, մականունավոր մարզպետերի ու «գժի թղթով» քաղաքապետերի «հերոսությունները»:
Ժամանակն է, որ մենք հասկանանք, որ բարձր տեխնոլոգիաներում մարդկային մտքի թռիչքները, այսինքն` այդ վիրտուալ ձեռքբերումները կոչված են ծառայելու մարդուն, ոչ թե ընդհակառակը: Իսկ դա կլինի միայն այն ժամանակ, երբ բոլորս դուրս գանք այն «Մատրիցայից», ուր ինքներս մեզ մտցրել ենք, եւ մեզ համոզել, որ մենք ամենախելոք, ամենաշնորհաշատ, բայց, միեւնույն ժամանակ, ամենադժբախտ ազգն ենք:
Մեծն Սեւակն ասել է. «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում»:
Այն պահից, երբ մեզանից յուրաքանչյուրն իրեն ոչ ոքից չգերադասի, մենք դուրս կգանք «Մատրիցայից»: Հակառակ դեպքում կստացվի այնպես, որ «մենք քիչ ենք, բայց մեզ դա էլ է շատ»: