Միայն հաճելի հուշեր

28/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Լրագրողներին սովորաբար մեղադրում են, որ նրանք գույների բազմազանության մեջ տեսնում են միայն սեւը, անգամ դրական երեւույթների մեջ գտնում են վատ նրբերանգներ, եւ, շեշտը դնելով դրանց վրա՝ փչացնում են այդ լավ երեւույթի արդյունքում ակնկալվող դրական ընկալումն ու էմոցիաները։ Սրանից դժգոհ են առաջին հերթին իշխանավորները, եւ անգամ փորձում են իրենց ձախողումների եւ թերացումների մեջ մեղադրել ԶԼՄ-ներին։

Ոչ թե ուղղակիորեն մեղադրում են, այլ ասում՝ եթե դուք այդքան բացասական բաներ չգրեք, ավելի լավ կլինի։ Որպես թարմ օրինակ՝ կարելի է նշել վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը՝ «168 Ժամին» իր նշանակումից օրեր անց տված հարցազրույցում։ «Կունենա՞նք արդյոք մենք հաջողություն, պայմանավորված է լինելու ձեր (նկատի ուներ ԶԼՄ-ներին.- Բ.Թ.) աշխատանքով՝ կվստահե՞ք դուք մեզ, կկարողանա՞ք համապատասխան ազդակներ հաղորդել հասարակությանը, որ մենք այն թիմն ենք, որը լծվել է այս գործին՝ հավատալով»,- ասել էր Տ. Սարգսյանը՝ կոչ անելով մամուլի միջոցով հանրությանը դրական ազդակ հաղորդել։

Հարցազրույցի ժամանակ կառավարության կազմը դեռ չէր հաստատվել, եւ, ի պատասխան դիտարկմանը, թե` ինչպե՞ս կարելի է փոփոխություններ ակնկալել, երբ ասպարեզում նույն մարդիկ են, Տ. Սարգսյանը հավաստիացրել էր, որ մարդիկ փոխվելու են աշխատանքի ընթացքում։ Հիմա կառավարության կազմն արդեն հայտնի է՝ նույն առանցքային դեմքերով, որոնք հազիվ թե ցանկանան փոխվել` դառնալ ավելի ազնիվ, օրենքի տառը հարգող, ներքին հեղափոխություն անել իրենց ներսում, ինչպես ասում է վարչապետը` հակադրվելով ժողովրդական հին իմաստությանը` կարմիր կովի եւ նրա մաշկի գույնի փոփոխության անհնարինության մասին։

Միամիտ կլինի հավատալ, որ Տ. Սարգսյանը վարչապետ է նշանակվել հենց այն բանի շնորհիվ, որ ցանկանում է եւ կարող է փոխել մարդկանց։ Դա ավելի շատ հոգեբանի, քան տնտեսագետի գործ է, իսկ Տ. Սարգսյանը ոչ թե պրոֆեսիոնալ հոգեբան է, այլ տնտեսագետ։ Ուրեմն` ո՞րն է Տ. Սարգսյանին ընտրելու գլխավոր պատճառներից մեկը՝ պրոֆեսիոնալիզմից բացի։ Այս հարցի պատասխանը պարզ է դառնում, երբ նայում ենք տնտեսական վերջին զարգացումներին։

Մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ձեռնարկվեցին որոշ քայլեր։ Այդ քայլերը մենք չտեսանք, բայց տեսանք դրա հետեւանքը` վաճառականները սկսեցին բողոքել, քանի որ ավելի շատ մաքսեր են վճարելու։ Եթե «պետականամետ ճշտով» ենք նայում, ստացվում է` նրանց բողոքն արդարացի չէ։ Կառավարությունն ասում է` օրենսդրական ոչ մի փոփոխություն չի եղել` անուղղակիորեն խոստովանելով, որ նախորդ տարիներին մաքսային կառույցի «անփութության» պատճառով մաքսային արժեքները թերագնահատվել են, եւ բյուջեն կրել է առանձնապես խոշոր չափերի վնասներ։ Փաստորեն, հիմա որոշել են աշխատել օրենքով, ինչը հարուցել է առեւտրով զբաղվող մարդկանց զայրույթը. ոչ ոք չի ուզում ավելի շատ վճարել։ Ստացվում է` նրանք բողոքում են լավ բանի` ստվերի դեմ պայքարի դեմ։ Իսկ արդյո՞ք նրանք սխալ են` «լավ բանի» դեմ բողոքելով։ Երեւի` ոչ։ Ժամանակին Հարկային պետական ծառայության նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ցանկության դեպքում կարելի է խախտումներ գտնել գրեթե բոլոր խանութներում եւ փակել դրանք, սակայն իրենց խնդիրը մարդկանց բիզնեսին վնասելը չէ։ Կան դեպքեր, երբ օրենքը կիրառելուց ստացված օգուտն ավելի քիչ է լինում, քան դրա պատճառած վնասը։ Այս մասին սովորաբար չեն խոսում, բայց բոլորն են գիտակցում` ամեն մեկը՝ սեփական շահերի տեսանկյունից։ Օրինակ, վարորդը կարող է դժգոհել ճանապարհային ոստիկանի կամայականություններից, բայց նրան ավելի ձեռնտու է 1000 դրամ դնել ոստիկանի գրպանը, քան 5000 դրամ տուգանք վճարել։

Կա եւս մի խնդիր, որի մասին չեն խոսում, բայց մտածում են. արդեն գրպանված փողերին ձեռք տալը սխալ է։ Այսինքն` «կապիտալի նախասկզբնական կուտակման» պատմությունը քչփորելը վտանգավոր գործ է. շատ քչերին է մեր երկրում հաջողվել գործել օրենքի շրջանակներում եւ դառնալ միլիոնատեր։ Եթե սկսեն ուսումնասիրել անխտիր բոլոր խոշոր գործարարների փողերի ծագումը եւ պատժեն, ապա տնտեսությունը կփլուզվի։ Որքան էլ ոչ հաճելի հնչի, մեր տնտեսության հիմնական դերակատարները կամ «սյուները» հենց օլիգարխներն են։ Ուրիշ բան, որ «դոսյեներ» կան բոլորի վրա, եւ անհնազանդության դրսեւորումների ժամանակ դրանք ծառայում են որպես զսպաշապիկ։ Այլ հարց է, որ կարելի է ստիպել այսուհետ աշխատել օրինական դաշտում, եթե, իհարկե, առանձնապես ծանր հանցանքներ չեն գործել։

Սակայն այստեղ կա մի նրբություն. վերը նշվածը վերաբերում է գործարարներին, ոչ թե պետական չինովնիկներին։ Մանր ու միջին գործարարների դեմ լայնածավալ «հակաստվերային պայքար» սկսելուց առաջ վատ չէր լինի, եթե հրապարակայնորեն պատժեին այն մաքսավորներին, որոնց պատճառով բյուջեն վնասներ է կրել։

Ինչ վերաբերում է խոշոր գործարարներին, ապա պարզ չէ, ո՞ւմ են ասել` լավ, հերիք է գերշահույթներ ստանաս, սրանից հետո նորմալ մուծումներ կանես։ Մաքսային պետական կոմիտեն հրապարակել է 2008թ. առաջին եռամսյակի` պետբյուջե առավել խոշոր վճարումներ կատարած 100 սուբյեկտների վերաբերյալ առաջին տեղեկանքը։ Միայն հաջորդ նույնատիպ տեղեկանքի հրապարակման ժամանակ կերեւա` որքանով է նրանց հաջողվել իրենց մեջ «ներքին հեղափոխություն» անել։ Իսկ առայժմ, չնայած վերը նշված հանդիպման ժամանակ ասվում էր, որ բեռը չպետք է ընկնի միայն մանր եւ միջին գործարարների վրա, սկսել են հենց նրանցից։ Բայց տուժելու են ոչ միայն հազարավոր վաճառականները, այլեւ բոլորը. որքան բարձր լինի նրանց ներկրած ապրանքների մաքսային արժեքը, այնքան թանկ են լինելու նրանց վաճառած ապրանքները։ Փաստորեն` մեզ սպասվում է գնաճի հերթական ալիքը։

Մյուս կարեւոր խնդիրը գազի գինն է։ Մայիսի 1-ից գազի գինը մոտ 1.5 անգամ բարձրանալու է թե՛ բնակչության, թե՛ խոշոր սպառողների համար։ Շղթայական ռեակցիայով, սա եւս առաջ է բերելու գնաճ` վառելիքի, սննդամթերքի, ՀՀ-ում արտադրվող գրեթե բոլոր ապրանքների համար։ Փաստորեն ունենալու ենք աղետալի գնաճային ճնշումներ. դա դաժան իրականություն է եւ թաքցնելն անիմաստ է, որքան էլ փորձենք «դրական ազդակներ հաղորդել»։

Իշխանություններն այստեղ, հատկապես գազի հարցում, կարելի է ասել, շատ քիչ մեղք ունեն, ռուսներն են գները բարձրացնում։ Մաքսայինի դեպքում մի քիչ այլ է` կարելի էր մեխանիզմներ մշակել, որպեսզի դժգոհությունը մեծ չլիներ։ Պարզապես այս դեպքում էլ 2.5 միլիարդ դոլար նախատեսված բյուջեն լցնելու խնդիր է առաջանում։ Սակայն խնդիրն այն է, որ հասարակության մի ստվար հատվածի համար արդարացումները համոզիչ չեն, նրանք մեղադրում են նոր իշխանություններին։

Իշխանությունները գիտեին, որ այսպես էլ պետք է լիներ, որ գազի գինը բարձրանալու է, թոշակը բարձրացնելու համար էլ հարկավոր է գործարարին նեղել։ Սրսկումը հիվանդին օգնում է, բայց սրսկելիս միշտ էլ ցավ է պատճառվում։ Փաստորեն, իշխանություններին պետք էր այնպիսի վարչապետ, որը «կսրսկի», չի խուսափի ցավ պատճառող, ոչ պոպուլիստական քայլեր կատարելուց։

Այս ենթատեքստում Տիգրան Սարգսյանից ավելի հարմար թեկնածու չկա։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա միշտ եղել է քննադատության գլխավոր թիրախներից մեկը` փոխարժեքի պատճառով։ Եվ, ինչպես արդեն մի անգամ նշել ենք, չի խուսափել պատասխաններից, չի ասել` խնդիր չկա։ Հակառակը` բացահայտ հայտարարել է, որ եթե դրամի արժեւորման արդյունքում ներքին արտադրողը տուժում է, դա արտադրողի մեղքով է` թող նոր տեխնոլոգիաներ կիրառի, որ մրցունակ մնա, դա պետության խնդիրը չէ։ Այժմ նա ստիպված է լինելու արդարացնել կառավարության քայլերը` արդեն որպես վարչապետ։

Չի բացառվում, որ ներկայիս կառավարությունը գիտի իր անելիքը, համոզված է, որ այս թեկուզեւ ցավոտ քայլերը երկարաժամկետ հեռանկարում լավ արդյունքի են բերելու։ Այլ կերպ ասած` Տիգրան Սարգսյանն այժմ «սրսկող» բժշկի դերում է։ Սակայն դժվար է ասել` սրսկելուց հետո, երբ հիվանդը սկսի ապաքինման նշաններ ցույց տալ, արդյո՞ք հիվանդանոցի տնօրինությանը կշարունակեն հետաքրքրել նրա ծառայությունները։ Ո՞վ կարող է համոզված լինել, որ «սրսկողին» չեն ուղարկի վաստակած հանգստի` եւ հիվանդին չեն տեղափոխի մեկ այլ բժշկի հսկողության տակ, որը մինչ այդ ժամանակավոր արձակուրդում էր։ Նման դեպքերում, երբ հիվանդը դուրս է գրվում, շնորհակալություն հայտնում է այն բժշկին, ով իրեն դուրս գրեց։ Իսկ սրսկող բժշկի մասին կամ չեն հիշում, կամ էլ հիշում են միայն նրա պատճառած ցավը։